Հոկտեմբերի 31-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով քաղաքացիներին հրավիրում էր մասնակցելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու թեմայով հանրային քննարկմանը։
«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու մասին խոսակցություններն օնլայն տիրույթում, մասնավորապես ֆեյսբուք սոցցանցում ծավալվեցին շանսոնյեի մահվանից մի քանի օր անց։ Զգացմունքայնության ֆոնին շատերը ցանկություն հայտնեցին ամենուրեք եւ ամեն ինչ դարձնել ազնավուրյան, ինչի արդյունքում էլ ծնվեց «Զվարթնոց» օդանավակայանը «Շառլ Ազնավուր» վերանվանելու գաղափարը։
Շատերը վստահություն հայտնեցին, որ Շառլ Ազնավուրը կծաղրեր նման որոշման համար, մտահոգություն հայտնեցին, որ մշակույթի նախարարությունը մոռացել է իր իրական գործառույթները եւ ամբոխավարությամբ է զբաղված։ Մշակույթի նախարարությանը առաջարկեցին տափակություններով ու միմոսություններով զբաղվելու փոխարեն պարզել, թե ինչեր են կատարվում նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում։
Երեկ մշակույթի նախարարությունն իր հայտարարությունը արդարացնող եւ փոքր-ինչ հակասող պարզաբանում տարածեց, նշելով, որ «Զվարթնոց» օդանավակայանը Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ նախարարությունը տվել է բացասական կարծիք՝ ներկայացնելով հիմնավորումներ։
Շեշտենք, որ մինչ այդ նախարարության կողմից որեւէ ձեւով չի հիշատակվել օդանավակայանի հարցը, ավելին՝ վերը նշված բացասական կարծիքի հետ կապված որեւէ հիմնավորում չի ներկայացվել։ Տպավորություն էր, թե մշակույթի նախարարությունը հայտարարություն տարածել, նոր էր հարցն ուսումնասիրել, կամ տարածել եւ փոշմանել էր։ «Ե՛վ մշակույթի նախարարությունը, եւ՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ։ Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց՝ հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը՝ հիմնավորումներով»,- գրված է նախարարության պարզաբանման մեջ։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում