Ելույթի տնտեսական մոտեցումները լուրջ տնտեսական վերլուծության կարիք ունեն, բայց մենք մեր ընթերցողների հետաքրքրություններն իմանալով` կանգ առնենք Ջոն Բոլթոնի հայտարարությունների վերաբերյալ պատգամավորների հարցերին Փաշինյանի պատասխանի վրա: Թե ինչ է ասել Բոլթոնն իր հարցազրույցներում, կամ ինչ եզրահանգում են անում լրատվամիջոցները նրա այս կամ այն ասածի վերաբերյալ` Փաշինյանը խորհուրդ էր տալիս շատ չկարեւորել, քանի որ Բոլթոնի հետ պաշտոնական հանդիպումներում նման բաներ չեն ասվել: Իսկ այն, ինչ ասվել է` մասնավորապես իր հանդիպմանը Բոլթոնի հետ` Փաշինյանին թույլ է տալիս դիվանագիտական նվաճում անվանել, որի բովանդակությունը կիմացվի իր ժամանակին:
Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանելիս նա ասաց, թե «Տարածքներ անվտանգության դիմաց» մոտեցումը նրան ժառանգություն է մնացել նախկին իշխանություններից, սակայն չի կարող լինել հարցի այնպիսի լուծում, որը վնասի Հայաստանի ու Արցախի շահերին, դա պարզապես հնարավոր չէ: Առհասարակ` հիմա համագործակից բոլոր պետությունները պետք է սովորեն այն վիճակին, որ ինչպես իրենք են ելնում իրենց շահերից, Հայաստանն ու Արցախն էլ իրենց շահերից պիտի ելնեն: Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանի պատկերացումն առանց նախապայմանների է: Բայց դա չի նշանակում զիջում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Ավարտելով իր ելույթը` Փաշինյանը նշեց, թե ի վիճակի են ապահովել ընտրությունների 100 տոկոս օրինականություն, որպեսզի ընտրությունների արդյունքները ձեւավորվեն ժողովրդի կամարտահայտության արդյունքում, որ դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունը նաեւ դե յուրե վերադարձվի:
Սակայն եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն, արդեն արձակված Ազգային ժողովը ական դրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների տակ` հին Ընտրական օրենսգիրքը թողնելով ուժի մեջ, ապա լարվածությունից զերծ «դե յուրեն» դեռեւս դժվար է պատկերացնել: ՀՀԿ-ն, որ արձակված Ազգային ժողովի հետ կարծես թե առայժմ հանգստի է կոչվում, իրականում կարողացավ պահպանել այն արատավոր ռեյթինգային կարգը, որով տեղերի խաժամուժը կարողանում էր զանազան փողատերերին անցկացնել Ազգային ժողով: Սա կարելի է համարել ՀՀԿ վրեժխնդրությունը Նիկոլ Փաշինյանից, քանի որ խաժամուժը ոչ մի տեղ չի գնացել, էլի տեղերում է, փողատերերն էլ, մանավանդ նրանք, որոնք ունեցվածքով պարտական են ՀՀԿ տանիքին, էլի կարող են թաքնված ու անցյալում լավագույնս փորձարկված մեթոդներով իրենց սեւ գործը տեսնել: Մարզերում, գյուղերում այնքան էլ միանշանակ չէ, մանավանդ` Փաշինյանի աջակիցները տեղերում ճանաչելի մարդկանց խնդիր ունեն: Մի բան փաստում ենք` նոր Ընտրական օրենսգրքին դեմ քվեարկողները ընտրությունների ժամանակ մեր գյուղական բնակավայրերում հատկապես լարվածության ու բախումների պատասխանատվությունն իրենց վրա վերցրին:
Ամեն դեպքում` գործընթացը ճամփա ընկավ, ներկա Ազգային ժողովն արդեն պատմություն է դառնում, իսկ նորի մասին առաջին կանխատեսումները կարելի կլինի անել ընտրություններին մասնակցության մասին հայտարարություններից եւ ընտրացուցակները հրապարակելուց հետո:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում