Շուրջ 20 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ավանդաբար անդրադառնում է համաշխարհային օպերաների համերգային կատարումներին, բեմականացումներին, նույնիսկ բեմադրություններին: Ի սկզբանե նման աշխատաոճ է ընտրել ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Օպերաների «մասով» նա հիմնականում համագործակցում է ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ: Համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը» օրերս ներկայացվեց Ազգային օպերային թատրոնում, ինչը ֆիլհարմոնիկի արդեն ամենամյա Երեւանյան 12-րդ միջազգային դասական երաժշտության փառատոնի փակման «համերգն» էր: Այս բեմադրությունը Թոփչյան-Թորոսյան յուրատիպ մեկնաբանություն էր, ինչը դեռ տասը տարի առաջ, բայց այսօր ինքնատիպ, գեղանկարչական մատուցմամբ ու տեխնիկական հագեցվածությամբ նոր ներկայացում է՝ մի քանի գործոնների շահեկան լրացումներով: Բացի բարձրակարգ էկրանային տեխնիկայի առկայությունից, որն իր հերթին կիրառված էր շատ զուսպ ու «վտանգավոր» նորամիտ մոտեցում էր, օրինակ, բալետի պարուհի, Բաթերֆլայ «թիթեռնիկի»՝ «պարող արձանի» առկայությունը բեմում, որը կարող էր ընդունելի լինել չափի զգացման եւ բարձրագույն վարպետության գրեթե կատարյալ համադրության դեպքում, ինչը այդ «խիստ վտանգավոր» վարպետության գրեթե կատարյալ համադրության դեպքում իսկապես անթերի իրականացրեց հայկական բալետի փայլուն վարպետներից վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը:
«Մադամ Բաթերֆլայ» օպերայում ներկայացված Ճապոնիայի Նագասակի քաղաքում 19-րդ դ. վերջին տեղի ունեցող գործողությունները Թորոսյան ռեժիսոր-նկարչի կողմից բեմը ներկայացված էր ճաշակով, թեեւ պարզորոշ զգացվում էր, որ դա մտածված է ամեն դեպքում ոչ մեծ բեմի համար, քանի որ մեզանում ստեղծագործողները երբեք չգիտեն, թե վաղն իրենց ինչ է սպասվում, հետեւաբար պատրաստ են լինում ամեն կարգի տարբերակների: Միանշանակ դա էր պատճառը, որ կոկիկ բեմը «տարածված» չէր օպերային թատրոնի ամբողջ բեմով մեկ: Բայց գունալուսային մթնոլորտը փոխանցում էր այն ամենը, ինչ կապված է լիբրետոյի հետ: Օրինակ՝ ամերիկյան նավատորմի սպա Պինկերտոնը (բարիտոն Հովհաննես Անդրեասյան), խնամախոս Գոռոն (տենոր Պերճ Քարազյան), հյուպատոս Շարլփլեսը (գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյան) քննարկում են Պինկերտոնի եւ պարմանուհի Բաթերֆլայի ամուսնության հարցերը: Սիրահարված «թիթեռնիկը» պատրաստ է հասուն Պինկերտոնի հետ ամուսնանալ եւ ընդունել քրիստոնեություն, բայց Բոնզոյի (բաս Հովհաննես Ներսեսյան) կոպիտ միջամտությամբ ընդհատվում է ամուսնությունը: Տեղին է ներկայացնել, որ օպերայի երկրորդ գոծողությունը ներկայացնում է, որ արդեն 3 տարի է, ինչ Բաթերֆլայը իր հավատարիմ ծառա Սուձուկիի (մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովա, ՌԴ) հետ մեծացնում է որդուն, որի մասին տեղյակ չէ Ամերիկայում նոր ամուսնություն կնքած Պինկերտոնը: Իսկ Բաթերֆլայը սպասում է սիրելի սպային: Սպան իմանալով երեխայի մասին՝ վերադառնում է Նագասակի, որպեսզի տանի երեխային: Բաթերֆլայի համար անսպասելի էր Պինկերտոնի ամուսնությունը ամերիկուհու հետ, այնուամենայնիվ, իր սիրելիի ցանկությունը բավարարելու համար ճապոնուհին երեխային հանձնում է ամերիկացի սպային, իսկ ինքը ինքնասպան լինում…
Երաժշտության առումով նվագախումբը, «Հովեր» երգչախումբը, հայաստանցի եւ դրսից ժամանած մեներգիչների կատարումները միանշանակ համոզիչ էին, բայց փառատոնային սիմֆոնիկ եւ կամերային երեկոները հասկանալի պատճառներով շատ ժամանակ էին խլել… Այս միտքը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց Բաթերֆլայի դերերգով հանդես եկած Լիանա Ալեքսանյանը: Նրա խոսքերով՝ «մենք երկու օրում հասանք այն ամենին, ինչը հեղինակավոր թատրոններից պահանջում է մոտ երկու ամիս»:
Օպերային սոպրանո Լիանա Ալեքսանյանը հայաստանյան ունկնդրին այնքան էլ ծանոթ չէ: Այսօր Արեւմուտքում սպասված սոպրանոյի բեմելը կայացել է Անուշի դերերգով՝ 2004թ., Ազգային օպերաիյն թատրոնում, ընդ որում՝ այդ ժամանակ երգչուհին դեռեւս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող էր: Միայն 2015թ. (12.08.2015թ.) տեղեկացանք, որ սոպրանոն իր ճանաչված գործընկերների՝ Հասմիկ Պապյանի, Հովհաննես Այվազյանի, Արսեն Սողոմոնյանի հետ մասնակցել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացած Վյաչեսլավ Արտյոմովի Ռեքվիեմի կատարմանը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Ռուսաստանի ազգային նվագախմբի, Յուրլովի անվան պետական ակադեմիական կապելլայի եւ Սմեշնիկովի անվան երգչախմբային ուսումնարանի արական երգչախմբի ընկերակցությամբ:
Դիտարկմանը, թե «Մադամ Բաթերֆլայն» իր այցեքարտն է, այդ դերերգով հանդես է եկել Լա Սկալայում, Լիանա Ալեքսանյանն ասաց. «Առաջին անգամ այս դերերգով 2014թ. բեմ բարձրացա Քյոլնի թատրոնում: Խուսափում էի, շատերն էին ասում, որ Բաթերֆլայը չափից ավելի դրամատիկ է ու եղել են դեպքեր, երբ երգչուհին խնդիրներ է ունեցել ու հենց այդ դերերգով ավարտել իր կարիերան… Ճիշտ է, ես էլ երկմտանքի մեջ էի: Փառք Աստծո, իմ դեպքում, ինչպես տեսնում եք, ամեն ինչ բարեհաջող է»: Ինչ վերաբերում է Լա Սկալայում այս դերերգով հանդես գալուն, մեր զրուցակիցը հայտնեց, որ երբ 2016թ. ամռանը Հայաստանում էր, ճապոնական In Art գործակալությունից լուր է ստացել, թե Լա Սկալայի տնօրինությունը փնտրում է Մադամ Բաթերֆլայ եւ ցանկություն ունի հենց իր հետ հանդիպելու. «Բուենոս Այրեսի Teatro Colon-ում իմ մասնակցությամբ «Մադամ Բաթերֆլայը» իրականացրել է աշխարհառչակ Հուգո դե Անանը, որը մի շարք ներկայացումներ էր իրականացրել Լա Սկալայում, Արենա դի Վերոնայում եւ այլ ճանաչված թատրոններում: Ընդ որում, նա իր բեմադրություններում եւ զգեստների դիզայներ է, եւ խորեոգրաֆ, եւ դեկորների ու ռեկվիզիտի հեղինակ, եւ ինժեներ, մի խոսքով՝ ամեն ինչ: Եվ հենց պարոն Անանը առաջարկեց իմ թեկնածությունը… «Մադամ Բաթերֆլայի» իմ հաղթարշավը շարունակվեց Գերմանիայի քաղաքներում՝ Դյուսելդորֆում, Մայնհայմում, Համբուրգում, Դուիսբուրգում, հետո Հարավային Կորեայում, իսպանական Վալենսիայում, հաջորդ տարի իմ Բաթերֆլայը կներկայանա Ֆլորենցիայում, Տրիեստում, Դյուսելդորֆում, գուցե կրկնվի նաեւ Երեւանում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝
Մարիա Վարդանյանի
«Առավոտ»
01.11.2018