Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ուժեր սարսափած են, որ «Սասնա ծռերը» մեծ հավանականությամբ հայտնվելու են ԱԺ-ում»․ Գևորգ Սաֆարյան

Նոյեմբեր 01,2018 20:58

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել էր  հաղորդագրություն՝  նշելով, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը շարունակում են ծառայել որպես քաղաքական հալածանքի գործիքներ։ Ըստ հաղորդագրության, այս երկու կառույցների ներկայացուցիչները Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Գյումրիում, Մարտունիում, Վանաձորում, Իջևանում փորձել են խափանել կուսակցության անդամների հանդիպումները քաղաքացիների հետ, հետապնդում են կուսակցականներին ու նրանց զրույցների հրավիրում։

Ըստ կուսակցության հաղորդագրության` հոկտեմբերի 28-ին Արթիկում քաղաքացիների հետ նախատեսված հանդիպումից առաջ էլ  ԱԱԾ տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները «Սասնա ծռերի» Արթիկի գրասենյակի պատասխանատուներից փորձել են ճշտել հանդիպման բնույթը, բովանդակությունը, նույնիսկ ԱԱԾ-ի աշխատակիցներից մեկն այս նպատակով այցելել է կուսակցականներից մեկի տուն։

Հանդիպման օրն էլ ԱԱԾ աշխատակիցն իր ավտոմեքենայով ցուցադրաբար կանգնել է կուսակցության գրասենյակի դիմաց՝ անթաքույց հետապնդելով ու փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել  հանդիպման մասնակիցներին։

Իսկ Ախուրյանում ԱԱԾ ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Գևորգյանը մոտեցել է «Սասնա ծռեր» կուսակցության աջակիցներին՝ հորդորելով հեռու մնալ կուսակցությունից։

«Քաղաքացիները տեղեկացրել են նաև, որ Արթուր Գևորգյանն այցելում  է կուսակցության աջակիցների աշխատավայրեր և փորձում է գործատուների միջոցով նույն նպատակով ճնշումներ գործադրել  նրանց նկատմամբ։ Ս.թ. հոկտեմբերի 31-ին Գյումրի քաղաքի ոստիկանության «Կումայրի «բաժնից զանգահարել են կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուներին ու փորձել են հետաքրքրվել գրասենյակի աշխատանքից, իսկ երբ գրասենյակի պատասխանատուն հարցրել է, թե ինչ նպատակով են տրվում այդ հարցերը, տվել են անհեթեթ բացատրություն և ավարտել խոսակցությունը»,-գրված է հաղորդագրության մեջ։

Aravot.am-ը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանից, որը մասնակցել էր Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանը,  հետաքրքվեց, թե ո՞րն է պատճառը «Սասնա ծռերին» հետապնդելու, այս կուսակցության՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրությո՞ւնը, թե՞ ուժային կառույցներն այլ մտավախություն ունեն։

«Իրենք այցելում են ոչ թե մտավախությամբ, այլ  ճնշումներ գործադրելու ցանկությամբ, նրանց գործողության նպատակը քաղաքացիներին ճնշելն է, որպեսզի քաղաքացիները «Սասնա ծռեր» կուսակցությունից հեռու մնան։ Որոշ ուժեր թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս շատ սարսափած են այն բանից, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը շատ լայն աջակցություն ունի ժողովրդի շրջանում և մեծ հավանականությամբ հայտնվելու է Ազգային ժողովում։ Հանդիպման ժամանակ ես առաջարկեցի, որ հրավիրեն ԱԱԾ Արթիկի տվյալ աշխատակցին, որովհետև որևէ գաղտնի բան չի քննարկվում, և առհասարակ մենք որևիցե գաղտնիք չունենք։ Եվ տվյալ ԱԱԾ աշխատակիցը կարող էր գտնվել մեր հանդիպմանը, մեր հանդիպումները բոլորը բաց են, և հանդիպումներում ներկա են գտնվում թե՛ մեր աջակիցները, և՛ թե մեզ անծանոթ մարդիկ, որոնք կարող են և ԱԱԾ աշխատակից լինել։  ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չունեն որևիցե խնդիր մեզանից տեղեկատվություն իմանալու, որովհետև տեղեկատվությունը բաց է, այդ գործողությունների նպատակը մեր աջակիցների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն է։  ԱԱԾ աշխատակցի ցուցադրական կանգնելը, հետապնդելը նպատակ ունի ցույց տալու, թե, այ, տեսեք ԱԱԾ-ն այստեղ ներկա է ։ Եվ հաշվի առնելով, որ մեր հասարակությունը նախկինից ժառանգություն է ստացել ԱԱԾ-ից և ոստիկանությունից վախենալու, նման մեթոդների են դիմում, որպեսզի մարդիկ վախենան։ Նրանք չեն հասկանում, մեր աջակիցներն էլ ակնհայտ ցույց են տվել, որ իրենցից ոչ մեկը չի վախենում։ Բազմիցս ապացուցել ենք, որ մենք ԱԱԾ-ից կամ ոստիկանությունից չենք վախենում։ Նոր Հայաստանում կիրառում են հին մեթոդներ։ Նրանք պիտի հասկանան, որ հին մեթոդները նաև հին Հայաստանում մեզ վրա չեն ազդել, բազմաթիվ սպառնալիքները, որոնք մենք ստացել ենք, մահափորձերը, դանակահարություները, դերզորները՝ մարտի մեկերից սկսած, ոչ մի նման գործողություն մեր վրա չի ազդել, մենք ոնց մեր ընթացքը ունեցել ենք, նորից շարունակելու ենք։  Ինչ խութեր էլ փորձեն ստեղծել մեր ճանապարհին, մեր ճանապարհը ոնց եղել է, այնպես էլ գնալու է, կփորձեն ճնշել մարդկանց, կհավաքագրեն, կփորձեն սադրել ու ինչ-որ մարդկանց մեր դեմ հանել, միևնույնն է, ոչինչ ստացվելու»,-ասաց մեր զրուցակիցը։

Մենք հետաքրքվեցինք նաև, թե ուժային կառույցների տեղի ներկայացուցիչների նմանօրինակ գործելաոճ դրսևորելու հարցով դիմե՞լ են արդյոք երկրի վարչապետին, ԱԱԾ պետին ու ոստիկանապետին։

«Մենք ԱԱԾ պետին ու ոստիկանապետին դիմելու խնդիր չունենք, քանի որ համակարգված գործողությունները ցույց են տալիս, որ այս ամենը տեղի է ունենում նրանց իմացությամբ և հրահանգով։ Իսկ վարչապետին, օգտագործելով ԶԼՄՆ-ների  ռեսուրսը, ևս մեկ անգամ դիմում ենք՝ նրանց պատժելու, այսպիսի մեթոդներից ձերբազատվելու, որովհետև մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ իրավապահ մարմիններն առհասարակ չեն խառնվում քաղաքական ուժերի գործերին, ուր մնաց քաղաքական ուժերի նկատմամբ փորձեն նմանատիպ հոգեբանական ճնշումներ գործադրել։ Մենք կոչ ենք անում վարչապետին անհապաղ ընթացք տալ մեր հայտարարությանը և պատժել այն մարդկանց, որոնք որ հրահանգում են, սա կազմակերպված գործողություն է, սա անհատների մտահղացումը չէ և անպայման պատժի ենթարկվեն թե՛ ԱԱԾ պետը, թ՛ե ոստիկանապետը նմանատիպ գործողություններ կատարելու համար»,-ասաց Գևորգ Սաֆարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930