Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերո՞նք ինչ անեն, բա որ ասում ենք իներցիոն բուջե է». Ջրային կոմիտեի նախագահ

Նոյեմբեր 02,2018 15:08

Շատ է խոսվում այն մասին, որ տնտեսական աճը չեն զգում մարդիկ, ե՞րբ է այդ օրը, ժամը, որ կզգան: Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է 2019-ի պետբյուջեի նախագիծը, այսպիսի հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց՝ որակյալ աճը զարգացման պետք է տանի շարունակաբար, ամսաթիվ ասելը անլուրջ կլինի: Որքան արագ կլինի տնտեսական աճը, որան արագ կփոխվի տնտեսական աճի կառուցվածքը, կախված է մեր գործողություններից:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն էլ ներկայացրեց իր ոլորտի քաղաքականությունը, բոլոր ցուցանիշների առումով 2019-ին աճ է սպասվում: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց՝ ցուցանիշներում փոխադրումները գրված է 100 տոկոս, բնական է, որ ոչ մեկին օդանավակայանում չեք թողնում, բայց արդյո՞ք նոր չվերթներ կլինեն: Արշակյանը նոր չվերթների մասին չպատասխանեց, փոխարենն ասաց. «Մեր ավիացիոն պետական կոմիտեի գործառույթը թռիչքների անվտանգությունն ապահովելու հետ է կապված: Հիմա մենք, քանի որ քաղաքականություն մշակող մարմին ենք, ստանձնել ենք այդ պատասխանատվությունը, ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ մոտեցում կարող ենք որդեգրել»:

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն էլ իր ոլորտին հատկացված միջոցները ներկայացնելիս դժգոհեց, որ իրենք այլ պահանջ են ներկայացրել, կառավարությունը այլ թիվ է հաստատել ու ճեղք է առաջացել. «Ճեղք է առաջացել վարկային միջոցների կրճատման արդյունքում, հույս ունենք, որ ֆիննախը եւ պարոն Ջանջուղազյանը տարվա ընթացքում միջոցներ կգտնեն, որ կարեւոր ծրագրերը կանգ չառնեն»:

Խոսրով Հարությունյանն ասաց՝ ճիշտ է, հույսը մահանում է ամենավերջում, բայց ուզում եմ, որ շատ չհուսադրվեք, չեմ կարծում, որ տարվա վերջում այլ վերաբաշխում կարվի:

Նա նաեւ հարցրեց՝ ոռոգման ջրի կորուստները 56.15-ը ընդամենը դարձնելու եք 56.02: Եթե ձեզ հատկացված 32 մլրդ-ը 60 մլրդ դառնար, շա՞տ կփոխվեր այս տոկոսը: Ինեսսա Գաբայանի պատասխանը ավելի քան զարմանալի էր: Նա բյուջեի նախագիծը ցույց տալով՝ ասաց. «Թույլ տվեք չհավատալ այս թվերին: Ես մի քիչ հակված եմ այս թվերը լիովին…»: Տեսնելով, որ ծիծաղում են քննարկման մասնակիցները՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք ծիծաղում, որ այդքան անկե՞ղծ եմ: Մենք, իհարկե, ունենք կորուստ, դրանք թվեր են, բայց որպեսզի այդ թվերն իրական լինեն եւ յուրաքանչյուրս հավատանք այդ թվերին, գիտեք, որ այսօր ջրով զբաղվում են բոլորը, ջուրը հրաշք է, կգա մի օր, որ այդ ջրին կնայենք՝ որպես անգնահատելի ռեսուրս: Որպեսզի մենք ճիշտ գնահատենք կորուստները, պետք է ոռոգման եւ ջրամատակարարման համակարգում ունենանք ջրի հաշվառման հնարավորություն, մենք այդ հնարավորությունը չունենք, ունենք շատ մեծ կորուստներ: Եթե ինչ-որ ռազմավարություն է մշակվել նախկին կառավարությունների կողմից ու ներկայացվել է, որ այսքան կորուստը կդառնա այսքան, կներեք, ես շատ անկեղծ եմ ու այդ թվերին չեմ հավատում: Բյուջեն մեզ այսօր այդքան հնարավորություն չի տալիս, բայց մեր կարեւորագույն խնդիրներից է ջրի հաշվառման համակարգի ստեղծումը: Այդ համակարգը պետք է լինի թափանցիկ, բոլորի համար մատչելի»:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց՝ «Դուք ինձ շփոթեցրիք, այս թվերը ձերոնք են ներկայացրել»: Ինեսսա Գաբայանը պատասխանեց. «Հետո՞ ինչ, որ մերոնք են ներկայացրել, մերո՞նք ինչ անեն, բա որ ասում ենք իներցիոն բյուջե է»: Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ այդուհանդերձ, հավատա՞նք, թե՞ ոչ: Տիկին Գաբայանը պատասխանեց. «Ոչ, մի՛ հավատացեք»:

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը Ջանջուղազյանին դիմեց՝ ոլորտի պատասխանատուն ասաց, որ բյուջեի թվերն իրատեսական չեն, մենք իրավունք ունե՞նք ինչ-որ թվեր դնենք բյուջեում, գումարներ տանք, հետո էլ վերահսկենք, հետո էլ զարմանանք, թե ինչու այդ թվերն իրականություն չեն դառնում, սա ի՞նչ է նշանակում: Ջանջուղազյանը պատասխանեց. «Մենք իրավունք չունեք կառավարության կողմից ներկայացված փաստաթղթի նկատմամբ ունենալ մասնավոր վերաբերմունք, սա արտահայտում է կառավարության պաշտոնական կարծիքը: Կարող ենք տարբեր հարթակներում տարբեր կարծիքներ արտահայտել, երբ կաշկանդված չեն նրանով, որ մաս են մի ամբողջի, որի անունը կառավարություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930