Հունաստանի Պորտո-Կարրաս քաղաքում անցկացված 14, 16, 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը նվաճեց 16 տարեկանների չեմպիոնի կոչումը: Այսօր նա եւ Շանթի մարզիչ Արման Փաշիկյանը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Արման Փաշիկյանն ասաց, որ աշխարհի առաջնության բոլոր տարիքային խմբերում հավաքվել էին ուժեղ շախմատիստներ: Նրա խոսքով, մեր շախմատիստներն ընդհանուր առմամբ լավ հանդես եկան, իսկ Շանթ Սարգսյանը ամբողջ մրցաշարում հանդես եկավ վերելքով եւ 16 տարեկանների խմբում չեմպիոնի տիտղոսը նվաճեց առանց մրցակիցներին որեւէ շանս տալու: «Այս տարիքային խմբում Արթուր Դավթյանը եւ Տիգրան Սարգսյանը, որոնք լրացրին միջազգային վարպետի նորմա: Մենք մեծ սպասելիքներ ունեինք նաեւ երկրորդ գործակիցն ունեցող Արամ Հակոբյանից եւ Աննա Սարգսյանից, սակայն նրանց մոտ ցավոք, չստացվեց: Պատճառը, հավանաբար, ավելորդ լարվածությունն էր, իսկ Աննայի պարագայում նաեւ, գուցե, հոգնածությունը», – ասաց նա::
Շանթ Սարգսյանը առաջնությունը բնութագրեց անչափ լարված ու հետաքրքիր: Նա կարեւորելով բոլոր պարտիաները՝ ամենապատասխանատուն համարեց վերջին տուրը, որտեղ ոչ ոքին իրեն չեմպիոնություն էր բերում եւ ինչը նրան հաջողվեց: Առաջիկայում Շանթը մասնակցելու է համաշխարհային օլիմպիադային: Իսկ Aravot.am-ի հարցին, թե հեռանկարում ինչ նպատակներ ունի, պատանի չեմպիոնը ասաց՝ հաջող հանդես գալ բոլոր մրցաշարերում, անհատական վարկանիշը բարձրացնել, տեղ զբաղեցնել Հայաստանի ազգային հավաքականում, եւ ինչու չէ՝ դառնալ աշխարհի չեմպիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ