Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Իրանի հետ սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել: Այսօր ԱԺ հանձնաժողովներում, որտեղ քննարկվում է 2019-ի պետբյուջեի նախագիծը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի՞ քայլերի դեպքում եւ ո՞ւմ նախաձեռնությամբ կարող է փակվել Իրանի հետ սահմանը եւ այդ դեպքում ի՞նչ վիճակում կլինի ՀՀ-ն եւ Արցախը, երբ Արցախի հետ սահմանը մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստան-Իրան սահմանը:
Պարոն Մնացականյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի մեկնաբանությունը ճիշտ համատեքստում արվի. «ՀՀ արտաքին քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ներգրավում է տարբեր դերակատարների, տարբեր գործընկերների՝ ավանդական, կարելի է ասել, եւ հարեւանների հետ ՀՀ-ի հարաբերությունները արտահայտված են կառավարության ծրագրում: Ե՛վ Իրանի, ե՛ւ Վրաստանի հետ հարաբերությունները մեզ համար եղել եւ մնում են շատ կարեւոր ուղղություններ արտաքին քաղաքականության մեջ: Այդ քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը մեղմ ասած մարտահրավերներով լի է: Թե այդ մարտահրավերներն ինչպես են կյանքում իրենց ի ցույց բերում՝ բավական լուրջ հարց է: Ինչպես կգնան զարգացումները եւ ինչպես կանդրադառնան բնականորեն մեր հարաբերությունները Իրանի հետ պահպանելու ու զարգացնելու՝ մեզ համար ամենակարեւոր հարցն է: Մեր հիմնական գերակայությունը նույնն է՝ ապահովել ՀՀ կենսական շահերը՝ համագործակցելով այն գործընկերների հետ, որոնք ունեն անմիջական դերակատարություն այդ հարցում»:
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ Փաշինյանի ասածը մեկնաբանություն է մարտահրավերներին, այլ ոչ թե որեւէ կողմից սահման փակել կամ բացելու մասին է. «Խոսքը վերաբերում է մարտահրավերների խորությանը եւ տարբեր զարգացումների, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ: Մենք բավական զգայուն ենք եւ ռիսկերի գնահատման առումով մենք տանում ենք մեր համապատասխան աշխատանքները: Մեր արտաքին քաղաքականության մեջ բոլոր այդ դերակատարների հետ փորձում ենք համագործակցության եւ երկխոսության միջոցով առնչվել մարտահրավերներին՝ նպատակ ունենալով նվազեցնել ռիսկերը»:
Նա ասաց, որ Իրանի հետ ունենք բարեկամական հարաբերությունների ավանդույթ: Աշոտյանն արձագանքեց՝ «Շատ բարձր եմ գնահատում ձեր մասնագիտական զգուշավորությունը, ցավոք, ԱԺ ամբիոնից երեկ նման մասնագիտական եւ քաղաքական զգուշավորություն մենք չտեսանք: Իրոք, զգայուն հարց է եւ կտրուկ հայտարարություններով այդ հարցը չի լուծվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ