Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ Գյումրիում. Սամվել Բալասանյանը երեւանյան շինկազմակերպություններին սպառնում է չվճարել գումարը

Նոյեմբեր 02,2018 14:00

Գյումրիում սկսված լայնածավալ փողոցաշինությունը մտահոգության լուրջ թեմա է դարձել. քաղաքի գրեթե բոլոր փողոցներն անանցանելի են, ամռանը սկսված
շինաշխատանքների վերջը չի երևում, ընթացքը սարսափելի դանդաղ է, իսկ օրերը ցրտում են։ Քաղաքի մտավորականները վերջերս քննարկում կազմակերպեցին՝ խնդիրը բարձրաձայնելով ու իրենց մտահոգությունն արտահայտելով առ այն, որ փողոցաշինության պատճառով նաև սպասարկման օբյեկտներ են փակվում, տնտեսվարողները մեծ վնասներ են կրում։

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից պարզաբանումներ խնդրեց թեմայի շուրջ։

– Պարոն Բալասանյան, ի՞նչն է պատճառը, որ փողոցաշինությունն այսքան դանդաղ տեմպերով է ընթանում, եթե չասենք՝ որոշ հատվածներում չի էլ ընթանում։

– Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ այսօրվա դրությամբ նախագծերում շատ փոփոխություններ ունենք։ Դա մեզանից կախված չէ, տեսեք, երբ Կոմիտաս փողոցում սկսեցինք շինարարությունը, առաջին համաձայնագիրը ստորագրվեց, մենք ստիպված ջրահեռացման համակարգ անցկացրեցինք։ Ու գիտե՞ք ինչու. այնտեղ, իբրև թե, գործող համակարգ կար, մենք գիտեինք, որ կա, բայց երբ փողոցը բացեցինք, տեսանք, որ շարքից դուրս եկած է։ Ստիպված անցկացրինք նորը, նույնիսկ գումար ենք ավելացրել, որպեսզի կարողանանք այդ հարցին լուծում տալ։
Շինարարության ընթացքում պարզվեց նաև, որ այդ նույն Կոմիտաս փողոցի վրա կամուրջ կա, որն ընդհանրապես չէր երևում։ Նույնիսկ, երբ որ նախագծողը եկել էր, սկսել էր աշխատել, չէր երևացել կամուրջը, այնտեղից էլ ջուր է անցնում, շատ հեռվից երևացել է, որ խողովակների միջով ջուր է անցնում։ Հենց որ քանդեցին, փլվեց։ Կան բոլոր նկարահանումները, բնականաբար, որպես պատվիրատու՝ մենք հո չենք կանգնեցնելու շինարարությունը, նոր նախագիծ էր պետք։

Մենք փաստի առաջ կանգնեցինք փողոցի ընդերքի հետ կապված, փողոցի ընդերքը չգիտենք, որովհետև մեր պատվերը հիմնականում ջրահեռացումն է, ասֆալտապատումը և արտաքին լուսավորությունը։ Այսինքն՝ մեր պատվերների մեջ կան երեք բաղադրիչներ։ Հիմա նախագիծը, իհարկե, փորձաքննություն է անցել։ ՀԷՑ-ի, գազի ու մյուս բոլոր օպերատորների տված տվյալներով դուրս էր եկել այնպես, որ կան մալուխներ, կան ջրամատակարարման խողովակներ, որոնք ընդհանրապես սխեմաների միջից բացակայում են։ Պատճառ այն է, որ երկրաշարժից հետո տարբեր ռուսական կազմակերպություններ, տարբեր մարդիկ տեղի կազմակերպությունների միջոցով, որին որտեղ հարմար է՝ մալուխներ, գազի խողովակներ են անցկացրել, հենց փորում ես, դրանք դուրս են գալիս։ Ու մենք կանգնեցինք փաստի առաջ. առանձին-առանձին լուծում է տրվում բոլոր փողոցների համար։

Գիտեք, որ մարզպետարանը փորձեց իր մասնակցությունն ունենալ, նախարարությունը առաջարկություն կատարեց, ես ընդառաջեցի, որպեսզի մենք կարողանանք բոլորի հետ աշխատել և ավելի թափանցիկ լինի, որպեսզի ավելորդ քննադատություններ չհնչեն, որպեսզի գյումրեցու ասածի պես՝ խոսք ու խորատա չլինի։ Այս ամեն ինչից ձերբազատվելու համար մենք նոր թիմ սարքեցինք, փոխմարզպետին առաջարկություն եղավ, որ ինքը ղեկավարի, ընդամենը երկու ամիս հետո նրանք հրաժարվեցին։

– Ինչո՞ւ հրաժարվեցին, պարզե՞լ եք։

– Իրենց հարցրեք։ Ես չգիտեմ ինչո՞ւ, բայց գործը դրանից չշահեց։ Ակտիվությունն ընկավ, բայց հիմա նորից ակտիվացել է, հիմա սպասում ենք, որ մարզպետարանից ներկայացուցիչներ տան մեզ։ Մարզպետը խոստացել է, որ նորից մարդ կտա, որպեսզի թիմը նորից կազմավորվի։ Մենք հիմա բուռն թափով աշխատանք ենք տանում, որովհետև օրերը մեզ չեն սպասում, շուտով ձմեռ կլինի, անձրևներն արդեն սկսվեցին, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի չխաթարենք շինաշխատանքները։ Այն բողոքները, որոնք օբյեկտիվ են, ես ընդունում եմ, օրինակ՝ մենք «Ա․Ա․Բ» շինկազմակերպություն ունենք, որը ուղղակի լավ չի աշխատում, կարելի է ասել՝ շատ դանդաղ է աշխատում։ Ինքն ունի 210 օր, եթե այդ ընթացքում բան չի անում, ուրեմն տույժ ու տուգանք է աշխատում շինկազմակերպության վրա։ Բայց որպեսզի մենք չանհանգստացնենք մեր բնակչությանը, մենք իրենց հորդորել ենք՝ եթե մայթը քանդել եք, անպայման խճապատեք, որպեսզի այդ ցեխից ձերբազատվի մեր երեխան, մեր անցորդը, այն հողերը, որոնք կուտակել եք, մաքրեք փողոցի վրայից։ Աշխատանք անում են, բայց շատ դանդաղ, հասկանում եմ, որ իրենք չեն կարող ժամկետների մեջ տեղավորվել։ Ես ասել եմ՝ եթե պատճառները օբյեկտիվ չեղան, ես ոչ մի դեպքում չեմ երկարացնելու… Եթե դրսում 30 աստիճան ցուրտ է, մառախուղ է,, սառնամանիք է, չեմ թողնի, որ իրենք ասֆալտ անեն։

Կան քննադատություններ, որոնք օբյեկտիվ են, ընդունում եմ։ Ամեն առավոտ անձամբ շրջում եմ բոլոր փողոցներով՝ հասկանալու համար, թե ինչ տեմպերով են աշխատանքներն ընթանում։ Կան նաև նախագծային խնդիրներ, որի շուրջ աշխատում ենք խորհրդատուի, շինարարի հետ՝ կապված ժամկետների հետ։ Ամենակարևորը մենք որակով, նորմալ փողոցներ պիտի ունենանք, որովհետև մեկ անգամ է տրված այսպիսի հնարավորություն, որ մենք գումար ունենանք փողոցաշինություն ծավալելու։

– Դուք ասում եք՝ ընդերքի հետ կապված խնդիրներ կան, մինչդեռ մտավորականները, փողոցաշինության խնդիրը քննարկելիս, պնդում էին, որ կան հատուկ սարքեր, որոնցով հնարավոր է նախապես ուսումնասիրել ընդերքը։

– Չկա էդպիսի բան, չի էլ կարող լինել։ «Վեոլիա ջուրը» մի սարք ունի, որը ստուգում է՝ ո՞նց է հոսում իրենց ջուրը, որտե՞ղ է խողովակը, բայց բարձրությունները, խորությունները որոշելու համար պետք է հատուկ տեխնիկա բերել, որը կարծեմ Հայաստանում չկա։ Հետո գիտեք ինչ կա, սխեման կա տրված, օպերատորն ունի սխեման։ Օրինակ բերեմ, որ հասկանալի լինի, Գերցեն փողոցում սխեմայով տվեցին, որ հինգ մալուխ անցնում է այս ուղղությամբ, մարդիկ ուղղակի հեռու մնացին այդ մալուխներից, տեղափոխվեցին մյուս կողմ, փորեցին, բայց պատկերացրեք, որ մալուխները փողոցի փորված հատվածից դուրս եկան։ Ո՞վ էր գցել այդ մալուխները, ռուսական կազմակերպություններն էին գցել՝ առանց որևէ նախագիծ ունենալու, ուղղակի երկրաշարժից հետո այդ պահին այդպիսի իրավիճակ է ստեղծվել։

Տիգրան Մեծ փողոցում լուրջ խնդիր ունեցանք կոյուղաջրերի հեռացման հետ կապված, ստացվում է, որ Գոգունց փողոցից մինչև երկաթուղայինի հրապարակն ընդհանրապես կոյուղի չկա և օգտվել են ջրատար խողովակից։ Պատկերացնում եք, հիմա նոր բացահայտումներ են լինում, որոնք այսօրվա դրությամբ չկան սխեմաների մեջ, և մարդը իր համար փորել է, դիտահոր է սարքել։ Շատ բարդ է, մանավանդ Գյումրիի պատմական հատվածները որ սարքում ես, այնտեղ քյարիզներ էլ կան, ուղղակի մեր բնակչությունը պիտի ընդունի, որ ասենք՝ Շիրազի փողոցի ձգձգվելը նաև քյարիզներից է։
Հիմա մենք սկսել ենք նաև Գայի փողոցը։ Եթե հիշում եք, այդ փողոցում ջուրն անցկացնելու համար մոտավորապես մեկ ամիս փակեցինք, որովհետև այդտեղից քյարիզ դուրս եկավ, իսկ քյարիզի դիմաց չի կարելի փակել, հնարավորություն պետք է տաս, որ գնա, գետակները լցվի։ Դրա համար հենց որ փորում են, հասնում ես քյարիզին, մտածում ես՝ սրա լուծումը ո՞նց կարելի է տալ։ Շատ բարդ է, որովհետև քյարիզի սխեմա ընդհանրապես գոյություն չունի։ Չի եղել ու չկա, ման եմ գալիս, շատ մասնագետներ եկան, խորհրդակցեցինք և որևէ բան չկարողացանք գտնել։

Հասկանում եք՝ մարդիկ շոուներ են սարքում, անիմաստ շոուներ, քաղաքականացնում են։ Ես ուղղակի ասում եմ՝ նման բաներից հեռու մնացեք, էսօր պետք չէ շոու սարքել, որովհետև ամեն բնակիչ հասկանում է, որ իր փողոցը սարքվելու է։ Ճիշտ է՝ դժգոհում են, փոշին բարձրանում է, ցեխ է մտնում իր տուն, երեխան լավ չի կարող խաղալ, բայց երբ ավարտում ես, ասում է՝ վայ, այս ինչ արեցիր, հալալ է քեզ, ոնց որ Ռուսթավելի փողոցի դեպքում։ Ռուսթավելի փողոցը մենք սարքեցինք ամբողջ պետությամբ, ամբողջ պետությունը խառնվել էր մի փողոց սարքելու համար։ Հաջորդ տարի 33 փողոց ենք սարքելու։ Հասկանալի է, որ դժգոհություն կլինի, բայց նաև հասկանում եմ, որ մի մասն ուղղակի հավաքվել, շոու է սարքում, մի մասը սպասարկման օբյեկտ աշխատեցնելու թույլատրություն չունի, դուրս է եկել, ասում է՝ գիտեք ինչ կա, պահը հասունացել է, եկեք էս քաղաքապետարանից գումար տանեմ, որովհետև փակել են իմ օբյեկտի դեմը, երբ որ ընդհանրապես չգիտենք այդտեղ օբյեկտ կար, թե չէ։ Ո՞վ կարող էր իմանալ, եթե թույլատրություն չկա, եթե քաղաքապետարանի համապատասխան բաժինը չգիտի, որ այդտեղ օբյեկտ կա, ո՞նց կարող էինք մենք զգուշացնել, թե գիտեք եկել ենք, ձեր մայթը պիտի սարքենք։ Չի կարելի էդպես։
Բոլոր օբյեկտիվ քննադատություններն ընդունում եմ, և դա ինձ ուղղություն է տալիս, վերջը քաղաք է, 4400 հեկտարի վրա քաղաք է, որտեղ ամեն օր մեկը շինարարություն է անում, մեկն ապօրինի շինություն է կառուցում, մեկը հրապարակ է ուզում կառուցել, մեկն ուզում է իր մեքենան կանգնեցնել ամենալավ տեղը։ Սրանք հարցեր են, որոնք կուտակվում են ու լուծումներ պետք է տալ, իսկ լուծումներ տալու համար պետք է համբերատար լինել և, իրոք, գեղեցիկ քաղաք սարքել, որը հիմա կառուցում ենք։ Նման ծավալի փողոցաշինություն նույնիսկ Խորհրդային Միության տարիներին չի եղել, որ 11 հազար խնայողական լամպեր փոխվեն։ Այստեղ ամենաշատը վառվել է 5000-6000 լամպ։ Ես Թումանյան116 տանն եմ բնակվել, հենասյան վրա ընդամենը մի փոքրիկ լապտեր կար։

– Դուք ասում եք՝ բնակիչը թող չանհանգստանա, տնտեսվարողը ձեզ չքննադատի, ավելորդ շոուներ չսարքեն, ըստ ձեզ՝ շինարարն անվտանգության նորմերը պահպանո՞ւմ է։

– Ո՛չ, չի պահպանում, օբյեկտիվ են քննադատում, շատ տեղեր կան, որտեղ չեն պահպանում, միչդեռ իրենց նախագծի մեջ հստակ գրված է, որ ասենք՝ բնապահպանության համար էսքան գումար, համապատասխան անվտանգության նշանները տեղադրելու համար էսքան գումար… Իհարկե, մենք հետևողական ենք, ամբողջ թիմով աշխատում ենք, նույնիսկ մարդկանց անհանգստացնում ենք շաբաթ-կիրակի օրերին։ Ես շատ անհանգիստ վիճակում եմ, հասկանում եմ, որ շատ ծանր լծի տակ ենք մտել, նման շինարարություն երբեք չի եղել, բայց շինարարն էլ պիտի անփույթ չլինի, պետք է իր նախագծով նախատեսված բոլոր պարտավորությունները կատարի։ Եվ մենք հետևողական ենք, որ կատարի։ Յոթ շինկազմակերպություն է հիմա աշխատում քաղաքում, Հայաստանի Հանրապետության երևի թե ամենահզոր շինարարական կազմակերպությունները։ Այնպես որ, մենք հետևողական ենք։ Բնակիչը նույնպես ճիշտ է, անվտանգության նշանները պետք է տեղադրված լինեն։ Մենք էլ հետևողական ենք, դրա համար եմ ասում՝ թող բնակիչն ահազանգի մեզ, Ֆեյսբուքի մեջ գրի, որպեսզի մենք էլ իմանանք, ամեն ինչ չենք կարող իմանալ, թե մարդու մուտքի մոտ ինչ վիճակ է։ Եթե վատ է, թող գրի, մենք արագ կարձագանքենք, հանձնարարություններ կտանք։

– Իսկ ինչո՞ւ նախապես չեք իրազեկում, որ տվյալ փողոցը պիտի քանդեք շինարարություն ծավալելու համար։

– Ի՞նչ եք խոսում, լրիվ իրազեկվում է, ամեն անգամ ավագանու նիստերի ժամանակ ասում եմ՝ կներեք, ժողովուրդ, ամեն անգամ նույն բանն ասվում է։ Այնպես չէ, որ էսօր քանդեցինք, վաղը պիտի պատրաստ լինի։ Մադոյան փողոցում էդ ինչ դժգոհություններ էին, չեք պատկերացնում, գազի գիծն անցնում էր ուղիղ փողոցի մեջտեղով, հիմա գազը պիտի իջեցնենք ներքև, այդպիսի պրոբլեմ ունեցանք նաև Ղանդիլյան նրբանցքում։ Այնտեղ նաև կոյուղու, ջրամատակարարման խնդիր կար, դրա պատճառով փողոցաշինությունը բավական ուշացավ։ Տարբեր տեսակի օպերատորների հետ աշխատում ենք, մանավանդ կոյուղիների հետ կապված խայտառակություն է։

– Իսկ ի՞նչն է պատճառը, որ հսկայական փողոցների վրա 2-3 բանվոր է աշխատում, աշխատուժի պակաս կա՞։ Գիտեք, որ բողոքներից մեկն էլ այս թեմայով է։

– Տեսեք, խոպանից հետ են եկել մարդիկ, ինչի՞ են տները նստել, ես նույնիսկ հայտարարություն պիտի տամ, թե դուրս եկեք, աշխատեք։ Լավ, եկաք, մի 15 օր էլ հանգստացաք, դուրս եկեք, աշխատեք, շատ աշխատատեղեր կան, աշխատող չկա։

– Բանվորներն ասում են՝ շատ ցածր են վճարում։

– Ո՛չ, եթե մարդը վարպետ է, վճարվում է ավելի բարձր, իսկ բանվորն ավելի ցածր է վճարվում, գնացեք փողոցի վրա աշխատողներին հարցրեք, թե ինչքա՞ն են վճարում ձեզ. և՛ օրական վճար կա, և՛ պայմանագրային վճար։ Ես ասեմ, որ աշխատողի պակաս կա։ Շինարար կա շոու է սարքում, մրցույթ եք շահե՞լ, գնա աշխատի, տրանսպորտդ բեր, տեխնիկադ բեր, բանվորդ բեր, դա ինձ չի հետաքրքրում, բայց կուզենայի, որ անպայման մեր քաղաքի բնակիչներն աշխատեն, որովհետև այդ գումարը միևնույն է՝ մենք վճարելու ենք շինարարին, գոնե մեր քաղաքում, մեր ընտանիքներին մնա այդ գումարը։

– «Կոմպաս» հ/կ-ն հարցում է կատարել, փաստաթղթեր պահանջել քաղաքապետարանից, փորձում են հասկանալ՝ ի՞նչ ժամկետում պիտի ավարտվեն շինաշխատանքները, ո՞ր շինկազմակերպություններն են ընդգրկված, ինչո՞ւ չեք տրամադրում, ինչ որ բան կա՞ թաքցնելու։

– Ուրեմն մեր կայքում հստակ տեղադրված են և՛ շինարարի տվյալները, և՛ համաձայնագիրը, թող բացեն, կարդան, ես ի՞նչ ասեմ, գրում են, թե մենք որտեղից գտնենք։ Ես մեր աշխատողներին ասում եմ՝ ասեք, թե որ լինքից կարող են օգտվել, նման թափանցիկ աշխատանք հանրապետությունում չկա։ Ի՞նչ ունեմ պահելու, որ ասեմ ես պիտի շինարարին պաշտպանեմ, ես ինձ եմ պաշտպանում, հասկանում եք, ես իմ բնակչին եմ պաշտպանում, ես իմ քաղաքն եմ պաշտպանում։ Որ տեղեկատվությունը չկա կայքի մեջ տեղադրված, մենք դրանք գրավոր տեսքով տալիս ենք, որը տեղադրված է, թող օգտվեն կայքից։
Սամվել Բալասանյանը զրույցի վերջում մեկ անգամ ևս նշեց, որ գումար չի տա այն շինարարին, որը որակով չի անի աշխատանքները։ Նա նշեց, որ Գյումրու կենտրոնական փողոցները վերանորոգող վատ շինարարների են հանդիպել։ Նրանք մայրաքաղաքից են։ Քաղաքապետը շատ դժգոհ է Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցները, Շառլ Ազնավուրի հրապարակը վերանորոգող «Ա․Ա․Բ․», ինչպես նաև Գարեգին Նժդեհ ու Տիգրան Մեծ փողոցները վերանորոգող «Սիսիանի բուատ» շինկազմակերպությունների աշխատանքներից։ Ի դեպ, «Սիսիանի բուատ»-ը մրցույթ է շահել վերանորոգելու նաև Գյումրու ամենակենտրոնական հատվածները՝ Սայաթ-Նովա փողոցն ու Հայուհու հրապարակը. այս հատվածներում աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Նրանց նախ տույժ-տուգանքների կենթարկեն, հարկ եղած դեպքում քաղաքապետարանը կհրաժարվի անորակ շինարարից։

«Մենք ոչ մեկի ձեռքը կրակը չենք ընկել»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

01.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930