ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում եկող տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց բյուջեի նախագծում տեղ գտած ներդրումների աճի մասին կանխտեսումների մասին:
Մասնավորապես Հարությունյանը հարց ուղղեց. « Մի պահ վերանանք, թե այս տարվա ներդրումների աճը՝ 32.2% -ը, որ գործոնների արդյունք են: Մյուս տարի կանխատեսում ենք ներդրումների ընդամենը 6.1% աճ: Որո՞նք են այն գործոնները, որոնք էապես ազդելու են ներդրումների աճի վրա»:
Մինչ այս, նախարարի պաշտոնակատարը նշել էր, որ այս տարվա ապրիլ-մայիսի իրադարձությունները՝ հեղափոխությունը, դրական են ազդել ներդրումների իրական աճին, սակայն արդյունքները նույն պահին չեն երեւա: Հարությունյանը, նաեւ այս հայտարարությանն անդրադառնալով, հետաքրքրվեց՝ եթե այս տարի կանխատեսում են ՀՆԱ-ի 6.5% աճ, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դա արդյունք է նախկինում հարկային, ներդրումների խթանման ոլորտներում ընդունված ինստիտուցիոնալ որոշումների.«Արդյո՞ք այս տարվա ցուցանիշները ոչ այլ ինչ են, քան նախկինում տնտեսական քաղաքականության ոլորտում ընդունած որոշումների արդյունք»:
Ջանջուղազյանը ներկայացրեց ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2018-ին ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը սպասվում է, որ կլինի 23.3%, 2019-ին սպասվում է 23.6%.« Այս տարի սպասվում է, որ արտահանումը կլինի շուրջ 38.7%, 2019-ի համար՝41%: Խոսքը ՀՆԱ-արտահանում հարաբերակցության մասին է: Նախկին որոշումների հետեւա՞նք է, թե՞ ոչ՝ պիտի համաձայնվենք, որ այն որոշումները, որոնք լավն են, եւ չենք փոխել, եւ շարունակելու են գործել, դրանք ազդում են բոլոր իրադարձությունների վրա: Նրանք, որոնք փոփոխվել են կամ նոր որոշումներ են ընդունվել, դրանք էլ են ազդում, հետեւաբար տարանջատել նախկին ու ներկա, կարծում եմ, գործնականում հնարավոր չի լինի»:
Հարությունյանը նաեւ հետաքրքրվեց՝ կառավարման համակարգի աշխատակիցների նախատեսվող կրճատման արդյունքում արդյոք կլինի՞ քաղծառայողների աշխատավարձի աճ:
Ըստ Ջանջուղազյանի՝ տրամաբանորեն՝ այո, կլինի.«Որովհետեւ, եթե ունենք համակարգ, որը չի բավարարում կառավարման պահանջը, բայց խոսքը վերաբերում է կրճատման այն դեպքերին, երբ աշխատակիցը կարող է ամբողջ օրը զբաղված լինի, բայց դա որեւէ ազդեցություն չունենա վերջնական արդյունքի վրա: Եթե ավելի լավ կառավարում ենք ակնակալում, հնարավոր է, կարիք լինի որակյալ մասնագետների, եւ ուրեմն դա աշխատավարձի փոփոխության պետք է հանգեցնի»:
Ջանջուղազյանը վկայակոչեց հենց իրենց գերատեսչության օրինակը՝ «Խոսքը փող կրճատելուն չի վերաբերում: Ֆինանսների նախարարության օրինակը բերեմ՝ մենք մեր բնագավառում գնահատել ենք՝ 3,6 աշխատակցից մեկը ղեկավար է: Պիտի համաձայնվենք, որ սա ամենարդյունավետ կառավարման մեթոդը չէ: Մեր կարծիքով՝ եթե 8-9-ից մեկը ղեկավար լինի, ապա 20 տոկոսով տեղ ենք ունենում լրացուցիչ վարձատրության: Սա միակ եղանակը չէ: Օրինակ՝ մենք մեր ՓԲԸ-ները, ՊՈԱԿ-ները լուծարել ենք»:
Խոսրով Հարությունյանը համաձայնեց Ջանջուղազյանի բերած օրինակների հետ, նշելով, որ 1 ղեկավարը գործնականորեն 8-9 աշխատակցի հետ է արդյունավետ աշխատում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ