Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նախ տեղի է ունեցել ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում անդամ պետությունների միջև համագործակցության արդիական հարցերի շուրջ:
Հանդիպմանը հաջորդել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Նեղ կազմով նիստում պարոն Միրզոյանը հանդես է եկել ելույթով:
Նա կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով կապերի խորացումը և նշել, որ անհրաժեշտ է իրականացնել պրակտիկ քայլեր ԱՊՀ-ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ իրացնելու համար, ինչն իր հերթին մեծապես կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, հումանիտար կապերի զարգացմանը:
Ընդլայնված կազմով նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված հարցերը, որին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պարոն Միրզոյանը ստորագրել է 5 համաձայնագիր և մեկ տասնյակ որոշումներ, որոնք վերաբերում էին տնտեսության, էներգետիկայի, հարկային վարչարարության, ինովացիոն, տիեզերական հետազոտությունների, մշակութային-հումանիտար ոլորտներին:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն