Այրում համայնքի մաս կազմող Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի`Վրաստանին սահմանակից ամենահեռավոր գյուղն է, գտնվում է Նոյեմբերյան քաղաքից ավելի քան 30 կմ հեռավորությամբ: Շուրջ 700 բնակիչ ունեցող գյուղում ապրում են հիմնականում Ադրբեջանի Կուտկաշենի եւ Վարդաշենի շրջաններից 1988թ. հարկադիր վերաբնակվածները: Դեբեդավանում ոռոգման ջրի պակասություն է, սակայն առավել սուր է խմելու ջրի խնդիրը: Գյուղի կենտրոնում աղբյուր կա, որի մոտ միշտ հերթեր են: Այդ աղբյուրի ջուրը բերվել է Դեբեդավանի շրջակա սարից: Դեբեդավանին պոմպերով մատակարարվող խմելու ջուրն անորակ է, այն պիտանի չէ խմելու համար: Դեբեդավանցիները սպասում են, որ հաջորդ տարի «Վեոլիա ջուր» ընկերությունը Ստեփանավանի խմելու ջուրը կմատակարարի Դեբեդավան:
Դեբեդավանի բնակիչների համար խնդիր է Նոյեմբերյան քաղաքի հետ կապն ապահովելը: Դեբեդավանի վարչական ղեկավարն ասաց, որ Նոյեմբերյան-Դեբեդավան երթուղում հասարակական տրանսպորտ չի գործում, գործերով Նոյեմբերյան այցելելու համար սեփական ավտոմեքենա չունեցող դեբեդավանցիներն օգտվում են տաքսիների ծառայություններից: Դրա համար մի քանի հոգով 5000 դրամ են հավաքում, տաքսի վարձում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ