Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկատուն մսատուի եւ կաթնատուի պես չէ, հարկ վճարող են կոչելու, ՊԵԿ-ում 20 տարուց ավելի աշխատածներին ուղարկելու են տուն. Դավիթ Անանյան

Նոյեմբեր 02,2018 12:43

2019-ի պետբյուջեի նախագծի քննարկումները ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց եկամուտների ձեւավորման, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հարցրեց՝ պաշտոնական վիճակագրությամբ մեր ժողովրդի աղքատությունը 30 տոկոս է, մարզերում շատ ավելի բարձր է, օրինակ, Շիրակի մարզում հասնում է գրեթե 35 տոկոսի, ի՞նչ հարկային քաղաքականություն եք մշակելու, ի՞նչ գործիքակազմ եք կիրառելու, որ աղքատության շեմը հատկապես մարզերում մեղմվի, մանավանդ, որ կառավարության ծրագրում մարզերի համաչափ զարգացումը գերակա է:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ տարածքային համաչափ զարգացման նպատակով սահմանամերձ համայնքներում որոշակի հարկման ռեժիմ արդեն կա, բայց որեւէ տարածքային առանձնահատկությամբ պայմանավորված հարկային քաղաքականությամբ եթե մտածենք, որ կկարողանանք լուծել այդ խնդիրը, դրա մեջ ռիսկ ենք տեսնում: Նույն տարածքում կարող են լինել եւ շատ հաջողված եւ ոչ բավարար չափով հաջողված տնտեսվարողներ ու եթե տարածքով արվի, դասակարգման ու օբյեկտիվության տեսանկյունից վերապահումներ կառաջացնի: Ջանջուղազյանը նաեւ ասաց, որ ցածր հարկեր կիրառելով՝ տնտեսական աճին չեն նպաստում: Առանձին գործունեության տեսակի հետ կապված քննարկում է որոշակի մեղմ մոտեցում դրսեւորելու հարցը, բայց դրա շուրջ առայժմ չկա փոխհամաձայնություն:

ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց, թե գործարարության համար բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար ի՞նչ է արվելու, որ կոնկրետ գործարարն ինքն իր վրա զգա արդյունքը: Դավիթ Անանյանը պատասխանեց, որ գլխավոր պայմանը գործընկերային փոխհարաբերություն ստեղծելն է. «Մենք այլեւս ձեռնպահ ենք մնալու հարկատու տերմինը կիրառելուց, մենք օգտագործելու ենք հարկ վճարող տերմինը, որովհետեւ հարկատուն մի քիչ ավելի բան է…մսատու, կաթնատու: Մենք գործ ունենք հարկ վճարողի հետ: Հարկատուն պարտադրանքի տարրեր է իր մեջ ենթադրում: Երկրորդը՝ ինքներս ենք մեր մոտ մաքրվելու, մենք շուրջ 6 վարչություններում արմատական փոփոխություններ ենք կատարելու եւ մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են եւ ոչ նոր արժեք ստեղծելու կարողություն ունեն, ոչ իրենց փորձը փոխանցելու, մենք իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Նրանք, ովքեր 10 տարուց ավելի աշխատել են, մեր համակարգ մտած բազմաթիվ երիտասարդներին պետք է սովորեցնեն»:

Նա ասաց, որ «Մենք ինքներս պետք է փոխվենք, այնպիսի լոզունգ դարձնենք, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ է, այլ նորմալ, սովորական երեւույթ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930