Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիր» կենտրոնը նշեց Հայաստանի մայրաքաղաքի տոնը ՌԴ-ի կենտրոնում

Նոյեմբեր 02,2018 00:08

2018 թ. հոկտեմբերի 26-ին Մոսկուայի Հայ դեսպանատան շէնքի մեծ դահլիճում տեղի ունեցաւ «Էրեբունի –Երեւան 2800» մշակոյթային համերգը:


Իբրեւ «Տիր» կենտրոնի հիմնադիր, պատիւ ունեցայ նախաձեռնել, կազմակերպել եւ անցկացնել մեր սիրելի մայրաքաղաքի տոնը ՌԴ-ի կենտրոնում: Ամբողջ երեկոյն անցաւ Հայերէն լեզուով եւ հագեցած էր գեղեցիկ ելոյթներով:
«Նժդեհ» Հայ ազգային պարերի դպրոցը ներկայացրեց «Կարնոյ Քոչարի», «Պապուրի» եւ «Եարխուշտայ»:

«Էթնո միւզիք փրոջեքթ» դեսպանատան մշակոյթային կենտրոնի երիտասարդները, ղեկաւար Արմինէ Մարտիրոսեանի հետ կատարեցին «Էրեբունի – Երեւան», «Հէյ ջան, Երեւան», «Գարուն – Երեւան», «Իմ Երեւան» եւ ՀՀ պետական հիմներգը, ինչն աւանդոյթ է դարձել «Տիր» կենտրոնի մոսկովեան միջոցառումներին:

Արտեոմ Մարտիրոսեանը երգեց Առնո Բաբաջանեանի «Երեւանի սիրուն աղջիկ» երգը, ՄՀԵԱ-ի փոխնախագահ Մարինա Սարգսեանը կատարեց Ֆորշի «Երեւանը մենք ենք», Մկրտչեան Ռոբերտան նուագեց Արամ Խաչատրեանի «Տոկատտա»-ն:

Քրիստինէ Ադամեանն արտասանեց Վ. Տերեանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին», ինչպէս նաեւ հատուած Յ. Շիրազի «Դանթէական» –ից:

Երկու գեղեցիկ համար էին պատրաստել Սուրբ Գրիքոր Նարէնացու անուան Հայ կիրակնօրեայ դպրոցի մանուկները` կոյժերով Հայ ազգային պար (Բաղդասարեան Անի եւ Յովսեան Ինեսսա) եւ Համո Սահեանի «Հայաստան ասելիս» (Յակոբեան Նանէ):

Ամբողջ երեկոյն վարեցի աւելի շատ դասախօսութեան ձեւաչափով: Մօտ երկու ժամում Ուրարտական շրջանից հասանք մեր օրեր: Կար մի բան, որ կարեւոր համարեցի շեշտել: Տարբեր դարերում Հայ ազգին պատիւ է վիճակուել պաշտպանել Երեւանը, տարբեր ժողովուրդների ոտնձութիւններից եւ այդ մասին ցաւոք ոչ մի տեղեկութիւն չկայ նոյնիսկ Երեւան քաղաքի պատմութեան թանգարանում:
650 թ. Հայաստան արշաւած արաբներին մենք տուեցինք արժանի հակահարուած, յետոյ, երբ արդէն Երեւանն ընկել էր, 660 թ. ապստամբեցինք նրանց դէմ: Մի փոքր պատմեցի այն շրջանի մասին, երբ Երեւանը մտնում էր Բագրատունեաց թագաւորութեան կազմի մէջ, Անի կենտրոնով: Անդրադարձայ նաեւ Երեւանեան բերդի եւ պատմական մեծ արժեք ներկայացնող, կիսաքանդ վիճակում գտնուող Կարմիր Կամրջի ներկայ կացութեանը: Կարմիր կամուրջը ամպայման պէտք է վերականգուի առնուազն որպէս մշակոյթային ժառանգութիւն, եթէ ոչ որպէս գործող կամուրջ:

Եարխուշտայից առաջ մի քանի նախադասութեամբ պատմեցի 1921 թ. փետրւարեան ապստամբութեան մասին եւ այդ օրերի հերոսներ Բաշգառնեցի Մարտիրոսի եւ Կուռ Թարխանեանի մասին: Տասնամեակներ անց Երեւանը դարձաւ Հայաստանի անկախութեան պայքարի կենտրոնը, երբ 1988 թ. Մայիսի 28 –ին Ազատութեան հրապարակում ծածանուեց Հայ եռագոյնը: Երկու տարի անց ստիպուած էինք եւս մէկ անգամ պաշտպանել մեր քաղաքը: 1990 թ. մայիսի 27 –ին սովետական զորքերը մտան Երեւան եւ երեւանցիները հրացաններով դիմադրեցին տանկերին: Յետոյ գարուն եկաւ Երեւան: Մնում է մի փոքր սէր տանք մայրաքաղաքին եւ գործով ապացուցենք մեր հոգատարութիւնը:


«Տիր» կենտրոնը շնորհակալութիւն է յայտնում «Էրեբունի – Երեւան 2800» երեկոյի շնորհալի մասնակիցներին, Մոսկուայի Հայ դեսպանատանը, «ЮниПресс и К» (ՅունիՓրեսս) հրատարաչութեան ղեկաւար Ղազարեան Սամուելին, հերթական անգամ մեզ գրքեր նուիրելու համար եւ բոլոր ներկայներին: Շնորհաւոր աշխարհի ամենահին մայրաքաղաք Երեւանի 2800 –ամեակը:

Դաւիթ Աղաջանեան

Մոսկուայի Հայ համայնքի ՏԻՐ կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930