Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան նվազել է ինչպես հանրակրթությունում, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում. ԿԳ նախարարը՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Նոյեմբեր 02,2018 12:09

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ այսօր քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր:

Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում: Նրա գնահատմամբ՝ ծրագրի իրագործումը նպաստել է ինչպես բուհերի հաշվետվողականության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը, այնպես էլ բուհի կառավարման գործընթացում դասախոսների և ուսանողների դերակատարության ընկալմանը: Նախարարի խոսքով՝ նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ պետք է կրեն: «Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորը քաղաքական կամքի առկայությունն է, որն այսօրվա իշխանություններն ունեն: Մեր նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ կոռուպցիան նվազել է ինչպես հանրակրթությունում, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում: Այս առումով շատ կարևորվում է ծրագրի շարունակականությունը, հատկապես որ նախատեսում ենք լուրջ փոփոխություններ կատարել բուհերի կառավարման խորհուրդներում, որն իր հերթին կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին Նատալյա Վուտովան հայտնել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը Հայաստանի կրթական համակարգում իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր նախագծերի իրականացման ուղղությամբ: Նա կարևորել է կոռուպցիայի և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քայլերը: Տիկին Վուտովայի խոսքով՝ նախանշվող ծրագրերը նախատեսվում են իրականացնել ուսուցիչների և աշակերտների շրջանում հանդուրժողականության, գենդերային հավասարության և խտրական վերաբերմունքի ընկալման ու ամրապնդման ուղղությամբ:

Ողջունելով Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ներկայացրած նախագծերը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, և առաջիկա տարիների գործողություններն ուղղված են լինելու դրա կանխարգելմանը: Միաժամանակ, ԿԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է իրականացվող ծրագրերի բովանդակությունն ու գործիքակազմը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք այլ հարցեր:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930