Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը գնահատեց Բոլթոնի այցը. «Երկխոսությունը շատ լավ ստացվեց»

Նոյեմբեր 02,2018 17:32

2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը ՀՀ, որովհետեւ եղել է գնահատական, որ դա մեծ նվաճում է մեզ համար:

Մնացականյանը պատասխանեց, որ շատ կարեւոր ու շատ էական այց էր նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը ԱՄՆ-ից, առավել եւս, երբ տեղի են ունենում զգայուն զարգացումներ՝ մեր անվտանգությանը եւ օրակարգին առնչություն ունեցող: Շատ լավ էր, որ մենք ունեինք նման չափազանց լավ առիթ՝ շփվելու ԱՄՆ մեր գործընկերների հետ՝ նման ձեւաչափով ու այդ մակարդակով: Մեզ համար շատ էական առիթ էր շատ լայն իմաստով գեոքաղաքական ամբողջ ծավալով բացատրելի դարձնել, ընկալելի դարձնել, աջակցություն ստանալ եւ միմյանց հասկանալ բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր ազգային անվտանգությանը եւ մեր գերակայություններին: Մեզ համար դա չափազանց լավ առիթ էր հստակ բացատրել մեր գործողությունների տրամաբանությունը ԱՄՆ մեր գործընկերներին:

Նա ասաց, որ սա գործընթացի ոչ սկիզբ էր, ոչ էլ ավարտ է. «Սա շատ կարեւոր հանգրվան էր ի մի բերելու, համեմատելու մեր դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք անմիջական նշանակություն ունեն մեզ համար: Մեր քաղաքականությունը հայաստանամետ է եւ հայամետ եւ ճիշտ ողջամիտ գնահատականների շրջանակներում ձեւավորված, եւ կարեւորագույն գործառույթներից է մեզ համար բացատրել դա ու պաշտպանելի դարձնել այն, ինչ մենք անում ենք:Դրանով է էական Բոլթոնի այցը ՀՀ եւ հնարավորություն ստանալ լսել մեր գործընկերներին, միմյանց ավելի ընկալելի լինել ու շարունակել մեր համագործակցությունը»:

Նաղդալյանը գովեց նախարարի նրբազգացությունը եւ կոռեկտությունը՝ նախարարն էլ արձագանքեց՝ «շնորհակալություն, որ չեք սպասում, որ իմ մեկնաբանությունը լինելու է սեւ ու սպիտակի շրջանակներում, մեր գործում գույները շատ են: Սեւ ու սպիտակը իրականում ոչ միայն այս ոլորտում, այլեւ ընդհանրապես շատ օգտակար չեն»:

Մնացականյանն ասաց, որ մենք փոքր երկիր ենք եւ անվտանգության հարցում ունենք առավել մեծ զգայունություն, մենք մի հարթակում ենք, որտեղ սուր մարտահրավերներ կան ու այդ զգայունությունը առավել ցայտուն է դառնում. «Մենք երկխոսության մեջ ենք ՌԴ-ի հետ, Իրանի հետ: Մենք ունենք մեր քաղաքական երկխոսության բավարար հարթակներ, բոլոր այդ հարթակներում մենք արտահայտում ենք մեր նույն դիրքորոշումը՝ մենք մեր հարաբերությունները մի գործընկերոջ հետ մյուսի հաշվին չենք իրականացնում, բոլորս դա գիտենք: Ու երբ ասում ենք ՝ ինչով է առանձնահատուկ Բոլթոնի այցը, առանձնահատուկ է նրանով, որ այն տեղի է ունենում միջազգային հարաբերություններում շատ ավելի արտահայտված մարտահրավերներով միջազգային օրակարգում: Մեր առաջնային նպատակն էր բացատրելի դարձնել, թե ինչու ենք մենք քաղաքականություն իրականացնում այս ուղղությամբ այսպես, այն ուղղությամբ՝ այնպես ու պաշտպանելի դարձնել մեր դիրքորոշումը: Երկխոսությունը շատ լավ ստացվեց ու մենք ստացել ենք բավարար հստակ ըմբռնում մեր տրամաբանության՝ ՌԴ-ի հետ, Իրանի հետ հարաբերություններում, ԼՂ կոնտեքստում, Թուրքիայի հետ հարաբերություններում: Զրույցը եղել է շատ ավելի լայն գեոստրատեգիական»:

Նախարարը նաեւ ընդգծեց, որ շատ հստակ բացատրել են, որ մի երկրի հետ հարաբերությունները մյուսի հաշվին մենք չենք կառուցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930