Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է գերիների փոխանակություն կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, պաշտոնական Երևանը դեռ պատասխան չի տվել: Այս մասին գրում է ադրբեջանական Interfax.az գործակալությունը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրը:
«Հայկական կողմին պաշտոնական առաջարկ է արվել փոխանակել երկու կողմերից գերեվարված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Բայց Երևանի կողմից արձագանք այդ հարցում չկա»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է այդ սկզբունքը կիրառել նաև ապագայում:
Հայաստանում և Ադրբեջանում այս պահին գտնվում է 3-ական գերի:
«Չնայած այն բանին, որ Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիներից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, մենք կարող ենք նրանց ազատ արձակել՝ հայկական կողմի մոտ պատանդ պահվող մեր քաղաքացիների հետ փոխանակելու դիմաց»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ կողմերը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման փորձ ունեն դեռ 1996թ.:
Բացի այդ, նրա խոսքով, ադրբեջանական կողմը աշխատանքներ է տանում՝ «պայմաններ ստեղծելու՝ Բաքվում գտնվող Հայաստանի քաղաքացիներին նրանց հարազատների կողմից տեսակցությունների համար»: Նա նշել է, որ գերիներին պարբերաբար այցելում են ԿԽՄԿ ներկայացուցիչերը, նրանց նամակները և տեսաուղերձները հասցվում են ընտանիքներին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ