Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստների այնպիսի հարկ են մտցնելու, որ աղքատներից չնեղանան. «Պետք չի, որ եթե աղքատները ատում են հարուստներին, հիմա էլ հարուստները ատեն»

Նոյեմբեր 02,2018 11:45

2019-ի պետբյուջեի քննարկումները ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց եկամուտների ձեւավորման, հարկային եւ մաքսային քաղաքականությունը;

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ հետհեղափոխության շրջանում ստվերային տնտեսությունը կրճատվե՞լ է, Ջանջուղազյանը պատասխանեց, որ եթե ստվերի տեղն իմանան, այն կդադարի ստվեր լինել, կգնան ու կսկսեն գործողություններ կատարել դրա նկատմամբ. «Գնահատականները տարբեր են, տարիների ընթացքում 30-50 տոկոս գնահատականներ են հնչել, այդ թվում՝ հեղինակավոր կազմակերպությունների կողմից»: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ միանգամից դա չեն կարող գնահատել, ժամանակ է պետք: Ինչ վերաբերում է հետհեղափոխության ժամանակահատվածում ստվերի կրճատմանը, Ջանջուղազյանն ասաց, որ իհարկե, գործողություններ եղել են, բայց այդ տեղեկատվության աղբյուրը Դավիթ Անանյանն է, որը ավելի ստույգ կներկայացնի:

Մելքումյանը նաեւ հարցրեց՝ սուպերմարկետների հարցն ի՞նչ եղավ. «Եթե հիշում եք, տարբեր ԱՁ-ների հետ կապված խնդիր եղավ ու մսի գինը 1900-ից դարձավ 3900, մենք ունեցանք բարձր գներ ու եկավ, սպառողի վրա ընկավ: Այդտեղ մենք հավասարակշիռ կոմպրոմիս ունե՞նք, թե՞ գները բարձրացան ու վերջ: Միավոր մարդը, որի աշխատավարձը չի բարձրացել, միսը գրեթե ամենօրյա սպառման ապրանք է, մարդը այդ վարչարարության արդյունքում ի՞նչ վնաս կրեց, այդտեղ պետությունը որոշակի կոմպենսացիոն ծրագիր մտածե՞ց, թե՞ մի մասն արեց գործի, մյուսը՝ չէ»;

Ջանջուղազյանը պատասխանեց. «Ի՞նչ էր տեղի ունենում նախկինում, ստացվում էր, որ ամբողջ երկրով սուբսիդավորվում էր այս կամ այն ապրանքի գինը: Դա արդյո՞ք ընդունելի կարելի էր համարվել: Ընդունելի չէր: Հետեւաբար այս փոփոխությունն անխուսափելի էր: Որ դա հանգեցրել է գների աճին, դա տրամաբանական է, բայց նույն շրջանառության հարկ վճարողը կարող է այդ ապրանքատեսակը վաճառել ու ոչ սուպերմարկետից օգտվողը օգտվել համեմատաբար ավելի ցածր գնով, եթե միայն այդ գործոնով է պայմանավորված այդ գների աճը»: Ջանջուղազյանն ասաց, որ միանշանակ չի, որ մսի գների աճը միայն դրանով է պայմանավորված:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ մեր հասարակությունը բեւեռացված է, ունենք շատ հարուստներ ու շատ աղքատներ ու դրա լուծումը գույքահարկն է ամբողջ աշխարհում: Եթե մենք շատ հարուստի նկատմամբ մեծ հարկ կիրառենք, այդ բեւեռացումը չի լինի հարուստների ու աղքատների միջեւ. «1 մլն դոլարանոց դղյակ ունեցողը պետք է պատրաստ լինի շատ ավելի վճարել, քան 1 սենյականոց ունեցողը: Մենք հանրային պարսավանքի դրսեւորում ունեցանք ու պարտավոր ենք սա մեղմել»:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ համաձայն է ու դրա համար միջոցներ ձեռնարկում են, դեռ 2 տարի առաջ էին նախաձեռնել ու պարզ է, որ դա դիմադրության է արժանանում. «Պետք չի, որ եթե աղքատները ատում են հարուստներին, հիմա էլ հարուստները ատեն աղքատներին: Պետք է միջոցները հավասարակշռված լինեն, ոչ թե բաշխումը պետք է անել՝ կախված սոցիալական վիճակից, այլ՝ գույքից: Ձեր ասած սոցիալական նպաստ ստացողը վիլլա չի կարող ունենալ, չի կարող եւ ունենալ, եւ պահել: Նույնիսկ եթե կտակ ստանա, հարկեր պիտի վճարի: Մենք հակված ենք շուկայական արժեքից հարկվի, այլ հարց է, թե ինչ չափով, դա կքննարկվի, բայց չպետք է հարկվի՝ սոցիալական վիճակով պայմանավորված»: Ջանջուղազյանն ասաց, որ մի խնդիր լուծելու համար լրացուցիչ խնդիր չեն առաջացնի, բայց որ դա ճանապարհ է ու որոշել են անել՝ հաստատ է: Նա ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են անում ու շուտով կբերեն ԱԺ այդ նախագիծը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930