Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի թիվ 16 դպրոցի տնօրենը մեկնաբանում է իր անվան շուրջ հայտարարությունները

Նոյեմբեր 02,2018 22:52

2018 թ. հոկտեմբերի 26-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի թվով 12 ուսուցիչներ, հայտնելով, որ դժգոհություններ ունեն տնօրեն Նաիրա Հարությունյանից: Նշելով, որ նա դպրոցում «կամայականություններ ու բյուրոկրատական գործելաոճ է ցուցաբերում, ստեղծել է սպառնալիքի մթնոլորտ եւ նվաստացումների է ենթարկում ուսուցիչներին»:

Aravot.am-ը զրուցել է Նաիրա Հարությունյանի հետ, լսել նրա պարզաբանումները:

– Տիկին Հարությունյան, կպարզաբանեք, ինչո՞ւ են ուսուցիչները դժգոհում, միաժամանակ հայտնելով, որ դպրոցում ստեղծել եք սպառնալիքի մթնոլորտ:

– Իրականում կամայականություններ չկան, ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում: Այդ 12 ուսուցիչներից մեկը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, եւ որպես ուսուցիչ ներկայանալու իրավասություն չունի: Այստեղ կան նաեւ ուսուցիչներ, որոնք խոցելի են, եւ պահի ազդեցության տակ են հայտնվել այդ խմբում: Ես 5 տարի աշխատել եմ տնօրեն, կոլեկտիվի հետ երբեւէ խնդիր չի եղել, ամեն ինչ սկսվեց հունիս ամսից: Երբ որ հուլիսին իմ վերընտրվելու ժամկետն էր լրանում: Իմ դեմ ակցիա կազմակերպվեց, որը գալիս էր ուղղորդված: Կարծում եմ, որ սա ընդամենը պաշտոնակռիվ է:

Այո, ես ինձ համարում եմ խստապահանջ տնօրեն, բայց այդ խստապահանջությունը դուրս չի եկել օրենքի սահմաններից, եւ երբեւիցե որեւէ ուսուցիչ չի նսեմացվել, վիրավորական որեւէ արտահայտություն չի եղել: Իմ օրոք ուսուցիչներն ընդունվել են օրենքի տարին համապատասխան, առանց կոռուպցիոն ռիսկերի: Ինձ համար յուրայինը նա է, ով աշխատում է, ով իր պարտականությունները ճիշտ կատարում է, երեխաներին տալիս է լավ կրթություն: Սա ակնհայտ զրպարտանք է: Ես ցանկանում եմ, որ օրինապահ մարմինները գան ստուգեն: Եվ ես որոշ մարդկանցից պահանջելու եմ զրպարտանքի համար պատասխանատվություն կրել:

Իսկ այդ 11 ուսուցիչները հիմա գալիս են աշխատանքի, թե՞ ոչ:

– Այո, աշխատում են: Ես հիմնականում ուսուցչանոցում չեմ լինում, եւ մթնոլորտ ստեղծողը փոխտնօրեններն են: Նրանք ուսուցչական կազմում իսկապես ստեղծել են անառողջ մթնոլորտ, ով իրենց հետ չէ, ուրեմն կոլեկտիվի հետ չէ:

Հայտարարության մեջ ուսուցիչները նշել էին նաեւ, որ դպրոցում հայտարարված շինաշխատանքների մրցույթները Ձեր բարեկամն է շահում: Ինչպե՞ս է ստացվել, որ հենց Ձեր հարազատն է շահել:

– Խոսքը հորեղբորս մասին է: Ասեմ, որ ինքը դեռեւս Սովետական միության ժամանակից քաղաքի ջեռուցման վարչության պետն է եղել: Եվ հիմա էլ ունի «Ջեռուցող» ՍՊԸ: Հանրապետության դպրոցների մեծ մասում կաթսայատների եւ՛ կառուցապատումը եւ՛ շահագործումն իրականացնում է այդ կազմակերպությունը: Երբ որ հայտարարել էինք մրցույթ, դիմել էին 4 կազմակերպություններ: Նախահաշվային արժեքը 13 միլիոն դրամի կարգի էր, իսկ ամենացածր գնային առաջարկը եղել է իրենց կողմից՝ 7 միլիոնից մի քիչ ավելի: Ընդ որում, գնային առաջարկը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են եղել այն ուսուցիչները, որոնք հիմա բողոքում են: Տնօրենն առհասարակ չի եղել այդ գնահատող հանձնաժողովում:

Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ դպրոցում աշխատում են նաեւ ձեր բարեկամները՝ մորաքույրը եւ մորաքրոջ աղջիկը:

– Իմ մորաքրոջ աղջիկը գերազանցությամբ ավարտել է մանկավարժական ինստիտուտը, ունի ուսուցչի որակավորում: Դպրոցում աշխատում է արդեն 3 տարի: Սկզբում աշխատում էր որպես ներառական կրթության դաստիարակ, հիմա որպես՝ ուսուցչի օգնական: 58 աշխատակցից ընդամենն մեկն է, որ հանդիսանում է ինձ բարեկամ, այն էլ ընտանիքի անդամ չէ: Իսկ մորաքույրս աշխատում է դպրոցի բուֆետում, որը վարձակալությամբ տրամադրված է այլ կազմակերպության: Այնտեղ աշխատում է, որպես իրենց վաճառողուհի, եւ չի հանդիսանում դպրոցի հաստիքային աշխատող:

Տիկին Հարությունյան, խնդրին նաեւ ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն է արձագանքել: Շրջանառվում են լուրեր, որ նախարարի հետ ունեք ինչոր բարեկամական կապեր եւ վայելում եք իր հովանավորչությունը:  Իրականությանը համապատասխանու՞մ է լուրը:

– Սա ընդամենը նախանձի հողի վրա են ասում: 2011 թվականին, երբ որ պարոն Աշոտյանի կողմից ընտրվեցի հանրապետության լավագույն ուսուցիչ, եւ կառավարությունն ինձ ավտոմեքենա նվիրեց, նորից նման քննարկումներ ծավալվեցին: Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ չեմ, բարեկամ չեմ, ուղղակի, կարող եմ ենթադրել, որ ազգանվան նմանությունը մարդկանց շփոթության մեջ է գցել: Ես համարում եմ, որ աշխատելով կարելի է ամեն ինչի հասնել, եւ որեւէ սատարման կարիք երբեւիցե չեմ զգացել:

Զրուցեց Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930