Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտգործնախարարը չի հաստատում Փաշինյանի խոսքերը՝ տարածքներ զիջելու նախկին մոտեցման մասին

Նոյեմբեր 02,2018 16:42

Այսօր ԱԺ հանձնաժողովներում, որտեղ քննարկվում է 2019-ի պետբյուջեի նախագիծը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց. «Երկրորդ անգամ այս 6 ամիսների ընթացքում Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ստացել է որպես ժառանգություն արցախյան հակամարտության այնպիսի մոտեցում, որտեղ տարածքները պետք է զիջել խաղաղության դիմաց: Ձեր գործընկեր Էդուարդ Նալբանդյանը դա հերքել է, որ վարչապետին ճիշտ չեն տեղեկացրել բանակցային գործընթացի նախապատմության մասին: Եթե կա նման բան, ո՞ւմ կողմից է առաջարկվել այդ բանաձեւը, ինչպիսի փաստաթղթավորում ունի այդ մոտեցումը, արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դա փակ գաղտնի ծրար է, որը առաքվել է արցախյան հակամարտության կարգավորման համար»:

Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Մենք արտահայտել ենք ՀՀ-ի գերակայությունները ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Շեշտավորվում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման եւ ամրապնդման առկայությունը, շեշտավորվում է Ղարաբաղի անվտանգության եւ ստատուսի գերակայությունը եւ արտահայտված է այն մոտեցումը, որ ԼՂ-ն հակամարտության կարգավորման շրջանակում ունենա որոշիչ ձայն եւ ներգրավվածություն: Այս շրջանակի մեջ մենք տեղավորում ենք մեր աշխատանքը՝ խաղաղ գործընթացի առնչությամբ: Մեզ հաջողվեց շատ արագ ներգրավել գործընթացի մեջ, աշխատել ձեւավորված ֆորմատով Մինսկի խմբի համանախագահների հետ, նրանք եղան տարածաշրջանում»: Մնացականյանն ասաց՝ ռուս համանախագահող Իգոր Պոպովը հայտարարել է, որ հավանական է հաջորդ հանդիպումը լինի դեկտեմբերին:

Մնացականյանի խոսքով՝ «Ընդգծելով անվտանգության եւ ստատուսի խնդիրը՝ մենք ընդգծում ենք այն, որ ԼՂ հակամարտությունը առաջին հերթին վերաբերվում է կոնկրետ մարդկանց անվտանգությանը, կոնկրետ 150 հազար մարդկանց ֆիզիկական անվտանգությանը; Սա մարդկանց վերաբերող խնդիր է եւ այդ կոնտեքստում է, որ առաջնային է դրվում ստատուսի հարցը: Մենք այս շրջանակում ենք ձեւավորում մեր մոտեցումը բանակցային գործընթացում: Մենք այս փուլում դեռեւս չենք անդրադարձել բովանդակային բանակցություններին, բայց պարամետրերի մեջ քննարկումները շարունակվում են»:

Աշոտյանն արձագանքեց. «Փաստացի չհաստատեցիք երեկվա վարչապետի հայտարարությունը»:

Նա հաստատեց՝ արտաքին քաղաքականությունը, ինչպես նախարարն ասաց, անվտանգության ոլորտն է եւ այստեղ որեւէ մեկը վնաս տալու իրավունք չունի՝ անգամ ներքաղաքական տարաձայնություններից ելնելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930