Թավշյա եւ սիրո հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում ջախջախեց քրեաօլիգարխիկ համակարգը, ազգը փրկեց կործանումից, սակայն զավեշտալի երեւույթներ են տեղի ունենում մեր իրականության մեջ, որը նույնիսկ անտրամաբանական է: Հետաքրքիրն այն է, որ որոշ պետական քաղաքական գործիչներ, ակտիվ գործունեություն ծավալելով անցած իշխանության քրեաօլիգարխիկ համակարգում, այսօր կերպարանափոխվել են եւ սկսել են քննադատել դրանց քաղաքական ու տնտեսական համակարգը: Որպեսզի ասվածը կոնկրետացնեմ, 2010-2012թթ. Վայոց ձորի մարզպետ նշանակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, աշխատանքի ընթացքում ուսումնասիրելով կոռուպցիոն գործընթացը՝ անմիջապես սկսեց իր «փառավոր» գործունեությունը: ՀՀ կառավարությունը գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով շուկայականից ցածր գնով դիզելային վառելանյութ հատկացրեց մարզին, որից Ս.Բագրատյանը 197064 լիտրը (17735760 դրամ գումարով) տարբեր ճանապարհներով վաճառեց եւ գումարը յուրացրեց (տվյալները վերցված են քրեական գործից): Քանի որ նախկինում կոռուպցիան խրախուսվում էր եւ դրա մեջ Ս. Բագրատյանի ունեցած «մեծ» ներդրման համար նախկին արդարադատության համակարգը ազատեց քրեական պատասխանատվությունից, եւ իշխանությունը որպես «խրախուսում» նրան դարձրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ նրա փոխարեն քրեական պատասխանատվության ենթարկեցին հոդվածագրիս: Համոզված եմ, որ հոդվածս կկարդան նաեւ արդարադատության բնագավառի աշխատողները եւ պատրաստակամություն կհայտնեն վերանայելու այդ խայտառակ դատավարությունը: Այսօր տարբեր առիթներով Ս. Բագրատյանը Ազգային ժողովի ամբիոնից, հեռուստաեթերից հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդներ է տալիս, իսկ չկա մեկը՝ հարց տա վերոնշյալ պարոնին, իսկ ինչպիսի՞ն է եղել Ձեր անցած ճանապարհը: Ես լիահույս եմ, որ նորընտիր խորհրդարանը եւ նոր կառավարությունը ճիշտ կադրային քաղաքականություն կիրականացնի եւ պետական կառավարման համակարգում կբացառի նախկին իշխանության ժամանակ «փառավոր» ճանապարհ անցած կադրերին:
ԲԱԲԿԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ Վայոց ձորի
մարզպետարանի
Գյուղատնտեսության եւ բնապահպանության
վարչության նախկին պետ
«Առավոտ»
02.11.2018