Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն ընդդեմ 1in.am»-ի. լրատվամիջոցը Քոչարյանի հայցի վարույթը կասեցնելու միջնորդություն է ներկայացրել

Նոյեմբեր 02,2018 21:23

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ այսօր Ռոբերտ «Քոչարյանն ընդդեմ 1in.am»-ի(«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ) քաղաքացիական գործով հերթական դատական նիստն էր, որը կրկին մնաց նախապատրաստական աշխատանքների փուլում: Հիշեցնենք, որ ըստ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցի՝ 2018թ.-ի հունիսին 1in.am լրատվականը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է իր պատիվը և արժանապատվությունը: Մասնավորապես, ըստ հայցի, խոսքը 1in.am-ում եւ «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել», նաեւ՝ կրկին 1in.am-ում հրապարակված «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը՝ բանտի ճանապարհին» եւ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը՝ Ռոբերտ Քոչարյան» վերտառություններով հոդվածների մասին է, որոնցում, ըստ հայցվորի, տեղ են գտել իր պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Քոչարյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, նաեւ՝ նրան պարտավորեցնել զրպարտության դիմաց իրեն վճարել փոխհատուցում՝ 2.000.000 դրամի չափով: Այսօր պատասխանող կողմը՝ լրատվամիջոցը, ներկայացրել էր դատական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդություն՝ որպես հիմք մատնանշելով այն փաստը, որ Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված է քրեական գործ: Քանի որ պատասխանող կողմը չէր ներկայացել նիստին, դատավոր Երիցյանը որոշեց վերջինիս դիրքորոշումը լսելու նպատակով մեկ այլ նախնական նիստ նշանակել՝ նոյեմբերի 14-ին:

Aravot.am-ի եւ Hetq.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը նշեց, որ պատասխանող կողմի միջնորդության առնչությամբ առարկություններ ունի. «Լրատվամիջոցի դեմ ներկայացված մեր հայցում նշված մամուլի հրապարակումներում միայն Մարտի մեկի մասին չէ, որ խոսվում է, այլ, օրինակ, հոկտեմբերի 27-ի, «լրատվամիջոցներին լռեցնելու» մասին: Այսինքն, մեր վստահորդի վերաբերյալ տպագրվել են մի շարք հոդվածներ, որոնցում նա արդեն իսկ որպես մեղավոր է ներկայացվել, ինչը որեւէ կերպ հաստատված չէ, ուստի համարվում է զրպարտություն: Այսինքն, վերջինիս կողմից նման բովանդակության նյութեր են հրապարակվել, մինչդեռ դատավճիռ չկա: Սա անմեղության կանխավարկածի խախտում է»:

Հիշեցնենք՝ նախորդ նախնական նիստում պատասխանող կողմի՝ լրատվամիջոցի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սահակ Գագինյանը Ռոբերտ Քոչարյանի հայցի մասին ասել էր, որ իրենք չեն ընդունում այն՝ գտնելով, որ հայցը հիմնավոր չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լրատվամիջոցի ներկայացրած միջնորդության հիմնավորումների մասին՝ Aravot.am-ի առաջիկա հրապարակումներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930