Երեկ ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով տնտեսական իրավիճակին, փաստեր է ներկայացրել, որոնք, ըստ Փաշինյանի, ապացույց են, որ մեր տնտեսությունում աճ կա եւ դա տնտեսության, դրական իմաստով, «տրանսֆորմացիայի» գործընթաց է։
Aravot.am-ի հետ զրույցում տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը Փաշինյանի ներկայացրած ցուցանիշների հետ համամիտ է, բայց համամիտ չէ, որ տնտեսությունը տրանսֆորմացվում է։ «Բոլոր կետերն էլ ճիշտ են, այսինքն` որևէ գաղտնիք բացահայտված չէ, որ ասենք՝ Ամուլսարի ծրագրի կասեցման պատճառով շինարարության կամ ներդրումների անկում է գրանցվել կամ որ արդյունահանման կամ արտահանման տեմպը հիմնականում հանքարդյունաբերության հաշվին է նվազել, կամ ասենք տնտեսական աճը հիմնականում եղել է բուքմեյքերական ընկերությունների աճի հաշվին։ Այս ամենի հետ համաձայն եմ, բայց խնդիրը հետեւյալն է. եթե սա ներկայացվում է որպես տնտեսության «տրանսֆորմացիա», այսինքն՝ սրանով ուզում ենք ցույց տալ, որ տնտեսության կառուցվածքը ակտիվանում է, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ակտիվացում պետք է լինի ոչ թե մի ճյուղի նվազման հաշվին, այլ մյուս ճյուղերի ավելի արագ աճի հաշվին»,-ասաց Թունյանը։
Նա այս համատեքստում հիշեց նախկին կառավարությունների պարզաբանումները. «2009 թվականին մեզ մոտ ճգնաժամ եղավ եւ շինարարությունը կտրուկ անկում գրանցեց, հետո հաջորդ կառավարությունն ասում էր՝ չկա բարիք՝ առանց չարիք, շինարարությունը անկում է ապրում, բայց տնտեսության կառուցվածքը բարելավվել է, որովհետեւ շինարարությունից այդքան կախված չենք։ Բայց կարող էր ավելի ցանկալի տարբերակ լիներ, օրինակ՝ շինարարությունն աճեր, բայց մյուս ճյուղերն ավելի լավ աճեին։ Հիմա էլ շինարարությունն ու ծառայությունների ոլորտն աճում են, բայց լավ կլիներ մեզ մոտ ոչ թե հանքարդյունաբերությունը նվազի, այլ մյուս ճյուղերն ավելի արագ աճեին։ Մի ճյուղի նվազման հաշվին տնտեսության կառուցվածքը փոխելն այդքան էլ ցանկալի երեւույթ չէ»։
Թունյանի դիտարկմամբ՝ մեզ մոտ այս տարի արտահանումն ավելի դանդաղ է աճում քան ներմուծումը. «Սա վարչապետի թեկնածուն բացատրում է հիմնականում կապիտալ ապրանքների ներմուծմամբ։ Այսինքն՝ Հայաստան են ներկրվում սարքավորումներ եւ այլն, որոնք ներդրումների հիմք են։ Բայց նման բացատրություն էր բերում նաեւ Կարեն Կարապետյանը։ Նա ասում էր՝ ներմուծման 50% կապիտալ ապրանքներ են, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ դա իրականում 15% է։ Հիմա նույն ձեւ Փաշինյանի բացատրությունն է, եւ լավ կլիներ վիճակագրական կոմիտեն հրապարակեր տվյալները, որովհետեւ հիմա մենք այդ տվյալները չունենք»։
Փաշինյանը նաեւ անշարժ գույքի շուկայի ակտիվության մասին էր խոսել։ Այս առնչությամբ էլ Թունյանն ասաց. «Ցանկացած ցուցանիշ հնարավոր է երկու առումով ներկայացնել՝ եւ դրական, եւ բացասական։ Հիմա անշարժ գույքի շուկան ակտիվացել է, գործարքներն ավելացել են։ Սա մի կողմից կարելի է ներկայացնել մարդկանց գնողունակության բարձրացմամբ, տնտեսական ակտիվության վկայություն, բայց մյուս կողմից մարդկանց եկամուտները չեն աճել։ Եվ երբ նման պայմաններում սկսում են ավելի շատ ասենք տներ գնել, սա կարող է մեկնաբանվել, որ ավելի շատ փող ունեցողները գումարը բիզնեսի մեջ դնելու փոխարեն, դնում են անշարժ գույքի մեջ, որպեսզի ավելի ապահով լինի։ Այսինքն՝ քնեցնում են փողը, իսկ դա դրական երեւույթ չէ»։
Թունյանը նաեւ բուքմեյքերական ընկերությունների աճի օրինակը բերեց. «Այս պահին տվյալներ չկան, որ ասում են այս տարվա հունվար-սեպտեմբերին 214 միլիարդ դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում, այս օրերին բուռն քննարկվում է սա․ շատերն ասում են՝ ինչ վատ է, Փաշինյանն էլ ասում է՝ մենք չպետք է խաղադրույք կատարող երկիր լինենք, մենք պետք է ավելի առաջադեմ տնտեսություն ունենանք, բայց այստեղ հստակ վերլուծություն է հարկավոր, թե որ երկրից է խաղադրույք կատարվել, արտերկրի՞ց։ Օրինակ, եթե պարզվի արտերկրից օտարերկրացիներն համացանցով են արել, սա դրական երեւույթ է, սա նշանակում է՝ ծառայությունների արտահանում Հայաստանից»։
Փաշինյանի նշած՝ բիզնեսի եւ ՊԵԿ-ի միջեւ փոխհամաձայնություն կա, գործընկերային հարաբերություններ են ստեղծվել, Թունյանը թերահավատորեն է մոտենում սրան. «Որովհետեւ ստվերի դեմ այս կոշտ պայքարը բիզնեսին մի տեսակ վախի մթնոլորտի մեջ է գցել։ Ես չեմ ասում պետք չէ պայքարել ստվերի դեմ, բայց կոշտ վարչարարությունը գործարարներին կարծես կտրել է իրենց առօրյա գործարարությունից, եւ նրանք հիմա ավելի շատ մտածում են քրեական գործերի մասին։ Այս առումով պետք է խաղի կանոնների հստակեցում լինի եւ կարծում եմ պետք է հարկային համաներման միջոցով պարզեցնի այս ամենը»։
Թունյանի դիտարկմամբ՝ ամբողջական պատկեր ստանալու համար բոլոր ցուցանիշները ձեռքի տակ լինեն, բոլոր տվյալները հրապարակվեն ու մանրամասն ուսումնասիրելով դրանց մասին հստակ կարծիք կազմվի։
Ի վերջո, տնտեսության տրանսֆորմացիա տեղի ունեցե՞լ է։ Այս առումով Թունյանն այնքան էլ համամիտ չէ։ Նա ասաց, որ ինչ-որ առումով տրանսֆորմացիա եղել է, բայց տրանսֆորմացիան եղել է ոչ մեր ցանկալի ճյուղերի արագ աճի հաշվին, այլ մյուս ճյուղերի դանդաղ աճի կամ նվազման հաշվին։ «Օրինակ՝ եթե ծառայությունների տեսակարար կշիռն աճել է, բայց գյուղատնտեսությանը նվազել է, լավ չէ։ Իդեալական կլիներ, եթե երկուսն էլ աճեին, բայց ասենք գյուղատնտեսությունն ավելի շատ ու արագ աճեր, ոչ թե գյուղատնտեսությունը նվազեր։ Կամ հանքարդյունաբերությունը նվազել է, ու դրա հաշվին ասում ենք, որ տնտեսության կառուցվածքն առողջացել է, սա ցանկալի տարբերակ չէ։ Հանքարդյունաբերությունն էլ նվազել է ֆորսմաժորային իրավիճակից, անկախ մեզանից։ Ասենք՝ Թեղուտն ու Ամուլսարը եթե աշխատեին, աճը նկատելի կլիներ։ Այսինքն՝ տրանսֆորմացիան եղել է անկախ մեր կամքից։ Այսպես՝ ինչ-որ բան է եղել, ու միայն դրա դրական կողմն է ներկայացվում, բայց չէ որ բացասականն էլ կա»,-ասաց Թունյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ