Ինչպես տեղեկացրել ենք, տևական ժամանակ է՝ Գյումրիում ընթացող լայնածավալ փողոցաշինության պատճառով քաղաքի բնակչությունն անհանգիստ է, մտահոգ։ Գյումրեցիներից շատերը վրդովված են, որ փողոցները դեռ ամռանը քարուքանդ են արել, սակայն շինաշխատանքներ չեն ընթանում։
Երեկ Գյումրու քաղաքային իշխանությունները քննարկման էին հրավիրել բոլոր պատասխանատուներին՝ մրցույթ շահած շինկազմակերպության ղեկավարներին, նախագծողներին, ՀԷՑ-ի, Ջրմուղի, կապի այլ օպերատորների, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ու շահագրգիռ մարդկանց՝ ավագանու անդամներին, քաղաքի մտավորականներին։
Քննարկումն անցավ բավական թեժ մթնոլորտում․ «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամներից մեկը՝ Արման Գրիգորյանը, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանից հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ր փողոցի ընդերքը սարքավորումներով նախապես ուսումնասիրել, նոր շինարարություն ծավալել, որպեսզի շինարարը պատճառ չբռնի, թե հետերկրաշարժյան Գյումրիում նախագծից դուրս նոր ջրագծեր, էլեկտրագծեր են հայտնաբերվել ու ստիպված դադարեցնի շինարարությունը մինչև նոր նախագիծ կազմելը։
Քաղաքապետարանի պաշտոնյայի փոխարեն հարցին պատասխանեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ «Եթե էդպիսի գործիք դուք կարողանանք գտնել, որը դնելով ասֆալտի վրա, գետնի տակ, կասի՝ այ էս ջրագիծը քաշել է Գևորը, էս մեկը քաշել է Ղուկասը, եթե նման գործիք Հայաստանի Հանրապետությունում կամ աշխարհում կա, իդեալական է»։
Գյումրու քաղաքապետը, դառնալով նախագծողին, հարցրեց․ «Կա՞ էդպիսի գործիք, դե պատասխանեք»։ Նախագծողն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, սակայն նախագծային թերությունների հետ կապված պարզաբանեց, որ շահագրգիռ կազմակերպությունների և պատվիրատուի կողմից ստացել են գծագրեր, որտեղ նշված կոմունիկացիաները՝ մալուխների, ջրագծերի քանակն ու տեղը, չեն համապատասխանում իրականությունը։ «Մեկ կաբել է նշված, ասենք պարզվել է ութ հատ է», -ասաց նախագծողը։
Սամվել Բալասանյանը, սակայն, տեղից բացականչեց, որ նախագծային թերություններ կան, իհարկե, պատճառները երբեմն օբյեկտիվ են ամեն մեկն իր համար երկրաշարժից հետո կոմունիկացիա է գցել։ «Դուք պիտի անվճար անենք, շինարարի հետ»,-տեղից բացականչում էր Սամվել Բալասանյանը։
Այնուհետ սկսվեց բուռն քննարկում Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի հետ։ Վերջինս բանախոս Կնյազ Մանասյանին հարցրեց, թե որքանո՞վ է այս պաշտոնյան իրազեկ փողոցաշինությանը, որ ներկայացնում է վիճակը, և որպես պատվիրատու՝ քաղաքապետին ներկայացրե՞լ է, թե տեսեք այս շինկազմակերպությունը պայմանագիրը խախտել է, եկեք պատասխանատվության ենթարկենք։
Սամվել Բալասանյանը միջամտեց խոսակցությանը ու իր հերթին զրույցի ներքաշեց Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքի փողոցաշինության նախագծող և տեխհսկիչ Լիլիթ Թադևոսյանին։ Վերջինս ասաց, որ մեղադրանքներն անհիմն են։
«Ինչ մեղադրանք»,- հետաքրքրվեց Կարեն Պետրոսյանը ու խնդրեց նրան ներկայանալ։ «Հասկացանք, որ ձեր անունը Լիլիթ է, ներկայացեք ով եք»։ Երբ Լիլիթ Թադևոսյանը ներկայացավ որպես նախագծող ինժեներ և միաժամանակ տեխհսկման թիմի ներկայացուցիչ, Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ դա անլուրջ է, շահերի բախում է եղել, ինչպե՞ս կարող է նախագծողն ու վերահսկիչը նույն կազմակերպությունը լինելը։ Երբ Լիլիթ Թադևոսյանն հակադարձեց, որ մրցույթը միջազգային է եղել, Կարեն Պետրոսյանը նշեց, որ բոլոր մրցույթների պատմությունը գիտեն, այդ մրցույթները Հին Հայաստանում են եղել։
«ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանն էլ հետաքրքրվեց, թե գործարարները, որոնք 4-5 ամիս է մեծ վնասներ են կրել, ո՞ւմ պիտի դատի տան՝ նախագծողի՞ն, շինկազմակերպության ղեկավարների՞ն, հասցեատիրոջն են ուզում։ Արմենուհի Վարդանյանն ասաց, որ ծաղկի խանութներն անգամ կորցրել են իրենց հաճախորդներին։ Սամվել Բալասանյանը խորհուրդ տվեց դատի տալ շինարարին, քանի որ քաղաքապետարանը կապ չունի, պատվիրատուն է։
Այնուհետ կոշտ զրույց սկսվեց Գյումրու ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Սաշա Մարտիրոսյանի և «Սիսիանի բուատ»-ի ներկայացուցչի միջև։ Ավագանու անդամը եկել էր փաստերով, նա լուսանկարել էր Գարեգին Նժդեհի փողոցը, որտեղ շինաշխատանքներ է իրականացնում «Սիբիր բուատը»։ Ավագանու անդամը հետաքրքրվեց, թե եզրաքարի տակ ինչու չկա՞ խճային շերտ։ Շինարարն ասաց, որը նման բան նախատեսված չէ։ «Ի՞նչ է, հողի վրա բետոն պիտի դրվի հա՞, հետո էդ հողը լվացվի, տանի, էսպիսի բան գոյություն չունի շինարարության մեջ։ Լրիվ անորակություն է, ափսոս է փողը»,- հայտարարեց ավագանու անդամը, որն ի դեպ, շինարար է։
Վերջինս նաև «Ա․Բ․Բ» շինկազմակերպության ներկայացուցչին ասաց, որ շուտով երկրաշարժի 30-րդ տարին է, ռուսական ներկայացուցչական պատվիրակություն է գալու Գյումրի, նրանք անպայման իրենց վերանորոգող փողոցով կգնան Անի թաղամաս, որը ռուսներն են կառուցել հենց երկրաշարժից հետո։ Ավագանու անդամի դիտարկմամբ, հյուրերը կմտածեն, թե 30 տարի անց էլ Գյումրին ավերակներ է վերածված, այս քաղաքում ոչինչ չի փոխվել։
«Ա․Բ․Բ» շինկազմակերպության ներկայացուցիչն էլ ասաց, որ ՀԷՑ-ի բարձրավոլտ կաբելներ տեղադրելու խնդիր ունեն, այդ պատճառով շինաշխատանքները ձգձգվում են։ ՀԷՑ-ի ներկայացուցիչն իր հերթին ասաց, որ իրենք ցանկացած վայրկյան կարող են քննարկել հարցը և նեղվեց, թե ե՞րբ են իրենց դիմել, որ լուծում չի ստացել։
Սամվել Բալասանյանը շինկազմակերպության ներկայացուցչին զայրացած ասաց․ «Գործ արեք, ոչ թե իմիտացիա ստեղծեք։
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ խնդրեց փողոցաշինություն սկսելիս՝ հաշվի առնել փողոցների ծանրաբեռնվածությունը։ Ըստ ավագանու անդամի, պետք է պատշաճ ուսումնասիրություն կատարել, հաշվարկ անել, հաշվի առնել փողոցին հարող բնակեցվածության հարցը։
«Աննախադեպ ծավալի շինարարություն է Գյումրի քաղաքի համար լավ և՛վատ կողմերով։ Լավն այն է, որ վերջը քաղաքը նորոգվելու է։Վատն էն է, որ շինարարական մշակույթը մեզ մոտ էնքան զարգացած չէ, ի՞նչ ի նկատի ունեմ։ Ի նկատի ունեմ այն, որ բոլոր փողոցներում, որտեղ ինչ-որ բան է քանդվում մեքենաների համար, պատշաճ շրջանցիկներ պետք է կառուցվեն կամ նորոգվեն, իսկ հետիոտնի համար պատշաճ անցումներ պատրաստվեն՝ կամրջակներ, տախտակամած և այլն։ Խճաքարը, որի մասին խոսվեց, պատշաճ լուծում չէ, ժամանակավոր լուծում չէ,տախտակամածներ պետք է լինեն կամ երկաթից կամ փայտից կամ ուրիշ նյութերից, պիտի կառուցեն, որ մարդիկ իրենց անհարմարությունները նվազագույնի հասցնեն», -ասաց Լևոն Բարսեղյանը։
Իսկ դեկտեմբերի 7-ին հյուրերի գալ-գնալու հետ կապված պարոն Բարսեղյանն ասաց․ «Ով ուզում է լինեն, մեր քաղաքի բնակիչներից հարգելի չլինեն, նախ մեր քաղաքի բնակիչների շահը պիտի պաշտպանվի, հյուրերի շահը մեխանիկորեն կպաշտպանվի»։
Նա նաև նշեց, որ մրցույթի ժամանակ համակարգային սխալ է թույլ տրվել, այն է նախագծողի և վերահսկողի համատեղումը, ճիշտ կլիներ նույն կազմակերպությունը իրավունք չունենար շահելու թե՛ նախագծողինը, թե՛ վերահսկողինը, եթե շահել է մի մրցույթը; Դա շահերի բախում է։ Նա առաջարկեց, որ ապագա մրցույթների ժամանակ այս պրակտիկան բացառվի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ