Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթը Ազգային ժողովում նման էր հեքիաթասացության։ Հատկապես զվարճալի են «տնտեսության առողջացման» մասին նրա հայտարարությունն ու բերված օրինակները։
Զվարճալի է, քանի որ այդպես էլ չհասկացվեց՝ ինչի՞ց էր առողջանում տնտեսությունը։ Հավանաբար «թավշյա, ոչ բռնի» հեղափոխությունից, որի մասին հայտարարում էր վարչապետը՝ «ավետելով» ներդրումային եւ զբոսաշրջային «բում» եւ վերջնարդյունքում՝ թռիչքային զարգացում։
Ինչպես երեւում է, հակառակը տեղի ունեցավ՝ տնտեսությունը հիվանդացավ։ Դատելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից, հիվանդությունը բավական ծանր է, որի առողջացումը երկար ժամանակահատված եւ ջանքեր կպահանջի, եթե իհարկե բուժող լինի։ Այդ դերում սակայն ներկայիս վարչապետին ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել։
Հերթական անգամ հարձակումներ գործելով մեր արդյունաբերության խոշորագույն ճյուղի՝ հանքարդյունաբերության վրա եւ ոչինչ չասելով այդ ճյուղի որակական զարգացման ու դրա հիման վրա արտադրություն ստեղծելու մասին, Նիկոլ Փաշինյանը փորձեց իր ասածը հիմնավորող ելքեր գտնել այլ ճյուղերում։ Իհարկե անհաջող։
Օրինակ, նա հիշատակեց թեթեւ արդյունաբերությունը, որի առաջանցիկ տեմպով զարգացումը բարեբախտաբար սկսվել է նախքան տնտեսության հիվանդանալը եւ որի իմունիտետը դեռեւս դիմակայում է «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության վարակին։ Հետևաբար` այստեղ արձանագրվող զարգացումներն ընդհանրապես կապ չունեն ներկա կառավարության եւ վարչապետի հետ։
Դրան էլ ավելացրած, այս ոլորտի ծավալները տասնապատիկ զիջում են նույն հանքարդյունաբերությանը եւ այլընտրանք նրան չեն կարող լինել այդ առումով։ Միաժամանակ թեթեւ արդյունաբերությունն այլընտրանք չէ նաեւ այն առումով, որ հանքարդյունաբերությունում հիմնականում տղամարդկանց աշխատուժն է ներգրավված, իսկ թեթեւ արդյունաբերության մեջ՝ կանանց։
Տնտեսության իբր թե առողջացման համար որպես «հիմնավորում» բերված առավել զավեշտալի օրինակը շինարարության աճի մասին հիշատակումն էր։ Պարզվում է, որ շինարարության մեջ սեպտեմբեր ամսին գրանցված 3,5 տոկոս աճը կարելի է համարել այդպիսի հիմնավորում։
Թերեւս արժե առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել շինարարության ոլորտում այս տարի, եւ ինչ է տեղի ունենում հիմա՝ հասկանալու համար, թե 3,5 տոկոս աճը տնտեսության առողջացմա՞ն, թե՞ հիվանդության քրոնիկ դառնալու մասին է վկայում։ Անդրադառնանք ցուցանիշներին։
Քանի որ վարչապետը համեմատել է 2018-ի սեպտեմբերը 2017-ի սեպտեմբերի հետ, ներկայացնենք պատկերը ըստ ամիսների՝ սկսած հունվարից։ 2018-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ շինարարությունն աճել է 13,9 տոկոսով, փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 25,1 տոկոսով, մարտին նախորդ տարվա մարտի համեմատ՝ 23,2 տոկոսով։ Առաջին եռամսյակի տվյալներով, շուրջ 10 տարի անկում ապրող շինարարությունն արձանագրել էր 23 տոկոս աճ՝ 2017-ի առաջին եռամսյակի համեմատ։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում