Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ կառավարությունը, չնայած իր տված խոստումին, թե առաջիկա ընտրությունները անցկացվելու են նոր ԸՕ հիման վրա, չիրականացրեց». Արա Պապյան

Նոյեմբեր 02,2018 18:59

«Բուն խնդիրը կապված է եղել ընտրությունների հետ, ու դա չի արվել. այդ օրենսդրական փոփոխությունները չեն արվել, էլ չեմ խոսում Սահմանադրության փոփոխության մասին»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի մտահոգություն հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա կարծիքով՝ վատ է, որ ՀՀ կառավարությունը, չնայած իր տված խոստումին, թե առաջիկա ընտրությունները անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքի (ԸՕ) հիման վրա, չիրականացրեց. մենք ընտրության ենք գնալու հին ԸՕ-ով:

Արա Պապյանի կարծիքով՝ վարկանիշային համակարգի առկայության պարագայում մարդիկ են մտնելու խորհրդարան, որոնք կապ չունեն քաղաքականության հետ. «Այդ վարկանիշային ընտրակարգը, որ նախատեսված էր հին ԸՕ-ով, հնարավորություն է տալու քառասունից ավելի անձանց մտնել խորհրդարան: Ցավոք, սա կարծում եմ խորհրդարանը կապաքաղաքականացնի, առնվազն այդ մարդկանց կեսից ավելին մտնելու են խորհրդարան, որոնք քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ են, ինչպես նախկինում»:

Ըստ Արա Պապյանի՝ հատկապես մարզերում մարդիկ քվեարկում են իրենց հարազատի, տարիներով համագործակցած մարդու օգտին. «Ժամանակին ասում էին՝ ես ՀՀԿ-ին դեմ եմ, բայց այսինչին եմ տալու ձայնս, քանի որ ինձ օգնել է: Թաղային հեղինակությունների զգալի մասը կամ գործարար պատգամավորների մի մասը մտնելու է այլ կուսակցության հովանու ներքո, ոչ թե ՀՀԿ-ի: Նրանց համար տարբերություն չկա. առաջ իշխանությունը ՀՀԿ-ն էր՝ նրա տանիքի տակ էր, հիմա իշխանությունը ՔՊ կլինի, նրա տանիքի տակ կմտնի»:

Արա Պապյանի կարծիքով՝ առաջիկա խորհրդարանը ճիշտ կլիներ, որ գործեր մինչև երկու տարի ժամկետով, և այդ ընթացքում լինեին սահմանադրական փոփոխություններ:

Ըստ նրա՝ ընտրապայքարի համար կարճ ժամանակ է մնում. մինչև ամսի 14-ը ցուցակներ պիտի ներկայացվեն. «Իմ կարծիքով՝ խորհրդարան կանցնեն ԲՀԿ-ն, Սասնա ծռերը, քանի որ նրանց ընտրողների խումբը էապես տարբերվում է: Լույսի պարագային պիտի տեսնենք, քանի որ ընտրազանգվածը գրեթե նույնական է, ինչ ՔՊ-ինը»:

Արա Պապյանն ասաց՝ ինքը լիներ ՔՊ ղեկավար, կսառեցներ ՔՊ մուտքը բոլոր այն մարդկանց, որոնք վերջին կես տարին որևէ կուսակցության անդամ են եղել. ակնհայտ է, որ գաղափարական ընտրություն չէ:

Արա Պապյանը փաստեց՝ ժամանակին ասում էին՝ հանցագործները պիտի պատժվեն, հիմա ասում են՝ իրենք հանցագործ չեն, այլև իրենց աշխատանքն են կատարել:

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշեց՝ դեռևս մայիսին տեղի է ունեցել ՀՀ սահմանադրության խախտում. «Երբ մայիսին որոշում էին, որ մեկ տարի անցումային փուլ ունենան, այդ ժամանակ խախտվեց Սահմանադրությունը: Նախատեսված է, որ անպայման պիտի լինի բացարձակ որակական մեծամասնություն ունեցող ուժ խորհրդարանում, բայց մայիսից նման ուժ չունենք: Խորհրդարանը ցրելու հարցը, որ շուտ արված պիտի լիներ, չի արվել: Փաստորեն, ունեցել ենք ոչ թե ռեալ քաղաքական գործընթաց, այլ քաղաքական գործընթացի իմիտացիա»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այսօր կա որոշակի հոգեբանական ճգնաժամ, քանի որ սկզբունքայնության խնդիրն առաջ է գալիս. արժեքների հարց է. «Մենք շարունակո՞ւմ ենք պահել այն  խոստումները, որոնք տրված են եղել հասարակությանը, թե՞ գերիշխելու է նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքները: Նշանակություն չունի, թե ոնց կբաժանվեն մանդատները, քանի որ այսօրվա քաղաքական համակարգը չի համապատասխանում պետության և հասարակության կարիքներին: Հայտնի բան է, երբ մարդիկ մեկ սկզբունքով գալիս են իշխանության, հետո փոխում են իրենց սկզբունքները և տեսնում, որ այլ բան է ստացվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երբ այս տեսակի անձեր են որ կը քննադատեն նոր վարչակարգը, վերջինս յանկարծ շատ հաճելի, համակրելի կը դառնայ: Իսկապէս:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930