Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չնայած ՀԲ-ն աճի ուղղությամբ է վերանայել նախորդ կանխատեսումը, այնուհանդերձ լավատես չէ տարվա երկրորդ կեսի տնտեսական զարգացումների առումով. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 02,2018 12:52

Նախորդ կանխատեսման համեմատ Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի գնահատականը։ Նախկին 4,1-ի դիմաց ակնկալվում է, որ տարեվերջին աճը կլինի 5,3 տոկոս։

Թվում է, թե Համաշխարհային բանկը լավատեսական սպասումներ ունի Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ առաջիկա զարգացումների վերաբերյալ։ Սակայն այդպես է միայն առաջին հայացքից։ Իրականում գնահատականը ոչ միայն լավատեսական չէ, այլեւ մտահոգիչ է։

Ընթացիկ տարվա համար Համաշխարհային բանկը Հայաստանում համախառն ներքին արդյունքի 5,3 տոկոս հավելում է ակնկալում։ Այն դեպքում, երբ առաջին կիսամյակում տնտեսական աճը 8,3 տոկոս էր։

Սա փաստորեն նշանակում է, որ չնայած ՀԲ-ն աճի ուղղությամբ է վերանայել նախորդ կանխատեսումը, այնուհանդերձ լավատես չէ տարվա երկրորդ կեսի տնտեսական զարգացումների առումով։ Դատելով հրապարակված ցուցանիշներից՝ կանխատեսվում է տնտեսական աճի տեմպի զգալի նվազում։ Խոսքը 3 տոկոսի մասին է, ինչը լուրջ անկում է նման կարճ ժամանակահատվածի համար։

Զարմանալի է, որ նման կանխատեսումներից հետո Համաշխարհային բանկի փորձագետներն այսպիսի դատողություն են արել.

-2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումը։

Եթե այդպես է, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ հետեւանք է տարեվերջին կանխատեսվող աճի տեմպի կտրուկ նվազումը։

Հայաստանի տնտեսության վիճակն ու կանխատեսվող պասիվացումն անշուշտ անսպասելի չէր։ Իշխանափոխությունից հետո չկան նոր բիզնես-ծրագրեր։ Տնտեսավարողներն անընդհատ բախվում են խնդիրների։ Կառավարության քայլերը ոչ միայն չեն նպաստում տնտեսության կայունացմանը, այլեւ ստիպում են հետաձգել ծրագրված քայլերը։ Պատահական չէ, որ հետեւանքներն աստիճանաբար նկատելի են դառնում։

Կասկած չկա, որ այս տարվա համար ՀԲ մասնագետների կանխատեսած 5,3 տոկոս աճը հիմնված է հատկապես տարվա առաջին կեսի բարձր ակտիվության վրա։ Փոխարենը՝ երկրորդ կիսամյակում արձանագրվող զարգացումները դրական չեն։

Առավել եւս վերջին ամիսներին Հայաստանի տնտեսությունը գրեթե դադարել է ակտիվություն ցուցաբերել։ Թեեւ դեռեւս չեն ամփոփվել երրորդ եռամսյակի աճի ցուցանիշները, այնուհանդերձ արդեն այժմ կարելի է ասել, որ դրանք զգալիորեն ցածր կլինեն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակի համեմատ։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930