Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ բռնաբարության փորձ, երբ գյումրեցի տաքսու վարորդը ռուս կնոջ բնակարանի տեղն անգամ չգիտի»․ փաստաբանի պարզաբանումը

Նոյեմբեր 03,2018 11:22

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացի Ե. Դ.-ին բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով կալանավորվել է գյումրեցի 28-ամյա մի երիտասարդ, որը տաքսու վարորդ է։

Ըստ ոստիկանության տեղեկատվության, «Մուշ» բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացի Ե. Դ.-ն, հայտնելով, որ վաղ առավոտյան իր դուռը թակել են, բացել է ու առանց նայելու, թե ով  է, մտել  է բաղնիք։ Իր հետևից բաղնիք է ներխուժել  անծանոթ մի երիտասարդ ու դանակի սպառնալիքներով փորձել բռնաբարել իրեն։ Այնուհետ տարել է ննջարան, ռուս կինը վատացել է, անծանոթ տղամարդը գնացել է խոհանոց՝ ջուր բերելու, այդ ընթացքում կինը հասցրել է փախչել  տնից։

Գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ իր պաշտպանյալին անհիմն են կալանավորել, քանի որ նա ոչ մի առնչություն չունի այս դեպքի հետ, ավելին, նա անգամ այդ կնոջ բնակարանի տեղը չգիտի։

Ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը նրա հետ առնչվել է ընդամենը մեկ անգամ սեպտեմբերին, երբ ռուս կինը «Յանդեքս» տաքսի է պատվիրել։ «Իմ պաշտպանյալը «Յանդեքս» ծառայության միջոցով տաքսի է վարում։  2018 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ մոտ երկու ամիս առաջ, այդ  կինը տաքսի է պատվիրել, իմ պաշտպանյալը մոտեցել է «Մուշ» թաղամասի նրանց շենքի մոտ, չի գիտեցել անգամ, թե որ շքամուտքից է դուրս եկել։ Կինը խնդրել է իրեն տանել քաղաքի կենտրոնական դեղատուն։ Այդ կնոջ հեռախոսահամարը ֆիքսվել է, քանի որ իմ պաշտպանյալը հստակ չի իմացել, կենտրոնական դեղատունը ո՞ր մեկն էր՝ Ռիժկովի ճեմափողոցի, թե՞ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվողը, կապի միջոցով հարցրել է՝ կներեք, ես ձեզ ճիշտ տե՞ղն եմ տարել, թե՞ ոչ։ Այդ ընթացքում մեկ- երկու անգամ «WhatsAPP»-ով, ընկերանալու նպատակով գրել է նրան, բայց տեսնելով, որ ամուսին ունի, չի արձագանքում, այլևս որևէ կապ չի պահպանել։ Այսքանով է եղել  նրանց առնչությունը։ Ընդամենը մեկ անգամ է տեսել նրան, նույնիսկ չգիտի, թե «Մուշ» թաղամասի այդ շենքի որ շքամուտքում, որ բնակարանում է բնակվում տուժողը», -ասաց փաստաբանը։

Նա ներկայացրեց, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի առավոտյան 8․30-ին, սակայն տուժողը ոստիկանության «Մուշ» բաժին է դիմել դեպքից վեց ժամ անց՝ 14․20-ին։ Ու քանի որ կնոջ մոտ «WhatsAPP»-ով պահպանված է եղել տաքսու վարորդի լուսանկարը, այն տրամադրել է ոստիկանությանը։ Ոստիկանները գյումրեցի երիտասարդ տաքսու վարորդին մոտեցել են գազալցակայանում, երբ նա ընկերոջ հետ վերջինիս մեքենայի համար գազ է լիցքավորել։ Նրան հրավիրել են ոստիկանություն, երբ հետաքրքրվել է՝ ինչո՞ւ, ասել են՝ կպարզաբանենք ոստիկանությունում։

«Հոկտեմբերի 29-ին, ժամը 16․00-ին հրավիրում են ոստիկանություն վկայի դատավարական կարգավիճակում, ոչ որպես կասկածյալ, հարցաքննում են, կատարում են առերես հարցաքննություն տուժողի հետ, որի ընթացքում նա, բնականաբար,  հերքել է իր առնչությունը։ Ես այս գործում ներգրավվել եմ, երբ նրան ձերբակալել են, հոկտեմբերի 29-ի, լույս 30-ի գիշերը։ Քննչական գործողությունները կատարել են, ձեռք են բերել այնպիսի ապացույցներ, որոնք բխում են միայն տուժողի ցուցմունքներից և դրա հիման վրա ձերբակալել են անձին։ Ձերբակալել են այն հիմնավորմամբ, թե նա կրող է դիմել փախուստի։ Ինչպե՞ս կարող է դիմել, երբ նա դեպքի մասին հաղորդումից հետո վեց ժամ շարունակ գտնվել է իր ընկերոջ հետ՝ առօրյա գործերով։ Վեց ժամ հետո առաջարկում են գնալ ոստիկանություն ու ասում են՝ կարող է դիմել փախուստի»,- ասում է փաստաբանը։

Էդգար Թումասյանը նաև ասաց, որ իր պաշտպանյալի հարազատները՝   ծնողները, եղբայրը, քույրը, երկու ընկերները պնդում են, որ նա հոկտեմբերի 29-ին, ժամը մինչև 11․30-12․00-ը տանն է գտնվել, նույնիսկ ընկերը զանգահարել է, թե գամ հետևիցդ, ասել է՝ դեռ պառկած եմ։  Ըստ փաստաբանի, արդեն իսկ հիմնավորված է, որ նա աշխատանքի դուրս չի եկել որպես տաքսու վարորդ, քանի որ մեքենան վթարի է ենթարկվել ու իր գործերը կարգավորելու համար շրջել է ընկերոջ մեքենայով։ Այդ մեքենայով հոգեհանգստի արարողության են գնացել, նշանածի հետ մի քանի ռեստորանային համալիրներում են եղել, որպեսզի պարզեն հարմարությունները ու որոշեն՝ որտեղ նշեն հարսանիքը։ Մի խոսքով, նա նախորդ օրը ժամը 21-ի սահմաններում եկել է տուն ու տանն է գտնվել հաջորդ օրը մինչև 11․30- 12․00 սահմաններում։

Էդգար Թումասյանն ասում է, որ  քննիչը դատարանում որպես կասկածը հիմնավորող տեղեկություն  ներկայացրել է միայն տուժողի  մասնակցությամբ  փաստաթղթեր ու կատարված այլ  քննչական ու դատավարական գործողության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն իր պաշտպանյալի առնչությունը դեպքին հիմնավորել է տուժողի մասնակցությամբ կատարված գործողություններով, իսկ ներկայացված մյուս ապացույցներով ուղղակի հիմնավորվել է, որ ինչ-որ դեպք է տեղի ունեցել։

Փաստաբանը դժգոհ է նախաքննական մարմնից, քանի որ, ըստ նրա, ունենալով երեք աշխատանքային օր, քննչական գործողություն կատարել են ընդամենը նոյեմբերի 1-ին, ընդ որում միայն կես ժամ․ մեղադրանք են առաջադրել և վերջ։ Մեր զրուցակիցն ասաց, որ ձերբակալումից հետո ինքը բողոք է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով ձերբակալումը։ Դատարանը բավարարել է իր միջնորդությունը՝ ձերբակալումը համարելով ոչ իրավաչափ։ Իր պաշտպանյալն արգելանքից ազատվել է հոկտեմբերի 30-ին, ժամը 19․00-ի սահմաններում։

«Քննիչը ժամանակային առումով ոչ մի կաշկանդվածություն չուներ 72 ժամվա ընթացքում հրատապ գործողություններ կատարելու, բայց 3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին չի ջանացել անգամ մեր կողմից ներկայացված վեց անձանցից գոնե մեկին հարցաքննելու։Վարկած ենք առաջ քաշել, օպերատիվ տեղեկություն ենք տրամադրել, դա էլ չեն ստուգել ու անհապաղ մեղադրանք են առաջադրել։ Դիմել ենք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ ակնկալելով օբյեկտիվ քննություն։ Թեև  այս պահին վարույթն  իրականացնող մարմինն ու Շիրակի մարզի դատախազությունը, միգուցե այս ամենը տեսնելով, մեր նշած վարկածն առաջ քաշելով  որոշակի քննչական գործողություն կատարե՞ն։ Մենք չենք քննարկում ապացույցները բավարա՞ր են, թե՞ ոչ,  իմ պաշտպանյալը ոչ մի առնչություն չունի»,- ասում է փաստաբանը։

Իսկ թե ինչո՞ւ է ռուս զինծառայողի կինը նման հաղորդում տվել՝ նշելով հենց այս երիտասարդին, փաստաբանն ասաց, որ իրենք ունեն վարկած, օպերատիվ տեղեկություն, սակայն այս պահին գործի շահերից ելնելով՝ չեն հրապարակում։

«Երեկ մինչ իմ պաշտպանյալին մեղադրանք առաջադրելը, դա տրամադրել եմ քննիչին, օպերատիվ տեղեկություններ ենք մենք ձեռք բերել իրենց փոխարեն, իրենք չեն աշխատում, մենք ենք նրանց փոխարեն աշխատում, տրամադրել ենք վարկածը իրենց, խնդրել ենք ստուգել, որովհետև այդ վարկածը ստուգելու դեպքում միգուցե և հիմնավորվեն, թե որ կողմից է սուտ մատնություն կատարելու հանգամանքը։ Նախաքննական մարմնին առաջարկել ենք  մեր օժանդակությունը՝ թե՛ օպերատիվ տեղեկությունը ստուգելու, թե՛ նմուշներ վերցնելու, որպեսզի իրենք էլ հնարավորություն ունենան ճշմարտությունը բացահայտելու։ Մեզ էլ  է հետաքրքիր, թե այդ անձն ի՞նչ դրդապատճառով է սուտ մատնություն կատարում, մինչև վերջ պայքարելու ենք, որ ակնհայտ սուտ մատնությունը հիմնավորվի և տուժողը ենթարկվի քրեական պատասխանատվության։

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են հետքեր, որոնցով կարելի է նույնացնել ենթադրյալ հանցանք կատարած անձին։ Ես զրուցել եմ իմ պաշտպանյալի հետ, նրան պարզաբանել եմ՝ մեզ առաջարկում են նմուշներ տալ, ենթադրենք մազի, արյան, եղունգների,  հագուստի, եթե որևէ անգամ եղել է տուժողի բնակարանում, բնականաբար, այդ հետքերից գոնե մեկը համընկնում է։ Տեսեք, տուժողն ասել է՝  բաժակով ջուր խնդրեցի, բաժակով ջուր բերեց, բաժակը դեպքի վայրի զննությամբ վերցել են, վերցրել են մատնահետքերը։ Իմ պաշտպանյալը չվստահեցրեց, որ որևէ նմուշ տալուց չի խուսափում, քանի որ ինքն է շահագրգիռ, որպեսզի վերցնեն ու կատարեն բոլոր հնարավոր փորձաքննությունները թե՛ մատնահետքի, թե՛ հագուստի, թե՛մնացածի, քանի որ վստահ ենք՝ որևէ համընկնում չի կարող լինել»,-ասում է փաստաբանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Փաստաբանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930