Դսեղն ու Թումանյանը դեռ սպասում են
Սեպտեմբերի 10-ին Լոռու մարզի Դսեղ, Քարինջ եւ Թումանյան համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնասներ հասցրեց բնակչությանը: Մի քանի րոպեում հողին հավասարեցվեց ոչ միայն գյուղացու մեկ տարվա չարչարանքը, այլեւ վնասվեցին տարիների ընթացքում ստեղծած տան տանիքները, մեքենաներն ու անասունները:
Կարկուտից անմիջապես հետո համայնքներում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել ու մարզպետարան են ուղարկել հասցված վնասի չափերը: Այժմ էլ սպասում են փոխհատուցմանը: «Քարինջում վնասի չափը կազմել է մոտ 13 միլիոն դրամ: Այստեղ լուրջ խնդիր ունենք նաեւ կապված դպրոցի տանիքի հետ: Հաշվարկվել է, դպրոցի խնայողությունների միջոցով պատվիրվել է նախագիծ-նախահաշիվ, որը կազմում է մոտավորապես 12 միլիոն դրամ: Այսինքն, բնակելի տների հետ միասին ծրագրում կմտնի նաեւ դպրոցի մասնաշենքի տանիքի ամբողջությամբ վերանորոգման հարցը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:
Կառավարության կողմից սպասվող աջակցության փաթեթը Քարինջի մասով արդեն իսկ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Իսկ Դսեղ եւ Թումանյան համայնքներում դեռ սպասում են: «Այդ համայնքներում վնասները շատ մեծ են, ֆինանսական խնդիրներ կան, այսինքն, պետական բյուջեի ֆինանսների խնդիր կա: Չեմ կարող ասել, թե իրենց հարցն ինչ հերթականությամբ կլուծվի: Այս պահին առաջնահերթությունը եղել է Քարինջ համայնքինը, որովհետեւ եւ՛ առաջին ահազանգն է եղել, եւ՛ իրենց կողմից առաջինն է ներկայացվել»,- ասաց Արմեն Ջանազյանը:
«Առավոտ»
02.11.2018