Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» նկատմամբ համաներում հայտարարելու հանգամանքը` վտանգավոր նախադեպ. «Ժամանակ»

Նոյեմբեր 03,2018 11:33

Այս իմաստով հետաքրքրական է «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում հայտարարելու հանգամանքը։ Մի կողմից՝ վարչապետ Փաշինյանը նշում է, թե դա արվում է հանրային համերաշխության համար, մյուս կողմից, սակայն, ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որ վաղը զենքով հարց լուծելու հնարավորություն է տրվելու նաև մյուսներին՝ մի օր համաներում ստանալու ակնկալիքով։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ պետք է ֆիքսել՝ բռնությունը քաղաքականության մեջ չպետք է տեղ ունենա: «Անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, թե վերջերս տեղի ունեցած միջադեպին։ Կապ չունի, թե դա ինչ դրդապատճառներ ունի, և ես կարծում եմ՝ այդ իմաստով կառավարությունն ունի ամենախիստ դիրքորոշումը։ Փաշինյանը նշել է, որ կլինի ամենակոշտ հակադարձումը։ Ինչ վերաբերում է համաներմանը, ապա պետք է հասկանալ, թե ինչքանով են հաստատվում դրա դրույթներն ու ձևակերպումները, նոր եզրակացություններ անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը շարունակում է. «Բոլոր դեպքերում՝ եթե անձը սպանության մեջ մեղադրվում կամ կասկածվում է, ապա նրա վրա համաներումը չպետք է տարածվի։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ կոնկրետ «Սասնա ծռերի» մասով կարևոր է տուժողների իրավահաջորդների կարծիքը, և հանրային համերաշխություն ասելով պետք է հասկանալ, որ նրանք էլ են հանրության մաս։ Չպետք է մոռանանք, որ տուժողների իրավահաջորդները ևս հանրության մաս են և ևս պետք է մաս կազմեն այդ հանրային համերաշխությանը։ Մյուս կողմից էլ՝ որոշ անձանց կողմից լսում ենք, որ եթե պետք լինի՝ մի հատ էլ զենք կվերցնեն, այսինքն՝ այստեղ լուրջ խնդիրներ կան, ու չեմ կարծում, թե ամեն ինչ այդքան միանշանակ է»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ սոցիալապես բավականին բևեռված հասարակություն ունենալու դեպքում կառավարության շենքերի անվտանգությունը պետք է խստագույնս ապահովել: «Ես, օրինակ, կարծում եմ, որ և՛ Ազգային ժողովի, և՛ Բաղրամյան 26-ի տարածք ազատ ելումուտ անելը շատ սխալ քայլ է։ Իհարկե, Հայաստանը ոչ Ռուսաստան է, ոչ ԱՄՆ, որ իշխանությունները վախենան ազատ ելումուտից, բայց մենք մի շատ բացասական կողմ ունենք՝ բևեռված հասարակություն ու բնակչություն։ Ինչպես գիտեք՝ բնակչության մեծ մասը մեզ մոտ սոցիալապես շատ վատ վիճակում է։ Իսկ սոցիալապես շատ վատ վիճակում գտնվող մարդիկ կարող են այդպիսի խնդիրներ ստեղծել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է համաներմանն ու ինչ-որ խմբավորումների կողմից իշխանություն զավթելու փորձերին մասնակցած մարդկանց նկատմամբ մեղմ վերաբերվելուն, Համբարյանը նկատեց. «Իհարկե, դա կարող է իր բացասական հետևանքներն ունենալ, որովհետև եթե ինչ-որ բան կարելի է իքսին, ապա ինչո՞ւ չի կարելի իգրեկին, և դա շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել մեզ համար»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930