Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պարզ է և հստակ. առանց ադրբեջանական օկուպացված տարածքների ազատագրման հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին գրում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմը:
Նշվում է, որ Թուրքիան նախկինի պես կաջակցի Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը կպահի օրակարգում:
«Եթե Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է անհապաղ ազատի ադրբեջանական օկուպացված տարածքները»,- ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ ի պատասխան գործակալության հարցմանը:
Աշխատակազմից նաև ասել են, որ Հայաստանը պետք է հրաժարվի «1915թ. իրադարձությունների» հարցում հավակնություններից:
«Չնայած արխիվները բացելու և 1915թ. իրադարձությունները քննող համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի բոլոր կոչերի՝ Հայաստանը մինչ օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել»,- ասել են աշխատակազմից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ