Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի վարորդներ մեզ բողոքել են, որ այդ տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի տարածքում բնակիչների առանձնատներից հոսող կեղտաջրերը, Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի խաչմերուկում արտահոսելով, վնասում, քայքայում են միջպետական ավտոճանապարհի ասֆալտե ծածկը: Այդ խնդրի վերաբերյալ զրուցեցինք Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի հետ: Նա ասաց, որ սահմանամերձ գյուղի այդ հատվածում մի թաղամաս կոյուղագիծ չունի, այդ առաձնատների կոյուղաջրերը հոսում են միջպետական ավտոճանապարհ: Նրա խոսքով`հարկ է այդ թաղամասում կոյուղի կառուցել, հետո կոյուղագիծը մի տեղ անցկացնել միջպետական ավտոճանապարհով: Դրա համար ֆինանսական մեծ ծախս է պահանջվում:
Բաղանիսի վարչական ղեկավարը հույս հայտնեց, որ 2019 թվականին միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածը կհիմնանորոգվի, այդ ժամանակ բաղանիսցիները համախմբվելով՝ կլուծեն այդ թաղի կոյուղագծի կառուցման, այն միջպետական ավտոճանապարհի տակով անցկացնելու խնդիրը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ