Քիչ առաջ Գյումրու «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի պատճառով տուժել են «Մազդա» մեքենայի ուղևորները։ Նրանք ընտանիքի անդամներ են․ 1950 թվականին ծնված մայրը՝ Ե․Դ․-ն մահացել է, որդին, հարսը ու թոռը տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, մորը, երբ տեղափոխել են հիվանդանոց, արդեն մահացած է եղել, որդին ու 16-ամյա թոռը հետազոտման փուլում են, իսկ հարսին այս պահին վիրահատում են, փայծաղի պատռվածք է ստացել։ Ղեկին եղել է որդին։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Aravot.am –ին տեղեկացրեց, որ միմյանց են բախվել «Մազդա» և «Տոյոտա» մակնիշների մեքենաները, ժամը 14․00-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, հայտնել են, որ օդանավակայան տանող ճանապարհին վթար է տեղի ունեցել, կան տուժածներ։ 1950 թվականին ծնված ուղևորներից մեկը մահացել է, մյուսներին տեղափոխել են հիվանդանոց։ Մեքենայում եղել է նաև անչափահաս, որը քերծվածքներ է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ