«Առավոտ»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության
եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը
– ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս եւ Ռուսաստան այցով Վաշինգտոնն ի՞նչ ուղերձ հղեց Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին եւ Ռուսաստանին: Ի՞նչ տպավորություն ստացաք Բոլթոնի այցի արդյունքներից:
– Ռուսաստան եւ Հարավային Կովկաս Ջոն Բոլթոնի կատարած այցի օրակարգը բավական հագեցած էր եւ խնդրահարույց: Հարավային Կովկասի պետությունների ղեկավարների հետ հանդիպումների իր հիմնական նպատակներն էին հիմնավորել Իրանի նկատմամբ ԱՄՆ ներկայիս վարչակազմի վարած քաղաքականությունը, նոյեմբերին սպասվող ԱՄՆ պատժամիջոցները եւ որոշակի քաղաքական գործարքների միջոցով հարավկովկասյան պետություններին հնարավորինս ներքաշել այդ գործընթացների մեջ կամ, նվազագույնը, ապահովել նրանց չեզոքությունը ԱՄՆ գործողությունների նկատմամբ: Չնայած նրան, որ երեք պետություններում Բոլթոնի կողմից հնչեցված հայտարարությունները հիմնականում համապատասխանեցված էին տվյալ երկրի անհատական ռազմաքաղաքական եւ տնտեսական կարիքներին եւ հետաքրքրություններին (Հայաստանին՝ սպառազինությունների մատակարարում, տնտեսական համագործակցություն, Ադրբեջանին՝ աջակցություն դեպի Եվրոպա «Շահ-Դենիզ 2» գազատարի կառուցմանը, Վրաստանին՝ անվտանգության ոլորտում համագործակցության խորացում, եվրաինտեգրման աջակցություն), այնուամենայնիվ, բացի Իրանի հետ կապված իրավիճակից, դրանք ունեին նաեւ մեկ այլ ընդհանուր, հեռահար նպատակ՝ տարբեր ճանապարհներով տարածաշրջանում ՌԴ ազդեցության չեզոքացում եւ սեփական դիրքերի ամրապնդում: Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների բովանդակությունը բնականաբար շատ ավելի տարաբնույթ էր եւ բարդ՝ Իրան, Սիրիա, Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիր, ռազմավարական երկխոսություն, ԱՄՆ-ում ՌԴ պետական գույքի կալանք, պատժամիջոցներ եւ այլն: Այդ բանակցությունների արդյունքները քիչ թե շատ պարզ կդառնան նախատեսվող Թրամփ-Պուտին հանդիպման ընթացքում: Սակայն Մոսկվայից հետո, մասնավորապես՝ Երեւանում արված բավական անսպասելի հայտարարությունները, որոնք, ըստ էության, ուղերձ էին հենց ռուսական կողմին, հուշում են, որ առաջիկայում կարող ենք ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում լարվածության աճի ականատես դառնալ: Ընդ որում` այդ լարվածության աճը կախված է նաեւ ԱՄՆ առաջարկությունների նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից:
– Երեւանում Բոլթոնի հայտարարություններից մեկը կարելի է սենսացիոն որակել: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա խոսել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված սահմանափակումների մասին՝ կապված Ադրբեջանին եւ Հայաստանին զենք վաճառելու արգելքի հետ, ապա ակնարկել է, որ կան բացառություններ. «Ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական եւ ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից»։ Այսինքն՝ ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ փոխվո՞ւմ է, եւ ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի պահվածքը, այս հայտարարությունը արդյոք չի՞ սրի հայ-ռուսական հարաբերությունները:
– Նախ նշեմ, որ Հայաստանի անվտանգության ամբողջական համակարգի, ներառյալ սպառազինությունների ձեռք բերման աղբյուրների դիվերսիֆիկացման խնդիրն ունի կենսական նշանակություն: Բացարձակ անհեթեթություն է նման կարեւորագույն հարցում ամբողջովին կախված լինել մեկ պետությունից: Բացառապես Ռուսաստանից սպառազինություններ գնելը շարունակաբար հիմնավորվել է ցածր գներով, սակայն հաշվի առնելով նախկին իշխանությունների բնույթը՝ կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված է եղել նախ ռուսական կողմի թելադրանքով, ինչպես նաեւ տարբեր կոռուպցիոն սխեմաների միջոցով որոշ պաշտոնյաների անձնական հարստացման հնարավորությամբ: Այս առումով ԱՄՆ-ից սպառազինություններ գնելու առաջարկը միայն ի նպաստ է Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացման եւ ռազմական ոլորտի առողջացման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է ամերիկյան քաղաքականության փոփոխությանը, ապա Հարավային Կովկասը միշտ եղել է ԱՄՆ հետաքրքրությունների դաշտում, բայց նախկին վարչակազմերը դիտարկել են տարածաշրջանը եւ հատկապես Հայաստանը որպես ՌԴ-ի բացառիկ ազդեցության գոտի եւ, հարավկովկասյան զարգացումներին չմիջամտելով, աշխատել են խուսափել Ռուսաստանի հետ հնարավոր լարվածությունից: Այսօր իրավիճակ է փոխվել: Մասնավորապես՝ ԱՄՆ ներկայիս կառավարության վարած, որոշ դեպքերում՝ անկանխատեսելի քաղաքականությունը, Միացյալ Նահանգների ծայրահեղ լարված հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ, մասնակիորեն նաեւ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ազդում են նաեւ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության վրա: Ակնհայտ է դառնում ԱՄՆ-ի ձգտումը ընդլայնել ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմաքաղաքական իր ներգրավվածությունն ու ազդեցությունը մեր տարածաշրջանում, ինչը շատ առումներով ի նպաստ է Հայաստանին: Սա իր հերթին նշանակում է Ռուսաստանի դիրքերի թուլացում, մինչդեռ ՌԴ-ի համար Հարավային Կովկասում իր ուժեղ ներկայությունը կարեւոր է ոչ միայն մեր տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս իր ազդեցությունը պահպանելու, այլ նաեւ Հյուսիսային Կովկասում կայունություն ապահովելու տեսանկյունից:
Բնականաբար, Ռուսաստանը ընդդիմանալու է այս զարգացումներին եւ այդ նպատակով օգտագործելու է իրեն հասու բոլոր լծակները: Արդյունքում կարող են սրվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն, իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում Հայաստանի համար առաջնային խնդիր կարող է դառնալ ոչ այնքան հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր սրացումը, որքան Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հայ-իրանական ներկայիս հարաբերությունների պահպանումը եւ դրանց զարգացման հեռանկարը:
– Ջոն Բոլթոնի այցով արձանագրվեց, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարեւոր տարածաշրջան է համարում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը՝ առաջնահերթություն ամերիկյան վարչակազմի համար։ Առաջիկայում ի՞նչ պայմաններում ԱՄՆ-ից կարող ենք ներդրումներ, հարաբերությունների խորացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ակնկալել:
– Հարավային Կովկասը պատմականորեն հանդիսացել եւ հանդիսանում է աշխարհաքաղաքական, տնտեսական եւ ռազմական շահերի հատման կիզակետ, ինչը պայմանավորված է տարածաշրջանի ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքով: Սակայն շահեկան դիրքից բացի՝ ցանկացած ներդրում պահանջում է նաեւ կայուն, կանխատեսելի եւ անվտանգ միջավայր: Այս պայմանների ապահովման հիմնական գրավականներից են ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Հետեւաբար Հայաստանում ԱՄՆ կողմից ներդրումային ծրագրերի ավելացման տեսանկյունից շատ կարեւոր են կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ դրանցից հետո կազմավորվելիք կառավարության գաղափարախոսությունը եւ ծրագրերը՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության ոլորտներում: Կարեւոր է նաեւ Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ-ին հուզող միջազգային խնդիրների վերաբերյալ: Մինչեւ այդ հստակեցումները տեղի չունենան՝ նշանակալից ներդրումներ կամ համագործակցության զգալի խորացում դժվար է ակնկալել:
– Մինչ Երեւան այցելելը Բոլթոնը Բաքվում հայտարարեց, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ռազմավարական տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, իսկ Երեւանում ասաց՝ ԼՂ հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Վաշինգտոնն էլ կփորձի առանձին դերակատարություն ստանձնել կողմերի հետ աշխատանքում, ինչպես դա ռուսական կողմն է ժամանակ առ ժամանակ դրսեւորում, թե՞ կսահմանափակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ գործունեությամբ:
– ԱՄՆ շահերից է բխում, որպեսզի Հարավային Կովկասը լինի ինքնիշխան պետությունների խաղաղ, հակամարտություններից ազատ գոտի: Սակայն այս մոտեցումը մեծագույնս համապատասխանում է նախեւառաջ հարավկովկասյան պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի շահերին: Կարող եմ ենթադրել, որ ներկայիս պայմաններում ԱՄՆ-ը կավելացնի իր ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ զուգորդելով երկու տարբեր մոտեցում: Մի կողմից՝ նա կակտիվացնի իր գործունեությունը Մինսկի խմբի շրջանակներում, մյուս կողմից՝ կաշխատի ստեղծել այլ, մասնավորապես տնտեսական լծակներ, ձեւաչափեր, որոնց միջոցով կփորձի հակամարտության կարգավորման գործընթացը մասնակիորեն տեղափոխել տնտեսական համագործակցության հարթակ, հակամարտող կողմերի համար շոշափելի դարձնել իրենց ընդհանուր տնտեսական շահերը եւ այդ ճանապարհով փորձել հասնել կողմերի հաշտեցմանը: Ժամանակին ԱՄՆ-ին հաջողվել է Մարշալի պլանով նախատեսված օգնության եւ տնտեսական սերտ համագործակցության միջոցով ոչ միայն վերականգնել, այլ նաեւ հիմք դնել Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության եւ կայուն զարգացման: Ամեն դեպքում հակամարտության կարգավորման այս ճանապարհը, եթե այն կիրառվի, նույնպես կարող է ունենալ պարտադրանքի որոշակի բաղադրիչ: Սակայն այս անգամ այդ պարտադրանքը կլինի ոչ թե Ռուսաստանի, այլ Միացյալ Նահանգների կողմից:
– Հաշվի առնելով Ռուսաստան-Միացյալ Նահանգներ բավական լարված հարաբերությունները՝ այս փուլում հնարավո՞ր է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի ու Վաշինգտոնի առճակատումը՝ հանուն ազդեցության:
– Այս պահին մեր տարածաշրջանում ազդեցության համար Մոսկվայի եւ Վաշինգտոնի առճակատման հավանականությունը քիչ է: Կա լարվածություն, որի էությունն արդեն իսկ տեսանելի է ե՛ւ Բոլթոնի հայտարարություններում, ե՛ւ դրանց ռուսական արձագանքներում: Ինչքանո՞վ այդ լարվածությունը կսրվի, արդյոք այն կվերածվի՞ առճակատման, եւ ի՞նչ ձեւեր կընդունի այդ առճակատումը՝ հիմա դժվար է կանխատեսել: Սակայն, ինչպես նշեցի, այդ լարվածության աստիճանը կախված է նաեւ նրանից, թե ինչպես կարձագանքի Հայաստանը Բոլթոնի կողմից արված առաջարկություններին, ինչպես իրեն կդրսեւորի այս՝ թերեւս բեկումնային պահին:
Անկախ Հայաստանի կողմից արված եւ արվող հավաստիացումներից առ այն, որ Հայաստանը հավատարիմ է մնալու Ռուսաստանի հետ իր գործընկերական հարաբերություններին եւ պարտավորություններին, ՌԴ-ն ամեն դեպքում թշնամաբար կընդունի ԱՄՆ-ի հետ մեր ցանկացած համագործակցության խորացում: Չմոռանանք, որ առ այսօր Հայաստանը եղել ու մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը եւ Հարավային Կովկասում ՌԴ ազդեցիկ ներկայության գրավականը: Ստեղծված իրավիճակը եւ ուրվագծվող հեռանկարները պարունակում են բազմաթիվ մարտահրավերներ եւ վտանգներ, բայց եւ մեծ հնարավորություններ եւ դժվար, բայց հասանելի հեռանկարներ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
01.11.2018