Պաշտպանի ուղերձը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ լրագրողներ,
Նոյեմբերի 2-ը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է լրագրողի մասնագիտության նկատմամբ հարգանքի ու մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի երաշխավորումը:
Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրում ժողովրդավարության զարգացման հիմնարար ցուցիչներից է:
Պատասխանատու լրագրությամբ առաջնորդվելու ձեր բարձր կոչումով ու ամենօրյա բարդ աշխատանքով նպաստում եք երկրում ժողովրդավարության զարգացմանը: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:
Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում: Սրանք երկրի առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու ու փոփոխությունների սահուն անցումներ ապահովելու կարևոր գրավականներ են:
Լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների:
Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով շարունակելու եմ գործադրել ջանքեր՝ նպաստելու համար լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխավորմանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան
«Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում: » !!
Անհեթեթ է:
Այսինքն, քաղաքական գործիչները երկիրը տեւաբար կռուադաշտի պիտի վերածեն, ներքին խրամատներ պիտի բանան ու զիրար բզքտեն, ժողովուրդի մի լայն մասը թերաճ մանուկի մտածելակերպ եւ վարքագիծ պիտի ունենայ, իրավապահ մարմինները եւ դատարանները մակերեսային ձեւականութիւն պիտի հանդիսանան միայն, դպրոցները դպրոց չեն, ընտանիքների մի մասը ընտանիք չեն, մտաւորականութիւն արդէն չկայ, եւ լրագրողներուն է որ վերապահուած է այդ ամէ՜նը սրբագրելու պարտականութիւնը:
Լրագրողի միակ գործը ճշմարտութիւններ որոնել ու բացայայտել է: Ապա լուրջ ու խիստ հսկողութիւն կատարել, պետական մարմիններու նկատմամբ: Հայաստանի պարագային, վերահսկողութիւն: Միակ հսկողութիւն: