Այսօր ԱԺ հանձնաժողովներում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկումներն են: Այժմ քննարկվում է արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների եւ սփյուռքի հարցերի մասով ծախսերն ու եկամուտները, որոնք նախատեսված են հաջորդ տարվա համար:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հետաքրքրվեց, թե ինչքա՞ն գումարի նախնական հայտ է ներկայացրել արտգործնախարարությունը եւ ի՞նչ գումար է հատկացրել կառավարությունը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ 15,7 մլրդ դրամ են ուզել, հատկացվել է 14,9 մլրդ դրամ:
Աշոտյանը նաեւ հարցրեց՝ «Նայեցի գործուղումների համար հատկացումները, 2018-ի ընթացիկ հաշվետվությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան գործուղումների գումարը ավելացել է մոտ 140 տոկոսով, այսինքն, 2018-ին հայ պաշտոնյաները սկսել են ավելի շրջագայել՝ 140 տոկոսով գերակատարելով այդ գումարները: Ֆիննախը ի՞նչ մեխանիզմով է այդ հատկացումներն ապահովել ու որքանո՞վ են արդարացված վերջին ամիսների ընթացքում արտասահմանյան գործուղումների վրա կատարած գերծախսերը»:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ ֆիննախը չի որոշում, նախկինում նախագահը կամ վարչապետն էին որոշում՝ նպատակահարմա՞ր է այդ գործուղումն իրականացնել, թե՞ ոչ, հիմա վարչապետին են դիմում. «Ինչ վերաբերում է գործուղումների վերաբերյալ ձեր տեղեկատվությանը, ապա ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ունեցել ենք գործուղումների համար նախատեսված գումարների ավելի մեծ պահանջ, քան դրանք նախատեսված է եղել օգտագործել: Չգիտեմ, թե որտեղից է ձեր մոտ այդ 140 տոկոսը, որովհետեւ 2018-ի համար նախատեսված է եղել պաշտոնական գործուղումների համար 350 մլն դրամ, ճշտված ծրագրով այն դեռեւս շարունակում է մնալ 350 մլն դրամ: Տարվա ընթացքում այն հնարավոր է աճի, ինչպես եւ նախորդ տարիներին, այնպես էլ հիմա կարիքից է կախված: Եղել են տարիներ, որ վերաբաշխումների միջոցով են այս խնդիրը լուծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ