Իրավիճակը ղարաբաղյան շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին «քիչ թե շատ կայունացել է»: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Այսօր ավարտին է մոտենում մեր այցը, մենք եղել ենք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, հիմա մենք Բաքվում ենք: Մենք հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Մենք շուտով կհանդիպենք Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ կապված հարցեր: Մասնավորապես, մենք քննարկել ենք երկու երկրների առաջնորդների՝ Դուշանբեում տեղի ունեցած զրույցը: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել և որոնք իրականացվում են այժմ: Ես նկատի ունեմ իրավիճակը շփման գծում, սահմանին, որը քիչ թե շատ կայունացել է, խոսել ենք Երևանի և Բաքվի միջև հաստատված կապի գծի մասին»,- ասել է Պոպովը լրագրողներին:
Ավել վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Դուշանբեում պայմանավորվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «օպերատիվ կապ» ստեղծելու մասին: Բաքվում հավելել էին, որ Ալիևը և Փաշինյանը հավատարմություն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՍՅԱՆԸ