Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեռ օդանավակայանից զգացի, որ մթնոլորտն ավելի հանգիստ է»

Նոյեմբեր 03,2018 13:00

Կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը
կրկին հանդես կգա հայրենիքում

Նոյեմբերի 6-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի համերգը: Նրան կնվագակցեն Մարգարիտա Գրիգորյանը եւ Նատալյա Մնացականյանը: Ծրագրում Մոցարտի ստեղծագործություններն են լինելու:

Նույն ծրագրով Ռուբենը եւ Նատալյան հանդես են եկել նաեւ Մոնրեալում: Ջութակահարը հավելեց, որ համերգը կձայնագրվի ճապոնական կողմի նախաձեռնությամբ: Նրանից տեղեկացանք, որ թողարկվել է նաեւ Խաչատրյանական CD եւ նոյեմբերի 1-ից վաճառքում է: Այնտեղ զետեղված Արամ եւ Կարեն Խաչատրյանների գործերը նվագում են ինքը եւ Նատալյա Մնացականյանը:

Նատալյա Մնացականյան

CD-ն թողարկել է հանրահայտ Brilliant Classics-ը: «Ուրախ եմ, որ կարողացա այդ խաչատրյանական երաժշտությունը նվագել որպես հայ ջութակահար»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Ռուբեն Կոսեմյանը: Նա տեղեկացրեց, որ որոշ համերգներ հետաձգել է Հայաստան գալու առիթով, քանի որ այս անգամ ավելի երկար է մնալու հայրենիքում:

«Իմ համագործակցությունը Ռուբեն Կոսեմյանի հետ շարունակվում է արդեն մի քանի տարի, այդ տարիների ընթացքում մենք պատրաստել ենք մեծ ու բազմաբնույթ երկացանկ, հաջողությամբ ելույթ ունեցել Կանադայի եւ Հայաստանի բազմաթիվ բեմերում, կատարելով տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ինձ համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուբենի հետ միասին ձայնագրված Արամ եւ Կարեն Խաչատրյանների ջութակի եւ դաշնամուրի համար ստեղծագործությունների ձայնասկավառակը։ Մենք շատ ենք սպասում նաեւ այս համերգին, ինչը հնարավորություն է մեր հայ հանդիսատեսին ցույց տալու վերջերս կատարած մեր աշխատանքը»,- ասաց Նատալյան։

Ռուբեն Կոսեմյանը նշեց, որ մտադիր է վարպետության դասեր անցկացնել հայաստանյան երաժշտական դպրոցներում, գուցե մի համերգ նվիրել մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակին:
Հարցրինք` չի՞ ցանկանում մասնակցել Երեւանում կազմակերպվող փառատոներին: «Ունեմ ցանկություն, սակայն դեռեւս նման առաջարկ չեմ ստացել»,-ասաց ջութակահարը: Ասաց նաեւ, որ մտադիր է համերգով հանդես գալ Գյումրիում:

Մարգարիտա Գրիգորյան

«Ռուբենին վաղուց եմ ճանաչում, շատ ուրախ եմ հանդես գալ նրա հետ, որովհետեւ հիանալի երաժիշտ է: Ռուբենը ինձ օգնում է, որպեսզի հետաքրքիր մեկնաբանենք ցանկացած գործ»,-ասաց Մարգարիտա Գրիգորյանը: Ջութակահարն էլ ընդգծեց, որ Մարգարիտայի հետ նվագելը ներդաշնակ է ստացվում, ինչը շատ կարեւոր է համատեղ ելույթի ժամանակ:

Ռուբեն Կոսեմյանից տեղեկացանք, որ ցանկություն ունի հանդես գալ նաեւ որեւէ նվագախմբի հետ, ասաց, որ այդ մասին մշակույթի նախարարության միջոցով տեղեկացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին էլ իմպրեսարիոյի միջոցով է տարիներ առաջ դիմել, սակայն երկու նվագախմբերից էլ արձագանք չի ստացել: Առաջիկա ծրագրերից էլ խոսեց, ասաց, որ «դրսի» պատվերով առաջիկայում պատրաստվում է ձայնագրել ջութակի 17 կոնցերտ:

Մեր զրույցի ժամանակ հայաստանյան վերջին իրադարձություններին էլ անդրադարձ եղավ: Ռուբեն Կոսեմյանը հայտնեց, որ կանադական մամուլը շատ լավ է անդրադարձել հայաստանյան հեղափոխությանը:

«Երբ եկա Հայաստան, դեռ օդանավակայանից զգացի, որ մթնոլորտն ավելի հանգիստ է»,-ասաց ջութակահարը: Հիշեցնենք, որ Ռուբեն Կոսեմյանն ամենասկզբում ուսանել է իր հոր՝ ճանաչված ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի մոտ։ Մասնակցել է վարպետության դասերի Լեոնիդ Կոգանի, Իգոր Օյստրախի, Տիբոր Վարգայի, Ռուբեն Ահարոնյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Իվան Մոնիգետիի, Դոմինիկ դը Վիլիենկուրի ղեկավարությամբ։ 2010 թվականից ապրում է Կանադայում, որտեղ նրա առաջին կանադական ելույթը տեղի է ունեցել դիրիժոր Նուրհան Արմանի եւ Sinfonia Toronto նվագախմբի հետ` հանրահայտ Glenn Gould Studio-ում, այնուհետեւ Koerner Hall-ում։ Որպես մենակատար Ռուբենը շարունակում է ելույթներ ունենալ տարբեր նվագախմբերի հետ` Կանադայում եւ արտասահմանում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930