ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը այցելել են տարածաշրջան, որի արդյունքում համատեղ հայտարարություն են տարածել:
Այցի հիմնական նպատակն էր քննարկել Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների զրույցի արդյունքները, գծանշել Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացում հետագա քայլերը և ընդհանուր առմամբ տեղերում գնահատել իրավիճակը։
Հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 1-ին համանախագահները հանդիպել են համապատասխանաբար Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են անցկացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ։ Հոկտեմբերի 30-31-ը համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ և այցելել Աղդամ ու Քելբաջար։ Հոկտեմբերի 31-ին շփման գծում՝ Աղդամի մոտ, նրանք մասնակցել են ԵԱՀԿ հրադադարի մոնիթորինգին: Բաքվում համանախագահները հանդիպել են հակամարտության հետևանքով տուժածների հետ ։ Նրանք նաև իրավիճակը քննարկել են ԿԽՄԿ և ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի ներկայցուցիչների հետ։
Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահների հետ հանդիպումներում երկրների առաջնորդները հաստատել են, որ Դուշանբեում իրենց հանդիպումից հետո լարվածությունը շփման գծում նվազել է։ Համանախագահները նաև լրացուցիչ տեղեկություններ են ստացել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում հաղորդակցության ուղղակի կապի հաստատման վերաբերյալ:
Համանախագահները ողջունել են այս զարգացումները և կողմերին կոչ են արել կառուցողական քայլեր ձեռնարկել, ինչպես նաև աջակցություն են հայտնել կողմերի՝ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությանը: Համանախագահներն ընդգծել են վստահության մթնոլորտը պահպանելու կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բանակցություններն ակտիվացնելու համար:
Արտգործնախարարները համաձայնել են մինչև տարեվերջ հանդիպում ունենալ:
Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա և կզեկուցեն ԵԱՀԿ Մշտական խորհրդին և Մինսկի խմբի անդամներին, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ