Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «փոքր եւ ոտքի տակ ընկնող ֆիգուր» Արտակ Շաբոյանը շարունակում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ

Նոյեմբեր 02,2018 14:45

«Դուք չափազանց փոքր ֆիգուր եք ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար։ Իմ բանավեճը ձեր քաղաքական ծնողների հետ է։ Այնպես որ, ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել»,- ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին տարիներ առաջ ասել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր խորհրդարանում լրագրողներից մեկի այդ հիշեցմանը եւ հարցին`ինչպե՞ս է պատրաստվում աշխատել նոր իշխանության հետ, Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Մենք մեր աշխատանքը բարեխիղճ իրականացնում ենք: Նոր Սահմանադրությամբ՝ մեկ տարվա ընթացքում պետք է մեր հանձնաժողովի նոր անդամներ նշանակվեն Ազգային ժողովի կողմից, վարչապետի առաջադրմամբ: Այս ժամանակահատվածում վարչապետը կարող էր, կարող է նոր թեկնածու ներկայացնել»: Հարցին՝ հեղափոխությունից հետո ինքը փոխվե՞լ է, Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Ես նույն աշխարհայացքով շարունակում եմ աշխատել»:

«Քննադատություններին միշտ էլ նորմալ եմ վերաբերվել, դրանք միշտ էլ աշխատանքային են եղել: Քննադատություններին ես դրական եմ վերաբերվում, քանի որ դրանք նպաստում են աշխատանքի բարելավմանը»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Հայաստանում հիմա մենաշնորհներ կա՞ն, թե`ոչ`լրագրողների տարատեսակ հարցերին, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ հարցը պետք է դիտարկել այլ տեսանկյունից` ապրանքային շուկաներում մուտքի խոչընդոտների եւ հայտարարեց, որ նման խոչընդոտներ այսօր չկան: Նախկինի խոչընդոտների մասին հարցերը Արտակ Շաբոյանը շրջանցեց:

Իբրեւ իր ասածի օրինակ, Արտակ Շաբոյանը խոսեց շաքարավազի շուկայից եւ հայտարարեց, որ այսօր մոտ 100 տնտեսվարողներ են շաքարավազ ներկրում: Շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը մրցակցում է մյուսների նման եւ ներկրումներ է իրականացնում: Արտակ Շաբոյանը հիշեցրեց, որ նախկինում այդ ընկերությանը պատկանում էր շուկայի 98 տոկոսը, այժմ`78 տոկոսն է:

Հարցին`հեղափոխությունից հետո ինչպե՞ս է փոփոխվել այս շուկան, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ շաքարավազի շուկայում փոփոխություններ սկսել են կատարվել 2015-2016 թվականներից՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ընթացակարգերի պարզեցմամբ պայմանավորված. «Սակայն դրանք հիմնականում փոքր տնտեսվարողներ էին, փոքր խմբաքանակներով էին ներմուծումներ իրականացնում: Վերջին 3-5 ամիսների ընթացքում ավելի է շատացել շաքարավազ ներկրողների թվաքանակը: Եվ ոչ միայն թվաքանակն է շատացել, այլ նաեւ խմբաքանակներն են մեծացել»:

Այլ մանրամասները`շուտով տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930