Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետի նախկին օգնականը իր հրաժարականի և ապագայի ծրագրերի մասին

Նոյեմբեր 02,2018 23:01

Հոկտեմբերի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ ինքը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, քանի որ նոր Ընտրական օրենսգիրքը տապալվեց, և անցումային կառավարությունը չկարողացավ կատարել իր հանձնառությունը։

Aravot.am-ը Նահապետյանից փորձեց ճշտել, արդյոք դա աշխատանքից ազատվելու միակ պատճառն էր, և չի կարծում, որ այս քայլով նպաստում է հակահեղափոխության հաղթանակին։

Նահապետյանն ասաց, որ քաղաքականության մեջ պետք է ուղիղ և անկեղծ լինել․ եթե լիներ այլ պատճառ, անպայման կբարձրաձայներ։

«Հրաժարականիս միակ պատճառը նոր Ընտրական օրենսգրքի տապալումն էր․ Կա նախապատմություն․ նախքան հեղափոխությունը ես և իմ գաղափարակից ընկերները մշակել էինք որոշակի համակարգային փոփոխությունների փաթեթ, որը երաշխավորելու էր քաղաքական համակարգի առողջացումը։ Դրա մի կետն էլ հենց ԸՕ-ն էր, որը որդեգրվեց անցումային կառավարության կողմից, դարձավ իրենց կառավարության կարևորագույն կետը և այդ կետը տապալվեց, այսինքն` կառավարությունը տապալեց այն հիմնական առաքելությունը ինչի համար  անցումային էր և ոչ՝ հիմնական»։

Ըստ Նահապետյանի անհրաժեշտ էր պատասխանատվության այլ մեխանիզմներ առաջարկել, սակայն դրա փոխարեն կառավարությունը հնչեցրել է հայտարարություններ, թե ԸՕ-ն այնքան էլ կարևոր չէ։

Նա նշեց, որ այս մոտեցումը իր համար անընդունելի է, և դա անհամաձայնության այն հիմնական կետն է եղել, որի պատճառով ինքը կառավարությունից հեռացել է։

Անդրադառնալով հակահեղափոխության հարցին, Նահապետյանն ասաց, որ իր քայլը ոչ մի կերպ չի կարող նպաստել հակահեղափոխության հաղթանակին և կարծում է, որ այն կհաղթի այն ժամանակ, երբ հեղափոխության հիմնարար արժեքների մասին այլևս չի խոսվի․

«Ես չխոսելու տարբերակը չեմ ընտրել, ես ընտրել եմ խոսելու տարբերակը, ես արձանագրել եմ փաստը, որպեսզի այն մարդիկ, ովքեր որոշել էին, որ կարելի է մանիպուլացնել հեղափոխության հիմնական օրակարգը, ևս մեկ անգամ, նստեն, իրար աչքերի մեջ նայեն ու հասկանան, թե ինչպիսի պատասխանատվություն է պետք ստանձնել»։

Aravot.am-ի այն հարցին, թե ինչով էր պայմանավորված նոր ԸՕ-ի ձախողումը և արդյոք կան քայլեր, որ կառավարությունը կարող էր անել, բայց չարեց, փոխվարչապետի նախկին օգնականը պատասխանեց․

«Քանի որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ կառավարությունը բավարար թափանցիկություն չի ապահովվել ընթացող պրոցեսների վերաբերյալ, չեմ կարող գնահատել, թե որն էր ԸՕ-ի տապալման պատճառը։ Հնարավոր է՝ սխալ կար ռազմավարության մեջ , որը ընդհանրապես սխալ ուղղություն էր որդեգրել, հնարավոր է՝ ուղղություն ճիշտ էր որդեգրված, սակայն մարտավարության խնդիր կար։ Սրանք այն հարցերն են, որոնք պետք է ուղղել քաղաքական պատասխանատուին․ ինձ նույնպես հետաքրքրում են դրանց պատասխանները»։

Նահապետյանն ասաց, որ փոխվարչապետի օգնականի պաշտոնը լքելուց հետո զբաղվելու է կուսակցաշինությամբ, քանի որ չի պատկերացնում այլ կենսակերպ, քան հանրայնորեն իր համար կարևոր հարցերի որոշմանը մասնակից լինելը։

Հիշեցնենք, որ Միքայել Նահապետյանը «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930