Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար բալետմայստեր. «Գայանեն» եւ «Ժիզելը» մայրաքաղաքային թատրոնի մակարդակի ներկայացումներ են»

Նոյեմբեր 02,2018 15:33

Նոյեմբերի 4-ին և 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման առաջնախաղը, նոյեմբերի 2-ին լրագրողները հնարավորություն ունեցան դիտելու «Չիպոլինոյի» փորձը:

«Ես անչափ ուրախ եմ, որ վերջապես «Չիպոլինոն» կլինի մեր բեմում, որը «ծնել» է «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը»,-ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, շեշտեց, որ ներկայացումը կմտնի թատրոնի խաղացանկ: «Սա առաջին մանկական բալետն է, որին սպասել ենք շատ տարիներ»,-հավելեց պարոն Օրբելյանը:

 Մանրամասները` տեսանյութում

Լեգենդար պարուսույց-բեմադրիչ Հենրիխ Մայորովը խոսելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի որակի մասին, ասաց, որ Երեւանում դիտել է երկու ներկայացում` «Գայանեն» եւ «Ժիզելը» ու շատ է հավանել: «Գայանեն» փայլուն ներկայացում էր՝ բարդ տեխնիկայով եւ ազգային կոլորիտով: Այնպիսի՜ հաճույք ստացա, հենց դա է թատրոնը»,-ընդգծեց վարպետը:

Մանրամասները` տեսանյութում

Մայորովը գոհ է մնացել նաեւ «Ժիզելից»: Ասում է, դա բարդ առաջադրանք էր բալետային խմբի համար: Նաեւ հավելում է. «Կարող եմ փաստել, որ երկու ներկայացումներն էլ մայրաքաղաքային թատրոնի մակարդակի էին: Բալետային խմբի հետ շատ եմ աշխատել, այնպես եմ արել, որ բալետային խումբը հասկանա` ներկայացման որակը ողջ աշխատանքի միաձուլումն է…Ես սպասում էի, թե երբ է բալետային խումբը «բոցավառվելու», եւ ահա եկավ ժամանակը ու այն «պայթեց»:

Պարուսույց-բեմադրիչն ասում է, որ «Չիպոլինոն» մանկական բալետային ներկայացում է, բայց նաեւ շատ բարդ է, պատահական չէ, որ Մեծ թատրոնում այն անվանում են մանկական «Սպարտակ»: Հավելում է, որ այնպես է աշխատել, որպեսզի երեխաները հավանեն ներկայացումը, հասակ առնելուց հետո կրկին գան թատրոն՝ օպերա եւ բալետ վայելելու: «Սիմֆոնիկ երաժշտությունը, օպերան եւ բալետը արվեստի էլիտար տեսակներ են, հանդիսատեսին պետք է շատ վաղ հասակից «վարժեցնել» այդ արվեստին»,-համոզված է բալետմայստերը:

Մանրամասները` տեսանյութում

Հավելենք, որ «Չիպոլինոյի» դեկորները և հագուստները Ռուսաստանի Մեծ թատրոնից բերվել են Ազգային օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ եւ «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Դիրիժորներն են Հարություն Արզումանյանը, Կարեն Լավչյանը, բեմադրող բալետմայստերը՝ Հենրիխ Մայորովը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930