Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկի տունն ու համարձակությունը. 23-ամյա Սաթեն արդեն հյուրատան տիրուհի է

Նոյեմբեր 03,2018 14:30

Ի՞նչ է հարկավոր հյուրատնային բիզնես սկսելու համար՝ կապիտա՞լ, գիտելի՞ք, ծանոթ-բարեկա՞մ: «Ամեն մեկի դեպքում տարբեր է»,- ասում է սկսնակ գործարար, 23-ամյա Սաթե Ավետիսյանը: Իր դեպքում վճռորոշը գաղափարն էր ու կամքը: Հա, մեկ էլ տունը: Դիլիջանում տունը կար, բայց ոչ ոք չէր համարձակվում այն վերածել հյուրատան: Սաթեն ասում է՝ իմանալով, որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, որոշեց բիզնես սկսել, բայց խոստովանում է՝ եթե տունը չիներ, տատիկի տունը, վստահ չէ, որ նույն համարձակությամբ կորոշեր մտնել այդ բիզնեսի մեջ:
Մոտ երկու տարի պայքարել է գաղափարն իրականություն դարձնելու համար. տունը կարգի բերեց ու անցավ գործի:

«Եթե ես ներքին զգացում ունեի, որ սա իրեն կարդարացնի, կողքից շատ ազդակներ կային՝ դե լավ, է, մրցակցությունը շատ է, շատ կան հյուրատներ, հյուրանոցներ, որոնք բավականին լավ ծառայություններ են մատուցում, չի ստացվի: Բայց ես կանգ չառա: Ու նշանածիս հետ սկսեցի բիզնեսը: Լեզուների իմ իմացությունն էլ կարեւոր հանգամանք էր այս բիզնես մտնելու համար, վստահ ու հանգիստ կարող ես աշխատել զբոսաշրջիկների հետ»,- ասում է Սաթեն:

Մինչ իր նշանածի տատիկի տունը կվերածեր հյուրատան, որոշ հանգամանքներ էլ էր հաշվի առել. «Չեմ խաբի, շարժառիթը նաեւ մի հիմնադրամի կենտրոնացվածությունն էր Դիլիջանում: Նրա ծրագրերն ու մի շարք կառույցների՝ Դիլիջանում գտնվելը: Այս հանգամանքները բավականին մոտիվացրին, որպեսզի առանց ռիսկային ֆինանսական միջոցների ներգրավման տունը վերափոխենք հյուրատան»:

Սաթեն ասում է՝ հյուրատունն արդեն սկսել էր աշխատել, երբ փորձել էր զբոսաշրջային բիզնեսի համար դրամաշնորհներ փնտրել: Ինչպես ասում են՝ ով փնտրում է, նա գտնում է. «Գտա Եվրամիության ծրագիրը, որն IDEA հիմնադրամն էր իրականացնում: Որեւէ սահմանափակում չկար, ընդամենը պետք էր բիզնեսի զարգացման համար խելամիտ առաջարկ, որը Դիլիջան համայնքում կապահովեր գոնե մեկ աշխատատեղ: Իմ ու նրանց շահերը համընկան: Հիմա ծրագրի շնորհիվ արեւային համակարգն ենք տեղադրել, էլեկտրաէներգիա ենք կուտակում, անգամ եթե հյուրատունը չաշխատի, էլեկտրաէներգիա ենք կուտակելու»:
Գործարարն ասում է՝ անընդհատ նոր ծրագրերի ու դրամաշնորհների փնտրտուքների մեջ է, առանց դրանց դժվար կլինի. վստահ ասում է՝ բիզնեսը զարգացնելու նոր միջոցներ կգտնի:

Սաթեն իր բիզնեսը սկսել է այս տարվա գարնանից, ասում է՝ ամեն ինչ սահուն ստացվեց, սրանից 2 տարի առաջ էլ թեթեւ բիզնես էր անում, իր անունով գրանցած անհատ ձեռներեցության, այսպես ասած՝ վկայականն ուներ, հաշվիչ դրամարկղային մեքենան՝ ՀԴՄ-ն, նույնպես. «Հարկային կառույցների հետ աշխատելու փորձ ունեի: Ընդամենը վերաբացել եմ Ա/Ձ-ն ու ՀԴՄ-ն էլ վերագրանցել: Խնդիր չեմ ունեցել. չգիտեմ՝ հեղափոխության հետ կապ ունե՞ր: Եվ կապ չունի՝ նախկին, թե ներկա իշխանություն կլիներ, միեւնույն է՝ գործը սկսելու էի»:

Բիզնեսը սկսելու առաջին օրերից իր համար լուրջ խնդիրը այդ տարածաշրջանում աշխատող գտնելն էր. «Խոհարար ու մաքրուհի էի փնտրում: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, բայց հյուրատնային բիզնեսում համապատասխան աշխատակից գտնելը դժվար է: Հյուրանոցներում գուցե ավելի հեշտ է»:

Սաթեն ասում է՝ մարդիկ ընդհանրապես հյուրատներին դժվար են վստահում. «Այսպիսի կարծրատիպ կա, սա հարցման արդյունքում եմ ասում, մտածում են՝ եթե հյուրատուն են գնում, պետք է որ մաքուր չլինի, հիգիենայի առաջնային պարագաները պետք է չլինեն: Մտածում են՝ դե, ինչ-որ տուն է, որտեղ մարդն ապրում է, ձեռքի հետ էլ հյուրեր ընդունում: Ես կոտրում եմ այդ կարծրատիպը»:

Հյուրատնային բիզնես կառավարելը, ինչպես ասում է Սաթեն, իր համար թեեւ նոր ու հետաքրքիր է, բայց իր մասնագիտությունը չէ, ինքն այլ մասնագիտություն ունի՝ մունիցիպալ կառավարիչ է, հյուրատնային բիզնեսից ոչինչ չգիտեր, ինչ հարցեր ունեցել է, այդ բնագավառում փորձ ունեցողներից է ճշտել: Սաթեն անձամբ է միջամտում աշխատանքներին, եթե հարկավոր է՝ խոհանոցում էլ խոհարարին օգնում է, եթե մաքրուհուն է պետք օգնել՝ օգնում է. «Որեւէ վարձու աշխատող, որքան էլ փայլուն աշխատող լինի, այնպես սրտացավ չի մոտենա գործին, ինչպես սեփականատերը: Դրա համար էլ հարկ եղած դեպքում օգնում եմ սնունդ մատուցելիս կամ այլ գործում»:

Սաթեն հիմա սոցիալական բոլոր հարթակներն օգտագործում է հօգուտ իր՝ «Պանորամա» անունով հյուրատնային բիզնեսի: Այս ճարպիկ գործարարը մշտապես հետեւում է ոլորտում իր մրցակիցներին, թե ինչ ծառայություններ ու գներ են առաջարկում. «Սա շատ կարեւոր է, միշտ պետք է նոր բաներից տեղյակ լինես, թե նմանատիպ հյուրատները ինչ են անում, ինչում են թերանում: Ու հետեւություն ես անում»:

Երիտասարդ, սկսնակ գործարարը նկատում է՝ միայն սեփական միջոցներ ու գաղափարներ ներդնելը բավարար չէ շատ զբոսաշրջիկներ ներգրավելու ու բիզնեսը ծաղկեցնելու համար, սա այն ոլորտն է, որ պետական միջամտություն է հարկավոր՝ գոնե ենթակառուցվածքներն ապահովելու համար: Զբոսաշրջիկներից դժգոհությունները շատ են լինում Դիլիջանի ոչ հարմարավետ ենթակառուցվածքներից: Սաթեն ասում է՝ զբոսաշրջիկը այցելում է Դիլիջան ոչ թե հյուրանոցի կամ հյուրատան իր սենյակում փակվելու համար, այլ տեսարժան վայրերում զբոսնելու, սար կամ անտառ գնալու. «Ճանապարհները հարմարեցված չեն, մայթեր գրեթե չկան, եղածներն էլ շատ նեղ են, մարդիկ չեն կարողանում քայլել: Այստեղ լուսավորությունը լուրջ խնդիր է: Ես անձամբ հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկներից շատ եմ լսել դժգոհություններ, որ երեկոյան ժամերին փողոցները մթության մեջ են: Պարզ լիճը ամեն տեղ գովազդում են: Բայց երբ օտարերկրացիները գեղեցիկ նկարներին նայելով գալիս են, Պարզ լիճ տանող ճանապարհի կեսից հիասթափվում են, ամբողջը քարուքանդ է, անձրեւոտ օրերին՝ ցեխ: Մի օտարերկրացու վստահեցրել էին, թե հեծանիվով հանգիստ կարող է հասնել Պարզ լիճ: Ճանապարհի կեսին մխրճվել է ցեխի մեջ, անանցանելի այդ ճանապարհը տեսնելուց հետո, պատկերացնո՞ւմ եք, նրա հիասթափությունը: Սա շղթայական ազդեցություն կունենա: Պարզ լիճը մասնավորի ձեռքում է, չեմ հասկանում՝ ի՞նչն է խանգարում այստեղ պետության եւ այդ մասնավորի համագործակցությանը, որպեսզի ճանապարհները բարեկարգվեն: Չէ՞ որ դա միայն զարգացման կբերի»:

Առայժմ ընդամենը 2 միլիոն դրամ ներդրում արած այս երիտասարդ կինը վստահեցնում է՝ հիմա միայն իր հյուրընկալությամբ է փոխհատուցում զբսաշրջիկների՝ ճանապարհային անհարմարությունները, ասում է՝ հյուրերը Ռուսաստանից, Գերմանիայից, Իսպանիայից են գալիս. «Ես շատ մեծ ծրագրեր եմ կազմում, որպեսզի ընդլայնեմ հյուրատնային իմ բիզնեսը: Բայց միայն առանձին գործարարների ջերմ ու հյուրընկալ լինելը բավարար չէ: Պետությունը, համայնքն էլ պետք է գումար ծախսեն, ներդրում անեն եւ քաղաքը հետաքրքիր ու հարմարավետ դարձնեն տեղացիների ու զբոսաշրջիկների համար: Ի վերջո, Դիլիջանը համարում են զբոսաշրջային կենտրոն, ուրեմն լուրջ ծրագրեր պետք է իրականացնեն այդ ուղղությամբ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

02.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930