Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Հարությունյանի «կռիշն» էլ ծակվեց». Սիլվա Համբարձումյան

Նոյեմբեր 02,2018 14:32

Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 8 մլն դոլար կաշառք է տվել, գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է գտնվում: Արամ Հարությունյանի հետ առերեսում եղել է: «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գործարարը պատմեց՝ 2015-ից այս աղմկահարույց գործն ընթանում էր, բայց երկու անգամ եղան կասեցումներ:

Նա պատմեց՝ Դուբայում գտնվող Արաքս Դիլանյանի հաշվեհամարին ութ միլիոն դոլար է փոխանցել, որը փոխանցվել է Արամ Հարությունյանի ընկերների ու բարեկամների՝ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանի, Վիկտոր Մարտիրոսյանի ու Արմեն Խաչատրյանի հաշիվներին:

Սիլվա Համբարձումյանն ասաց՝ երբ եղավ թավշյա հեղափոխությունը, դիմել է դատախազին, որ գործը վերաբացեն: Հիմա քննությունն ընթանում է:

Հիշեցմանը՝ Գագիկ Կարապետյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, Սիլվա Համբարձումյանը պնդեց. «Կապ ունի: Պնդում էի, որ առերեսում անեն նրա հետ, մնացել է նրա հետ առերեսման պրոցեսը: Պատահական չէր, որ Գագիկ Կարապետյանի տանը խուզարկություն էին կատարել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է կաշառք տվել Արամ Հարությունյանին, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Հանքեր ձեռք բերելու համար կաշառք եմ փոխանցել: 2008-ին դեռ այն օրենքը չէր գործում, երբ կաշառք տվողը նույնպես պատասխանատվության է ենթարկվում: Մինչև 2011-ը կաշառք տվողին ոչ մի տույժ չէր հասնում: Հանքերը ձեռք բերեցինք, բայց անօրինական հիմքով անմիջապես զրկեցին, չկարողացանք նույնիսկ այդ հանքի բերկրանքով շնչել: Դրանք մետաղական հանքեր էին: Մինչև այս հեղափոխությունը ՀՀ-ում առանց կաշառքի որևէ հարց չի լուծվել: Բոլորդ էլ տեղյակ եք: Արամ Հարությունյանը շատ վստահ էր, բայց նրա «կռիշն» էլ ծակվեց, ինչպես տեսանք»:

Aravot.am-ի հարցին՝ կասկածներ ունի՞, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոռուպցիոներ պատգամավորը հենց Արամ Հարությունյանն է, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ պարոն վարչապետն ում նկատի ունի: Ես իմ կարծիքը, իմ թեման ասում եմ, որ դա Արամ Հարությունյանն է: Չեմ կարծում, որ կա տենց մի պատգամավոր, որ նման խոշոր կաշառք վերցրած լինի»:

Սիլվա Համբարձումյանն ասաց, որ ինքը չի վախենում՝ նման հայտարարություններ անելով, այնուհետև տեղեկացրեց՝ իրեն անվտանգություն է տրամադրված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930