«Ես «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ եմ, եւ իմ պաշտոնավարումը պայմանավորված է լինելու այդ կուսակցության՝ այս ընտրություններում դիրքավորմամբ»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին՝ «ապագայում նոր կառավարությունում կշարունակե՞ք ձեր գործունեությունը որպես արդարադատության նախարար», ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նա ընդգծեց, որ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ դեռ քննարկումներ չի արել, հայտարարություն չունեն. «Ես հիմա կառավարության անդամ եմ եւ իմ լիազորությունները կատարում եմ ողջ ջանասիրությամբ»: Ըստ Զեյնալյանի՝ նախարարի պաշտոնը քաղաքական է, իսկ թե ով կզբաղեցնի այն՝ կորոշի վարչապետը:
Իսկ թե ինչու երեկ տեղեկատվություն տարածվեց Զեյնալյանի լիազորությունների մոտալուտ դադարեցման մասին, Արտակ Զեյնալյանը ժպտալով նկատեց. «Կարծում եմ՝ ուղղակի լուր լինելու անհրաժեշտությամբ է պայմանավորված այդ տեղեկատվության տարածումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ