Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության օգուտները

Նոյեմբեր 02,2018 10:00

Վստահությունը, այնուամենայնիվ, հրաշալի բան է: Վերջերս հարցազրույց էի վերցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից, որը Հայաստան էր եկել տեսնելու, թե երբ եւ ինչպես է ընդունվելու ծխելու սահմանափակումները խստացնող օրենքը, եւ մտածում էր, որ հիմա դրան ոչինչ չի խանգարում: Մեծ է հավանականությունը, որ մյուս տարի նոր գումարման Ազգային ժողովը կընդունի այդ օրենքը, եւ հույս կա, որ մեր երկրում ընդհանրապես կարգելվի փակ տարածքներում ծխելը:

Եթե հեղափոխություն չլիներ, ու մնային նախորդ կառավարությունն ու նախորդ Ազգային ժողովը, ապա այդ օրենքը կընդունվեր մեծ դժվարությամբ: Ընդդիմադիր պատգամավորները հանդես կգային բոցաշունչ ելույթներով եւ կապացուցեին, որ այդ նախագիծը ժողովրդին կեղեքելու եւս մի ձեւ է: Ֆեյսբուքում մի քանի հարյուր հոգի «ստատուս» կգրեին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. «Հերիք չի՝ էս խեղճ ժողովրդին թալանում եք, մի բան էլ՝ չեք թողնում, որ ծխի: Ժողովուրդը ձեր դարդից է ծխում: Հենց որ դուք հեռանաք, այլեւս դարդ չի լինի, ու մարդիկ ծխելը կթողնեն»: Քաղաքացիները չէին վստահում նախորդ կառավարությանը, եւ անկախ նրանից, թե ինչպիսի նախաձեռնությամբ էր այն հանդես գալիս, մերժում էին գործադիրի ցանկացած քայլը: Հիմա ճիշտ հակառակն է:

Նույնը՝ գարդասիլի պատվաստումները: Առաջ, «ինչպես հայտնի է», ՀՀԿ-ն ցանկանում էր գարդասիլով չորացնել հայ ժողովրդի արգանդը: Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի քաղաքական աղմուկ էր բարձրացել այդ պատվաստումների դեմ, որոնք, ի դեպ, կամավոր են՝ չեք ուզում, մի՛ պատվաստվեք: Հիմա նույն գարդասիլը միանգամայն անվնաս է: Ինչո՞ւ: Որովհետեւ իշխանությունն այսօր պատկանում է ժողովրդին: Գրում եմ դա առանց որեւէ հեգնանքի: Այդպիսին ենք մենք բոլորս՝ եթե սենյակի անկյունում պարան է ընկած, համապատասխան նախատրամադրվածության դեպքում այդ պարանը մեր աչքին օձ է երեւում:

Կառավարությանն ու, հուսով եմ, նաեւ Ազգային ժողովին վստահելը միանգամայն դրական երեւույթ է: Հիմա որ ոլորտն էլ վերցնենք, կարիք կա արմատական, ցավագին բարեփոխումների: Քանի վստահությունը կա, դրանք պետք է արագ անցկացնել: Դեկտեմբերի 9-ին ձեւավորվելիք Ազգային ժողովն այդ առումով բացառիկ դեր ունի՝ հատկապես հաշվի առնելով, որ մենք ապրում ենք խորհրդարանական կառավարում ունեցող երկրում: Մնում է հուսալ, որ նոր խորհրդարանում կհայտնվեն քաղաքական մարդիկ, ոչ թե «ռեյտինգային» բրածոները՝ նախորդ քրեաօլիգարխիկ համակարգից:

…Պատկերացրեք, ինչ կլինի, եթե հիմա որեւէ զինված խումբ (Աստված մի արասցե) հարձակվի ոստիկանական գնդի վրա: Քանի՞ հոգի է դա ողջունելու:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բարի: Իսկ երբ որ այս «վստահութիւն»ն ալ սպառի, ի՞նչ է լինելու: Նորէ՞ն «յեղափոխութիւն»… Մինչեւ ե՞րբ, այսպէս: Երբ որ գոնէ-մի-քայլ-առաջն ալ պատրանք է միայն, եթէ անոր պիտի յաջորդեն երկու քայլ ետեւ:

    Որովհետեւ խորքին մէջ վստահութեան հարց չէ: Այլ սիրահարութեան: Բան մը որ ամէն դէպքում ժամանակաւոր է, անցաւոր, եւ մէյ մը որ սկսի փարատիլ, շատ արագ կը ցնդի, կ’անհետանայ: Մինչ նախորդ վարչակարգի նկատմամբ ալ, հիմնական զգացումը անվստահութիւնը չէր, այլ զուտ ատելութիւնը: Որ յարատեւ է:

    Այս աստիճանի եւ այս տարողութեամբ, այդքան լայն հաւաքականութեան մը մտային զարգացման, բանականութեան եւ հասունութեան պակասը սբագրելի չէ: Գոնէ ոչ վստահաբար:

  2. Լավատես says:

    `Վստահությունը, այնուամենայնիվ, հրաշալի բան է:`
    մյուս կողմից՝ «Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ բաց մի թող»:
    Երբ ուզում են համակարգը քանդել, մասնագետների գլխին ղեկավար նշանակում են լուսանցքայիններից՝ սրանք քանի որ հասկանում են, որ իրենց տեղում չեն ու բարդույթավորվում տառապում են՝ ատելով ենթակա մասնագետներին, իսկ մասնագետներն էլ մտածում են ինչպես թողնեն փախնեն նման ղեկավարներից ու համակարգը բնականոն քանդվում է՝ երբ զինվորականը զբաղվում է գործարարությամբ, երբ գործարարը զբաղվում է քաղաքականությամբ, երբ մտավորականը իր դպրոցը պահպանելու համար շատ կասկածելի դրամական աղբյուրներից է օգտվում՝ դրա դիմաց շատ կասկածելի պատվերներ կատարում..

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930