Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վախճանից էլ պարզ» ժողովածուն երևակում է Հրաչյա Սարուխանի ինքնատիպ ու անշփոթելի բանաստեղծական ոճն իր սքանչելի հմայքով ու տարերքով

Նոյեմբեր 02,2018 12:37

Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն: Այն, կարելի է ասել, բանաստեղծի գրական ժառանգության ամփոփումն է. ներառում է բանաստեղծի հրատարակած բոլոր ժողովածուները, ինչպես նաև գրքերից դուրս մնացած բանաստեղծություններ, անտիպ գործեր, թարգմանություններ: Իբրև ամբողջություն «Վախճանից էլ պարզ» ժողովածուն երևակում է Հրաչյա Սարուխանի ինքնատիպ ու անշփոթելի բանաստեղծական ոճն իր սքանչելի հմայքով ու տարերքով:

ՀԵԿԵԿՈՑ

Լացագույն է ձմռան ոսկեվորիկ օրը։

Մեղապարտի պես եմ կորուստներիս հանդեպ։

Մկաններիս սզուն և ուղեղիս քորը

Տոն են տալիս դարձյալ տկարությանն անդեմ։

…Գարուն կգա շուտով։ Կտարածվեն բույրեր։

Արցունքներս կընկնեն խոտին գերեզմանի…

Եվ լազուրը երկնի, եղբայրնե՜ր ու քույրե՜ր,

Թիթեռների թևով ինձ կսպանի։

 

ՁՄԵՌՆԱՄՈՒՏ

Առաջին ձյունը Աստծո ճերմակով

Վիրակապում է վերքերը հուշի…

Ասես ուրիշն է ապրել քո կյանքով,

Ասես ապրել ես կյանքը ուրիշի։

 

Ու դեռ թվում է՝ օրերից մի օր

Ճակատագիրդ քեզ պիտի հիշի

Եվ քո անցյալից ներկայով մի նոր

Սահմանազատի գալիքն ուրիշի։

 

Բայց ամեն գիշեր կոպերիդ ներքո

Մի դեմք է հառնում հարանման քեզ,

Եվ հորինվելիք քո՛ իսկ հանգերգով

Մենախոսում է քեզ դիմելու պես.

 

– Չշնչավորված մանուկներին սուրբ

Ես ինչպե՞ս չասեմ վախ ու ողորմի…

– Կյանքդ կարծեցիր չքնաղ մի ասուպ,

Բայց երազախաբ գիսավոր էր մի…

 

Ի հեճուկս քեզ և իմ կսկծու

Աչքափուշ եղավ նույնիսկ ցա՛վը մեր…

– Քա՜ղցր ես ու անուշ, դա՜ռն ես ու կծու,

Բանաստեղծների բախտակից ձմե՛ռ…

 

Առաջին ձյունը աստծո ճերմակով

Վիրակապում է վերքերը հուշի,

Եվ մենակյացի քո հին վերմակով

Ասես ծածկում ես… մարմինն ուրիշի։

 

ՀՐԱԺԵՇՏ ԱՆԾԱՆՈԹ ՊԱՌԱՎԻՆ

 

Գնում ես։ Ճիշտն ասած՝ տանում են,

Պառավ իմ, անծանոթ պառավ,

Եվ ահա –

Շրջում է անունդ՝

Մահազդի շրջանակն առած։

 

(Ինչ դառն է)… Գարեջուր եմ խմում։

Գլխարկս թողել եմ տանը։

Դագաղը քսվում է քամուն։

Մեղեդին թեթև է ու ծանր։

 

Քեզ համար էլ չկան հասցեներ։

Իմ բաժին հրաժեշտն եմ տալիս։

Կհիշե՞ս Տեր Աստծուն հարցնել՝

Ինչու են մահանում ժպտալիս։

 

Պառավ իմ¸ անծանոթ պառավ,

Ես ի՛նքս էլ անուն եմ երթևեկ։

Մահազդի շրջանակն առած

Ես էլ եմ շրջելու երբևէ…

 

Տանում են։ Ճիշտն ասած՝ գնում ես։

Քեզ համար

Մենք արդեն թքա՛ծ։

Իսկ այստեղ մեկը քնում է

Գլուխը գավաթին թեքած։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930