Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ Թիֆլիս-Փարիզը ջերմ գրկում է ձեզ»

Նոյեմբեր 02,2018 13:00

Երեւանում բացվեց Թենգիզ Միկոյանցի
«Թբիլիսի՝ իմ փոքրիկ Փարիզ» խորագրով ցուցահանդեսը

Երեւանի Սարգիս Մուրադյան պատկերասրահում վերջերս տեղի ունեցավ վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թբիլիսի՝ իմ փոքրիկ Փարիզ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, հյուրեր Վրաստանից եւ Հայաստանից: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ցուցահանդեսի մասին կիսվեց իր տպավորություններով. «Վառ, հետաքրքիր եւ կոլորիտային է այստեղ ամեն ինչ, եւ ով գոնե մեկ անգամ եղել է Թբիլիսիում եւ զգացել է քաղաքի գունագեղ, ջերմ կոլորիտը, կհասկանա, թե ես ինչ եմ զգում, երբ նայում եմ նկարներին»: Նախարարը նաեւ հավելեց. «Մոտ հինգ ամիս է, ինչ ես նախարարությունում եմ, եւ կարող եմ ասել, որ բավականին ակտիվություն է նկատվել մշակույթի ոլորտում: Գրեթե ամեն ամիս որեւէ միջոցառում լինում է՝ նվիրված հայ-վրացական հարաբերություններին եւ մշակութային կապերի ամրագրմանը»:

Նա ասաց, որ այս տարի Թբիլիսիում ծրագրվում է անցկացնել «Հայաստանի մշակութային օրեր Վրաստանում»:
32 տարի իր կյանքն ու գործունեությունը, թիֆլիսյան երանգն իր աչքերով ու վրձնով մեզ փոխանցող վարպետը՝ Թենգիզ Միկոյանցը, հյուրերին բարի դիտում մաղթելու փոխարեն՝ ասաց. «Իմ Թիֆլիս-Փարիզը ջերմ գրկում է Ձեզ։ Ես սիրահարված էի իմ քաղաքին եւ ուզում էի, որ Հայաստանում էլ տեսնեն նրա գեղեցկությունը։ Բոլոր պատկերներն իրական են` ամեն շենք, ծառ, թուփ,. ոչինչ հորինված չէ»։
Հին ու նոր Թբիլիսիին բնորոշ ու կոլորիտն ամբողջացնող պատշգամբներով շենքեր այս ցուցադրության մեջ գրեթե չկան, նկարիչը մտադրված դրանք չի բերել, որ այցելուները տեսնեն ու համեմատեն Թիֆլիսի ու Փարիզի ցուցադրությունը։ Հենց այդպես էլ վերնագրվել է ցուցահանդեսը` «Թբիլիսի՝ իմ փոքրիկ Փարիզ»։

«Ես վաղուց եմ ծանոթ Թենգիզի աշխատանքներին, սակայն դրանք միշտ տեսել եմ Վրաստանի արվեստանոցում ու ցուցասրահներում։ Ու այսօր այս ամենը տեսնել Երեւանում` լրիվ այլ է, նոր աշխարհ է բացվում քեզ համար, յուրովի ես ծանոթանում Թենգիզի հոգուն ու գույներին։ Այս ներկապնակը հենց իր աշխարհի մի մասն է, իր ձեռագիրը», – նշեց գեղանկարիչ Վահագն Գալստյանը:

«Թենգիզ Միկոյանցի հետ առնչությունները նոր չեն. նրա հետ մենք արդեն մի քանի տարի է` համագործակցում ենք։ Եվ այս աշխատանքները նրա ստեղծագործական ձեռագրի անբաժանելի մի մասն են, իսկ այն, ինչ նա կարողանում է այսպես ներկայացնել, պետք է համարել բարձր ճաշակի, բարձր արվեստի գործեր։ Այն թիֆլիսյան միջավայրը, որը մեզ է ներկայացնում նա, եւ՛ հայկական է, եւ՛ վրացական, եւ՛ համամարդկային։ Այդ միջավայրը մեր մեջ անցյալի նկատմամբ կարոտ է առաջացնում, հիշողությունների է մղում` դեպի թումանյանական աշխարհ։ Պատահական չէ, որ հենց թիֆլիսյան այս շարքը մեզ հուշում է, որ հենց Միկոյանցը կարող է ստեղծել շատ հետաքրքիր նմանօրինակ աշխատանքներ՝ «Թումանյանական ոտնահետքեր» թեմայով։ Թիֆլիսում, Դսեղում, թումանյանական վայրերում նա կարող է ստեղծել իր վրձնին բնորոշ պատկերներ։ Ես վստահ եմ` այս ցուցահանդեսը եւս մեկ հնարավորություն է, որ երեւանցիները հաղորդակցվեն մեր շատ տաղանդավոր հայրենակցի ստեղծագործություններին եւ ճանաչելով նրա ստեղծագործությունները` միաժամանակ ճանաչեն ու հասկանան հին ու նոր Թիֆլիսը։ Եվ սա նաեւ հնարավորություն կլինի` արվեստի շփումներ ստեղծելու հայ եւ վրացի գեղանկարիչների միջեւ, որ մեզ թույլ կտա միշտ բանուկ պահել հայ-վրացական արվեստի կապերը, փոխհամագործակցությունները եւ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումները», – մեզ հետ զրույցում նշեց Սերգո Երիցյանը:

ԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

«Առավոտ»

01.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930