Այսօր 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց ՀԱՊԿ-ի հետագա զարգացումների մասին. «Գիտեք, որ մեր հանրության մեջ բավականին սպասումներ կան, տարբեր ֆիքսացիաներ կան այն գործընթացի մասին, որը մինչ օրս կատարվել է, սա մեզ համար կարեւորագույն գործընթաց է, ուզում ենք լսել ձեր պատկերացումը՝ որպես պրոցեսի մոդերատոր»:
Մնացականյանը պատասխանեց, որ ինքն էլ ուշադիր հետեւում է այն բանավեճին, որը վերաբերում է ՀԱՊԿ-ին, բայց պետք է հասկանալ, թե ինչ է ՀԱՊԿ-ը եւ ինչ է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անում: Նա ասաց, որ ՀԱՊԿ-ը մի հարթակ է, որը ներառում է 6 սուվերեն անդամ պետություններ, որոնք իրենց համագործակցությունը արդյունավետ տանելու համար, ինչպես դա անում է ցանկացած միջազգային կազմակերպություն, ստեղծել է քարտուղարություն, որը ծառայում է անդամ պետություններին. «Կիզակետում անդամ պետություններն են՝ իրենց սուվերենությամբ: Ասում են՝ Հայաստանը հրաժարվում է, թե չի հրաժարվում նախագահությունից: Այսօր ՀԱՊԿ-ում նախագահությունը Ղազախստանինն է, հաջորդը կլինի Ղրղզստանը եւ այլն, այբբենական կարգով կշրջի: Ինչ վերաբերում է պարոն Յուրի Խաչատուրովի՝ որպես Հայաստանի ներկայացուցիչը լինելուն, պարոն Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչը չի, ՀՀ-ի ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն է»:
Նա ասաց, որ ՀՀ-ի ներկայացուցչին վճարում է ՀՀ-ի հարկատուն, ընթացակարգերի առումով գլխավոր քարտուղարի նշանակումը ռոտացիոն կարգով է, թեկնածուն ներկայացվում է եւ հաստատվում է բարձրագույն մարմնի կողմից. «Երբ Հայաստանը առաջադրում է, դա ՀՀ-ի առաջադրումն է, երբ գլխավոր քարտուղարը հաստատվում է խորհրդի կողմից, ինքը ոչ թե ՀՀ-ի ներկայացուցիչն է, ինքը ՀԱՊԿ-ի 6 անդամների կողմից հավանություն ստացած գլխավոր քարտուղարն է, որը ծառայում է կազմակերպությանը, անդամ պետություններին: Կարգավիճակով ինքը բոլոր պետությունների առջեւ է պատասխանատու ու ներկայացնում է բոլոր պետություններին»:
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Մարտի 1-ի գործով այդ ներքին զարգացումները, որոնք վերաբերում էին Յուրի Խաչատուրովին, դրանց հետևանքով ստեղծվեց իրավիճակ, որը բխում էր մեր ներքին օրենսդրությունից. «Քանի որ մեզ համար ոչ ավելի պակաս կարեւոր էր ՀԱՊԿ-ի հեղինակության, գործունեության հարցերը, ոչ ավելի պակաս կարեւոր էր, քան ՀԱՊԿ-ի ցանկացած ուրիշ պետության համար, մենք նախաձեռնեցինք ոչ թե հետ կանչման, այլ գլխավոր քարտուղարի պաշտոնի վաղաժամ դադարեցման գործընթաց, որը տեսականորեն ցանկացածը կարող է անի 6 պետությունից: Առաջ բերելով նման գործընթաց՝ ընթացակարգեր են պահանջվում: Խնդիրը նրանում է, որ ՀԱՊԿ-ի կանոնակարգը եւ ընթացակարգերը չեն կառավարում նման իրավիճակները: Կարող են լինել բազմաթիվ նման իրավիճակներ, կարող է գլխավոր քարտուղարի կողմից առաջ բերվի, որ չի կարող այդ պարտականությունները կատարել՝ առողջական խնդիրներով, հազար ու մի բաներով պայմանավորված, բայց կանոնակարգով դրանք չեն կարգավորվում»:
Մնացականյանն ասաց, որ կարիք կա կարգավորել այդ բազան. «Մենք զուգահեռ երկու խնդիր ունենք լուծելու, առաջինը վերաբերում է ընթացակարգերի կարգավորմանը, երկրորդը՝ անմիջապես գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի հարցին: Այս 2 հարցն է առաջնայինը: Բոլոր դեպքերում կազմակերպության բնականոն զարգացումն ապահովված է, այսօր հետկանչման գործընթացը բերվել է իր հանգուցալուծմանը»:
Շուտով կայանալու է նաեւ ՀԱՊԿ նիստ եւ այս բոլոր հարցերը պետք է քննարկեն բարձրագույն մակարդակով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ