Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրումային բում սպասե՞լ ԱԺ ընտրություններից հետո

Նոյեմբեր 02,2018 14:15

«Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, որովհետեւ չեմ կարծում, որ այդպիսի հարց կա»,- այսօր, Aravot.am-ի հարցին`եթե այնուհանդերձ, ստեղծվի իրավիճակ, որ հայ-իրանական սահմանը փակվի, ի՞նչ տնտեսական իրավիճակ է մեզ սպառնում՝ այսպես պատասխանեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`այս պահին Հայաստանն ունի երկու կիսաբաց սահման. «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ պետք է նույնն ասեմ, ինչ միշտ է ասվել՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։

Նա նշեց նաեւ, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը. «Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ։ Սահմանը փակ է Թուրքիայի կողմից, ու Թուրքիայի կողմից փակ է արցախյան հակամարտության պատճառով. դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի Հայաստանի Հանրապետությանը, Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է։ Ես ուզում եմ, որ բոլորս սա արձանագրենք»:

Անդրադառնալով հետհեղափոխական շրջանում ակնկալվող տնտեսական բումին, նախարարի պաշտոնակատարն ասաց` համամիտ է վարչապետի գնահատականներին, որ ներդրողները սպասում են արտահերթ ընտրությունների անցկացմանը. «Ներդրողները դա բառացի չեն ասում, բայց ակնհայտ է, որ սպասում են»:

Aravot.am-ի հարցին`ընտրություններից հետո ներդրումային բում կլինի՞, նախարարը պատասխանեց, որ կլինի որոշումների արագացում. «Համախառն կուտակումը տնտեսության մեջ գնահատվում է, որ 2019 թվականի ընթացքում կաճի 6 տոկոսով, դա նշանակում է, որ մոտավորապես հանրագումարով կհասնի 19 տոկոսի: ՀՆԱ-ի նկատմամբ, այո, 19 տոկոս կկազմեն մասնավոր եւ պետական ներդրումները միասին: Այդտեղից կարող եք հետեւություն անել»:

Նախարարի պաշտոնակատարը խոսեց այն մասին, որ չինական պատվիրակությունն էր վերջերս Հայաստանում, քննարկումներ եղան, սպասելիքներ կան: Aravot.am-ի դիտարկմանը`հայ-չինական հարաբերությունների զարգացման, «մետաքսի ճանապարհի» գործարկման մասին առնվազն մեկ տասնամյակ է խոսվում, հետհեղափոխական շրջանում ի՞նչ նոր ներդրումային ծրագրերի մասին կարող ենք խոսել, Տիգրան Խաչատրյանը հակադարձեց. «Երրորդ անգամ եք նույն հարցը տալիս»:

Հարցին, հարուցված քրեական գործերը, որոնց ծավալը 200 մլն դոլար է կազմում, ինչի մասին վարչապետը խոսեց ԱԺ ամբիոնից, կարո՞ղ են վտանգ հանդիսանալ նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Երկու մասի է պետք բաժանել հարցը, ովքեր խնդիրներ ունեն օրենքի հետ, բնականաբար, պետք է իրենց պարզաբանումները տան: Դրանք գործընթացներ են, որոնք պարզաբանվելուց հետո կորոշվեն՝ ով է մեղավոր, ով անմեղ: Բոլոր ներդրումային որոշումները կայացվում են այն միջավայրում, որտեղ կանխատեսելիություն կա: Այսինքն՝ ես մտածում եմ, որ ձեր կողմից նշված դեպքերում որևէ անորոշություն չկա, կա խնդիր օրենքի հետ: Իսկ նոր ներդրողները մտահոգության տեղիք չպետք է ունենան, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ այսուհետ օրենքի հետ որևէ խնդիր չպետք է առաջանա, պետք է կատարեն օրենքի պահանջները»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930