Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՐԻԿՈՒՆ

Նոյեմբեր 02,2018 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ  ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներկուերորդ

ԱՄԵՆ ԻՐԻԿՈՒՆ

Մինչ վերջին պարբերությունս էի գրում, իմ ու ձեր կյանքից մի օր էլ անցավ, եւ էս մի օրվա ընթացքում մի բան տեղի ունեցավ, որ առ էսօր տեղի չէր ունեցել. մեր ազգային դրամը մի օրվա մեջ  դոլարի  նկատմամբ կտրուկ արժեւորվեց՝ 580-ից հասնելով 430-ի, բայց դրամի էս աննախադեպ վերելքն էնքան անսպասելի, անբացատրելի ու անհասկանալի է, որ չգիտես՝ ուրախանա՞ս, թե տխրես, եւ դժվար թե ուրախանաս, որովհետեւ որպեսզի մի բանից ուրախանաս, նախ պիտի հասկանաս էդ բանը. եւ նույն պատճառով նաեւ տխրելն է բացառվում, որովհետեւ ինչպես ուրախությունը, տխրությունն էլ պիտի հիմք, պատճառ ու բացատրություն ունենա, որովհետեւ միայն հոգեկան հիվանդներն ու հոգեպես որոշակի շեղվածներն են անհիմն ու անտեղի ուրախանում կամ տխրում, բայց էս ասածս էլ վերջնական ճշմարտություն չի, որովհետեւ համարյա ամեն իրիկուն եմ հանդիպում անհիմն ու անտեղի ուրախացողների, ովքեր առանձնապես հոգեկան շեղումներ չունեն, եւ խոսքս վերաբերում է օրթախականներին, որոնց հետ վերջերս վերստին  համարյա ամեն իրիկուն եմ հանդիպում «Մարինո» սրճարանում, որը «Տրիումֆից» երկու քայլի վրա է՝ ձեռքերի արձանի մոտ, եւ օրթախականներն իրիկուններն այլեւս «Տրիումֆում» չեն հավաքվում, այլ միայն՝ «Մարինոյում», որովհետեւ «Տրիումֆի» համեմատ «Մարինոն» մի շարք առավելություններ ունի, եւ էդ առավելություններից երւուսն օրթախականների համար չափազանց կարեւոր են, եւ էդ երկուսից մեկը «Տրիումֆի» համեմատ «Մարինոյի» էժանությունն է, եւ չնայած մեր ազգային դրամի էս վերջին վայրիվերումների արդյունքում «Մարինոյում» սուրճը 200-ից դարձավ 300 դրամ, էլի էստեղ սուրճի, թեյի, ջրեղենի ու ամեն ինչի գները «Տրիումֆի» գներին չեն հասնում եւ «Տրիումֆի» համեմատ «Մարինոյի» հաջորդ ու օրթախականների համար ամենաէական առավելությունն էն է, որ, ի տարբերություն «Տրիումֆի», «Մարինոյում» օրթախականներն ազատորեն վիճելու ու գոռգոռալու անսահման հնարավորություն ունեն, որովհետեւ  օրթախականներն ամեն իրիկուն ութն անց կեսի կողմերը էստեղ իրար գլխի հավաքվելով՝ իրենց սուրճերի, թեյերի, ջրեղենի պատվերը նախապես են տալիս, եւ եթե Հարությունյան Հայկունին ներկա է լինում, բնականաբար վիսկիի պատվեր էլ է լինում, եւ վերջերս ամեն օր է վիսկիի պատվեր լինում, որովհետեւ վերջերս Հայկունին ամեն իրիկուն  է ներկա լինում, եւ քանի որ Հայկունին ամեն իրիկուն է ներկա լինում, ամեն իրիկուն Հայկունու քսանբալանոց սիստեմն ուշադրության ու քննակման առարկան է հանդիսանում, եւ դուք իմ շնորհիվ արդեն գիտեք, որ Հարությունյան Հայկունու քսանբալանոց համակարգի քննարկումը ոչ միայն համատարած աղմուկ ու գոռգոռոց է, այլեւ համատարած ուրախություն, եւ էդ ուրախությունը ձեզ հետ չկիսելն իմ  կողմից պարզապես անշնորհքություն կլինի, որովհետեւ նույնիսկ էս տարեմուտի օրերին մեր ուրախանալու առիթներն ու պատճառները շատ քիչ են:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930